
Անմեղության շարժումը համախմբել է 14 պետությունների. միանում է նաև Հայաստանը
Դատավորները մարդիկ են, և, անշուշտ, սխալական: Իսկ դատական սխալները հատկապես անդառնալի են, երբ քաղաքացին դատապարտվում է պատժի առավելագույն չափի: Իրավական զարգացած համակարգ ունեցող պետություններում ընդունում են դատական ճակատագրական սխալների հավանականությունը և ստեղծում դրանք շտկելու նոր գործիքներ: Նման գործիքներից մեկն էլ աշխարհում լայն թափ ստացած անմեղության շարժումն է:
«Անմեղության հայկական ծրագիրը» կդառնա «Անմեղության եվրոպական ցանցի» անդամ
Ամերիկայում 1990-ականների սկզբին ծնունդ առած դատական ճակատագրական սխալների բացահայտմամբ ու շտկմամբ զբաղվող Անմեղության շարժումը եվրոպականացվում է: Այս տարվա հունիսին Պրահայում հավաքվեցին Եվրոպայի 14 պետությունների (Չեխիա, Հոլանդիա, Լեհաստան, Հունաստան, Շվեյցարիա, Անգլիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Հայաստան, Գերմանիա, Իսրայել, Նորվեգիա, Ավստրիա) ներակյացուցիչներ՝ մասնակցելու «Անմեղության եվրոպական ցանցի» առաջին կոնֆերանսին: Մեր պետությունը ներկայացված էր Զարուհի Մուրադյանի և իմ կողմից 2013-ին հիմնադրված «Անմեղության հայկական ծրագիր» կազմակերպության միջոցով: Նախկին Խորհրդային միության երկրներից միայն Հայաստանն էր ներկայացված միջազգային կոնֆերանսին:
![]() |
«Անմեղության եվրոպական ցանցի» առաջին կոնֆերանսից |
Աշնանը Իտալիայում 14 պետությունների կողմից կստորագրվի նորաստեղծ «Անմեղության եվրոպական ցանցի» անդամության փաստաթուղթը: Գործնականում այս ցանցին միանալը անդամ պետությունների, այդ թվում և մեզ համար նոր հնարավորություններ, նոր մակարդակ կբերի դատական սխալների վերհանման, ուղղման, կանխման հարցերում:
Կոնֆերանսը հրավիրվել էր Չեխիայի խորհրդարանում, ինչը, ըստ Չեխիայի «Անմեղության ծրագրի» ղեկավար, ԴՆԹ փորձագետ Դանիել Վանեկի, վկայում է այն մասին, որ Չեխիայում պետական մարմինները կարևորում են արդար դատաքննության հասնելու նոր, գիտական մեթոդների ներգրավումն ու կիրառումը: Դրա մասին էր վկայում նաև այն, որ կոնֆերանսին ելույթ ունեցան նաև Ներքին գործերի նախարարության և ոստիկանության պաշտոնյաները:
Այսօր դեռ դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանում հնարավոր է դատական սխալներով զբաղվող կազմակերպությունների միջազգային կոնֆերանս անցկացնել Ազգային ժողովի շենքում, ուր կմասնակցեն նաև պետական համապատասխան մարմինների պաշտոնյաներ: Նոր ժողովրդավարացող պետություններում դատաիրավական համակարգը, իհարկե նաև քաղաքական իշխանությունն ակտիվ հակազդում է դատական սխալների վերհանման գործին: Արդար դատաքննության իրագործման պայքարի ակունքներում այդպիսի հակազդեցություն եղել է գրեթե բոլոր երկրներում: Դա է պատճառը, որ հասարակություններն իրենց վրա են վերցրել դատական սխալների մասին բարձրաձայնելու, դրանց ուղղմանը նպաստելու ֆունկցիան: Այլ կերպ, քաղաքացիները հենց իրենք են մշակել իրենց հասարակության անօրեն բանտված անդամին հետ կանչելու մեխանիզմը: Անմեղության շարժումը հիմնված է հենց այդ գաղափարների վրա՝ իրազեկում, կրթում, անմեղ դատվածների ազատում, օրենսդրական փոփոխություններ, գիտության նվաճմամբ նոր փորձաքննություններ:
Աշխարհում գործում է մոտ 80 «Անմեղության ծրագիր»
«Անմեղության ծրագիրը» սկիզբ է առել 1992-ին՝ ԱՄՆ-ում երկու գենետիկների՝ Բարրի Շեքի և Փիթր Նյուֆելդի կողմից: Նրանք պարզապես մամուլում կարդացել էին մի դատապարտյալի մասին, ով անընդմեջ կրկնում էր նույնը՝ ես անմեղ եմ: Եվ ԴՆԹ թեստը տարիներ անց ապացուցեց նրա անմեղությունը:
![]() |
Բարրի Շեքն ու Փիթր Նյուֆելդը |
Այդ մարդը ԱՄՆ քաղաքացի Քըրք Բլուդսվորթն էր, որը 1985 թ.-ին` 22 տարեկանում, դատապարտվել էր մահապատժի, իսկ 8 տարի անց` 1993 թ.-ին դարձավ առաջինն աշխարհում, ով արդարացվեց իրեղեն ապացույցների ու ԴՆԹ փորձաքննության շնորհիվ: Իրական հանցագործին գտել էին միայն 10 տարի անց: «Եթե դա եղավ ինձ հետ, կարող է լինել նաև յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա: Ավելի քան 20 տարի նա պայքարում է անմեղ մարդկանց բանտարկությունից փրկելու համար:
![]() |
Քըրք Բլուդսվորթը |
Այսօր աշխարհում գործում է մոտ 80 «Անմեղության ծրագիր», միայն Անգլիայում՝ 36-ը կա: Այդ ծրագրերից 69-ը միացել են «Անմեղության գլոբալ ցանցին», որը ստեղծվել է 2005 թ.-ին: Այդ տարի ցանցին միացել է 15 հասարակական կազմակերպություն: Չափորոշիչներն ու նպատակները նույնն են՝ արդարացման դատավճռով ազատություն բերել անմեղ դատվածներին և դա անել անվճար:
ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանի ռեեստրում արխիվացվող տեղեկատվության համաձայն, 1989 թ.-ից սկսած ԱՄՆ-ում ծանրագույն հանցանքների մեջ մեղադրված 1800 անմեղ քաղաքացի է վերադարձել ազատություն, որոնցից 340-ն արդարացվել է տասնյակ տարիներ անց իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ կատարված գենետիկական` ԴՆԹ թեստերի արդյունքներով:
Պրոֆեսոր Ջասթին Բրուքս. «Սա նվիրյալների գործ է, արվում է անվճար»
Հարյուր-հազարավոր քրեական գործերի վրա տարիներով կամավոր աշխատում են իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ, փաստաբաններ: Պատահական չէ, որ անմեղության շարժումը սկիզբ է առել ու զարգացել համալսարանների իրավաբանական ֆակուլտետներին կից:
![]() |
Պրոֆեսոր Ջասթին Բրուքս |
«Կալիֆորնիա Անմեղության ծրագրի» ղեկավար, քրեական իրավունքի պրոֆեսոր Ջասթին Բրուքսը Պրահայում կայացած կոնֆերանսի ժամանակ նշեց, որ անմեղ դատապարտյալներին ներկայացնելը նվիրյալների գործ է, ամեն ինչ արվում է անվճար. «Դու ձայն ես տալիս մարդկանց, որոնց ձայնը տարիներով լսելի չի եղել»,- ասում էր պրոֆեսորը՝ նշելով, որ, օրինակ, Պուերտո Ռիկոյում համանուն կազմակերպությունը ղեկավարում է վավերագրող ռեժիսոր, որը հետաքննական ֆիլմեր է նկարահանում բանտում հայտնված, սակայն իրենց գործերի վերաբացման համար պայքարող քաղաքացիների մասին:
«Իտալիայի Անմեղության ծրագրից» Մարթինա Կագոսին էլ նշեց, որ շատ կարևոր է համագործակցությունը պետական համակարգերի հետ. «Սկզբում պետությունը կարող է թղթի վրա դեռ չընդունել դատական սխալը, բայց աշխատանքը իշխանության հետ ամենակարևորներից է»:
Առանց իրեղեն ապացույցների պահպանման դժվար է հասնել դատավճռի բեկանման
Միջազգային կոնֆերանսի ժամանակ տեղեկացա, որ Լեհաստանում, ինչպես նաև Հայաստանում օրինական ուժի մեջ մտած դատավճիռներից հետո իրեղեն ապացույցները (օրինակ՝ սպանության գործիք, արյան հետքեր, մազեր և այլն) ոչնչացվում են: Սակայն մեր պետությունը մի քայլ առաջ է Լեհաստանից, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում ամրագրվեց 100 հոդվածի 2-րդ կետը, որով արգելվում է իրեղեն ապացույցների ոչնչացումը կյանքի և առողջության դեմ ուղղված գործերով: Չնայած, քանի դեռ օրենսգիրքը չի հասատվել ԱԺ-ի կողմից, իրեղեն ապացույցները շարունակում են ոչնչացնել: Այնինչ, այդ ապացույցների պահպանման շնորհիվ է նաև, որ շատ պետություններում ԴՆԹ փորձաքննություններն ապացուցում են 20-30 տարի առաջ դատապարտվածներից շատերի անմեղությունը և արդարացման հիմք տալիս:
Բարրի Շեքի ու Փիթր Նյուֆելդի լուսանկարները՝ truejustice.org-ի
Քարտեզը՝ innocencenetwork.org-ի
Մեկնաբանել