HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կունենա ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք

Գեները չեն ստում

1912թ. ԱՄՆ-ում ձկնորսության ժամանակ կորել էր մեծահարուստ Դամբերների 4-ամյա տղան՝ Բոբբի Դամբերը: 8 ամիս անց ոստիկանությունը գտել էր Բրյուս Անդերսոն անունով մի երեխայի, ով արտաքին տվյալներով նման էր կորած երեխային: Անդերսոնները պնդում էին, որ նա իրենց երեխան է, իսկ Դամբերներն ասում էին՝ իրենց կորած տղան է: Ի վերջո, ամերիկյան դատարանը որոշում է կայացրել հօգուտ Դամբերների՝ հիմնվելով սխալ վկայությունների վրա (երեխան մեծացել է Դամբերների ընտանիքում, կազմել իր ընտանիքը, մահացել 1966թ.): Գրականության մեջ կա վկայություն այն մասին, որ Անդերսոնները աղքատ են եղել և անգամ չեն կարողացել փաստաբան վարձել: Այդպիսով՝ Անդերսոն ավագին բանտ են նստեցրել՝ մեղադրելով ուրիշի երեխայի առևանգման մեջ, սակայն նա մինչև կյանքի վերջ պնդել է, որ երեխան Դամբերներինը չէ:

100 տարի անց ԴՆԹ փորձաքննությունների ի հայտ գալով՝ Դամբերների ընտանիքը որոշել է վերջ դնել այդ պատմությանը՝ կասկածի տակ առնելով 1912թ. դատական ակտը: Պարզվել է, որ Բոբբի Դամբերի թոռնուհու ԴՆԹ-ն չի պատկանում Դամբերներին, փոխարենը այն վկայել է Անդերսոնների հետ ունեցած ազգակցական կապի մասին:   

Որպեսզի չպատժվեն անմեղները

«Քրեագիտության 100 տարին» գրքում դատական ճակատագրական սխալների հարյուրավոր դեպքեր են նկարագրված, երբ դատապարտվել են անմեղները, իսկ ազատության մեջ մնացել՝ մեղավորները: Մինչ օրս անգամ պարբերաբար ինքնակատարելագործվող դատաիրավական համակարգ ունեցող պետություններում դատարանները չեն կարողանում խուսափել դատական սխալներից: Այդ սխալներն առավել ճակատագրական են, երբ խոսքը երկարատև ու ցմահ ազատազրկվածների, նաև` մահապատժի դատապարտվածների մասին է:

Ամբողջ աշխարհում արդեն 2 դար մասնագետները կասկածի տակ են դնում հանցագործությունների բացահայտման գործում անձանց ցուցմունքների հավաստիությունը: ԱՄՆ ԳԱԱ կողմից վերջերս կատարված ուսումնասիրության մեջ նշված է, որ մարդկանց աչքերը երբևէ չեն կարող ծառայել որպես տեսախցիկ կամ ֆոտոխցիկ, իսկ ականջները՝ որպես ձայնագրիչ, քանի որ կան բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ՝ հիշողություն, անձնական շահագրգռվածություն գործի ելքով և այլն: Փոխարենը գիտական հետազոտություններն արտացոլում են օբյեկտիվ պատկեր: Մարդկությունը գիտության զարգացմամբ փնտրում է նոր գործիքներ հանցագործի նույնականացումը անսխալ կատարելու համար: ԴՆԹ թեստերի արդյունքներով ԱՄՆ-ում վերաբացված քրեական գործերով պարզվել է, որ 318 դեպքից 229-ի պարագայում անձը դատապարտվել է մահապատժի կամ երկարատև ազատազրկման` սխալ վկայության հետևանքով: Փոխարենը` իրական հանցագործին վկաները մատնանշել են միայն 90 դեպքով:

Հեղափոխություն քրեագիտության մեջ 

Այնպես, ինչպես 1880-ականներին քրեագիտության մեջ հեղափոխություն կատարեց մատնահետքաբանական փորձաքննությունը, այնպես էլ 100 տարի անց՝ 1980-ականներին, ԴՆԹ թեստերը դարձան գիտության վերջին խոսքը հանցագործություն կատարած անձի նույնականացման հարցում:

ԴՆԹ տիպավորումը զարգացրել է բրիտանացի գենետիկ Ալեք Ջեֆերեյսը 1986թ.: Փորձ կատարելիս նա պատահական տեսել է, որ տարբեր մարդկանց պատկանող գենետիկական նմուշներում կրկնվող հաջորդականությունները տարբեր են: Նրա հայտնագործությունից հետո Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունը գիտնականին հրավիրել է ու պատվիրել զարգացնել հետազոտությունները՝ այն կիրառելով ներգաղթյալների վրա, ովքեր սովորաբար վկայում էին, որ այս կամ այն անգլիացու ազգականն են:

ԴՆԹ թեստերի կիրառումը՝ արյան, մաշկի, թքի ու մազերի նմուշներով անձանց նույնականացումը, թույլ է տվել աշխարհում վերանայել հարյուրավոր դատական գործեր։ Միայն ԱՄՆ-ում իրեղեն ապացույցների պահպանման ԴՆԹ թեստի միջոցով ազատություն է վերադարձել 326 երկարատև ու ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացի: Այն ժամանակ, երբ անմեղ մարդիկ պատիժ են կրել, իրական հանցագործներն ազատության մեջ կատարել են ևս 98 հանցագործություն: Հետևաբար, գենետիկական փորձաքննություններն այսօր ամբողջ աշխարհում համարվում են փորձաքննություններից ամենաարժեքավորը:

Տվյալների բազա կամ ԴՆԹ պրոֆիլներն աշխարհում

Առաջինը Կանադայում է ընդունվել ԴՆԹ նույնականացման մասին իրավական ակտը՝ որպես կառավարական ակտ:

1995թ. ձևավորվել է Մեծ Բրիտանիայի գենետիկական նմուշների տեղեկատվական բազան: Այն աշխարհում ամենամեծն է, 2008թ. տվյալներով պարունակում է 4 միլիոն ԴՆԹ պրոֆիլ: Նմուշները վերցրել են ոչ միայն դատապարտյալներից, այլև կասկածյալներից:

Իսլանդիայում, օրինակ, պետության յուրաքանչյուր բնակչի գենետիկական տվյալը պահվում է տեղեկատվական բազայում՝ մոտ 300.000 մարդու գենոտիպ:

ԱՄՆ-ում կա գենոտիպերի պահպանման տվյալների ազգային բազա, որտեղ 2013թ. դրությամբ պահպանվում է ավելի քան 10 մլն մարդու և 493,500 դատական փորձաքննությունների ԴՆԹ-պրոֆիլներ:

Ռուսաստանում 2008թ. Դուման ընդունել է գենետիկական հաշվառման մասին օրենքը, որին հետևել է ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտվածների գենետիկական տվյալների պահպանումը:

Այդ տվյալների պահպանումը կատարվում է հատուկ ծրագրերի միջոցով: ԱՄՆ-ում գործում է CODIS (Combined DNA Index System) համակարգը, որը թույլ է տալիս որոնման լայն հնարավորություններ կատարել:

Հայաստանում գենոտիպերի տեղեկատվական բազա չկա

Մեր երկրում գենոտիպերի տվյալների բազա դեռ չկա, բնականաբար, դեռ օրենք չկա մարդկանց գենետիկական նմուշների հաշվառման մասին: Այս հարցը բարձրացրել էր «Հետքի» բանտային թղթակից, ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը՝ հարցազրույց վարելով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ, ով պատրաստակամություն էր հայտնել ուսումնասիրել օրենսդրական դաշտն ու խնդիրը:  

Մեր տարածաշրջանում ԴՆԹ պրոֆիլների բազա ունի Վրաստանը: Այս մասին պատմեց կենսաբանական գիտությունների թեկնածու, գենետիկ Աննա Հովհաննիսյանը, ով վերջին տարիներին վերապատրաստում է անցել Վրաստանում: Աննա Հովհաննիսյանը նաև հավաստիացրեց, որ Վրաստանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտից հետո ևս իրեղեն ապացույցները ենթակա են պահպանման:

«Տարիներ կտևի, մինչև մենք կարողանանք ստեղծել տեղեկատվական բազա՝ իր որոնողական ցանցով, որը համադրելի պիտի լինի համաշխարհային տեղեկատվական բազաների հետ: CODIS ծրագրի մաս պիտի դառնանք»,- մեզ հետ զրույցում ասաց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Հայաստանը առաջատարը չէ հետսովետական երկրներում 

«Հարցը շատ արդիական է, և պետք է օգտագործել գիտության նվաճումները, մասնավորապես էքսպերտոլոգիայի բնագավառում, ավելի կոնկրետ` մոլեկուլյար կենսաբանության և նանոտեխնոլոգիաների, որպեսզի կարողանանք դատագենետիկական փորձաքննությունների միջոցով հասնել հանցագործություն կատարած անձի ճշգրիտ նույնականացմանը»,- նշեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Փորձաքննությունների ազգային բյուրոյում այժմ կայացման փուլում է ԴՆԹ փորձաքննությունների բաժինը: Սարքավորումների մեծ մասը ձեռք է բերված, կազմակերպչական աշխատանքները 90 տոկոսով ավարտված են: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը: ԴՆԹ փորձաքննությունների այս բաժինը կլինի տարածաշրջանում միակը, որտեղ կկիրառվի ԴՆԹ թեստերի նորագույն մեթոդը՝ հաջորդ սերնդի սեկվենավորումը:

Նոր ձևավորվող բաժնի ղեկավար Աննա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամբողջ աշխարհում զարգացում է ապրել ԴՆԹ փորձաքննությունների կիրառման մեթոդիկան: Նախկինում կարողանում էին անձի նույնականացումը կատարել ավելի երկար հաջորդականություններով, հետո` ավելի կարճ: «Դեռևս 1990-ականներին ԴՆԹ-պրոֆիլների վերծանման համար կիրառվող գել-էլեյտրոֆորեզի մեթոդը սկսեց փոխարինվել մազանոթային սեկվենավորման համակարգով, քանի որ առաջինն ուներ սահմանափակումներ, հաճախ տեխնիկական խնդիրների հետևանքով` արդյունքների մեկնաբանման բարդություններ: Արդեն 10 տարի է՝զարգացած աշխարհում չի կիրառվում այդ մեթոդը: Ավելին, ներկայումս ամբողջ աշխարհում միտում կա անցնելու հաջորդ սերնդի սեկվենավորման համակարգերին, ինչը մի քանի անգամ արագացնում է և օպտիմալացնում է գործընթացը»,-ասաց գենետիկը՝ ընդգծելով, որ ցավոք, այս առումով Հայաստանը առաջատարը չէ հետսովետական երկրներում, բայց մեր վիճակը, նրա կարծիքով, այդքան էլ տխուր չէ:

«Ղազախստանում, Տաջիկստանում չկա հաջորդ սերնդի սեկվենատոր: Ռուսաստանում մեկ հատ կա: Վրաստանը ևս չունի հաջորդ սերնդի սեկվենատոր, չնայած արդեն մի քանի տարի մազանոթային սեկվենավորման մեթոդով կատարվում են ԴՆԹ փորձաքննություններ: Հաջորդ սերնդի սեկվենավորման համակարգով մենք առաջատար ենք համարվում տարածաշրջանում: Մեզ հաջողվեց ձեռքբերել այդ սարքը պետության կողմից տրված դրամաշնորհի և երկու կազմակերպությունների՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի համաֆինանսավորման միջոցով»,-նշեց Աննա Հովհաննիսյանը:

Գենետիկական փորձաքննություններով անձի նույնականացման արժանահավատությունը նախկինում 99,9 տոկոս էր, իսկ հիմա՝ հաջորդ սերնդի սարքավորման միջոցով այն դարձել է 99, 999999 տոկոս: Գենետիկը պարզաբանեց, որ ստորակետից հետո մեկ 9-ի պակասը վկայում է այն մասին, որ հնարավոր է ամբողջ աշխարհում լինի մեկ մարդ, ով կհամընկնի այդ գենետիական պրոֆիլով: «Շատ կարևոր է հավաստիության այդ տոկոսը, և նոր սարքը տալիս է այդ հավաստիությունը»,-ասաց նա:

Ի՞նչ կարժենա մեկ ԴՆԹ փորձաքննությունը

Վրաստանում և ՌԴ-ում ԴՆԹ մեկ փորձաքննությունն արժե 800-1000 ԱՄՆ դոլար` կախված սարքերից, նյութերի ինքնարժեքից և այլն: Փորձաքննությունների ազգային բյուրոյում հավաստիացնում են, որ այդ գումարից չի անցնի իրենց մոտ կատարվելիք դատագենետիկական փորձաքննությունը:

Հին գործերով իրեղեն ապացույցները Հայաստանում ոչնչացված են  

ԴՆԹ փորձաքննությունները կարող են արվել միայն այն դեպքում, երբ կան իրեղեն ապացույցներ: Իսկ ի՞նչ անել այն դեպքերում, երբ դատապարտյալը տասնյակ տարիներ պնդում է, որ անմեղ է, սակայն քրեական գործերով իրեղեն ապացույցները չեն պահպանվել: Այդպես է, օրինակ, Հայաստանում: Անգամ նորանկախ Հայաստանում՝ 1990-ականներին, որոշ գործերով չեն նշանակվել մատնահետքաբանական, դատահոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ, չնայած խոսքը գնում է առավելապես ծանր հանցագործությունների մասին: Աշխարհի քրեագիտական կենտրոններին ուղղված իմ հարցումների պատասխանները նույնաբովոնդակ էին. «Հին քրեական գործերով կրկնակի փորձաքննություններ կարող ենք անել միայն իրեղեն ապացույցների հիմքի վրա՝ ԴՆԹ թեստերով»: Ինչպես նշեց գենետիկ Հովհաննիսյանը՝ եթե չկա փորձաքննության օբյեկտ, ուրեմն չի կարող լինել նաև փորձաքննություն:

Մեր լուսաբանումների արդյունքում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում սահմանվել է նոր դրույթ՝ 100-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի` կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման: Սակայն, քանի դեռ օրենսգիրքը չի ընդունվել, իրեղեն ապացույցները դեռ իներցիայով ոչնչացվում են մեր երկրում: Թե քանի քաղաքացու կարելի էր փրկել սխալ դատապարտումից այս ընթացքում, եթե պահպանվեին իրեղեն ապացույցները, մնում է միայն ենթադրել:

Ունի՞, արդյոք, Հայաստանը անհրաժեշտ կադրեր

Ընդամենը 2011թ. Երևանի Բժշկական համալսարանում բացվել է բժշկական գենետիկայի ամբիոն: Փաստորեն, դեռ չունենք բժիշկ-գենետիկ շրջանավարտներ: Մի քանի էնտուզիաստներ կան, որոնք շնորհիվ հետբուհական կրթության ու վերապատրաստումների՝ լրացնում են բաց ոլորտը: Օրինակ՝ Աննա Հովհաննիսյանը վերապատրաստվել է Իտալիայում, Շոտլանդիայում, Դանիայում և այլ պետություններում: Ասում է, որ եվրոպական երկրներում մնալու, աշխատելու գայթակղությունը մեծ է, քանի որ այնտեղ կան լայն հնարավորություններ, սակայն հայրենիքում անելիք շատ կա:

Աննա Հովհաննիսյանը նշեց, որ գենետիկայի բնագավառում հիմնականում աշխատում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի շրջանավարտները, որոնք ավարտելուց հետո դեռ երկար ժամանակ վերապատրաստումներ են անցնում:

«Երբ տեսնենք, որ տաղանդավոր բակալավրներ կան, կարող ենք խոսել նաև իրավաբանական ֆակուլտետի հետ համատեղ մագիստրոսական ծրագիր կազմակերպելու մասին: Եվ որպես հետագա քայլ կարելի է ստեղծել քրեագիտական գենետիկայի ամբիոն: Ուրախ կլինենք հետագայում համագործակցել Ձեր թերթի բանտային թղթակցի հետ, քանի որ հետաքրքիր գաղափարներ է հուշում՝ լինելով իրավաբանական ֆակուլտետի ուսանող»,-նշեց բյուրոյի տնօրենը:

Հատուկ ձեռնարկներ քննիչների համար

Մենք եղանք նոր ձևավորվող լաբորատորիայում: Աննա Հովհաննիսյանը պատմեց, որ նմուշը՝ արյուն, թուք, սպերմայի հետքեր, մազարմատով մազ, մաշկի նմուշ, ոսկորներ, մկաններ բերվելու են այստեղ՝ բաժին, ապա կկատարվի ԴՆԹ փորձաքննություն: Բաժնի ղեկավարը տպագրության է պատրաստում ձեռնարկ նախաքննական մարմինների համար, քանի որ եթե նմուշը ճիշտ չվերցնի քննիչը կամ փորձագետը, ճշգրիտ արդյունքի հասնելը դժվար է: «Նմուշը պետք է վերցնել հատուկ պարագաներով (ֆիլտրի թուղթ, ստերիլ ձողիկներ, ստերիլ թանզիֆ) և դնել հատուկ թղթե ծրարներների մեջ: Շատ արագ և հեշտ եղանակ է հանդիսանում ստերիլ բամբակյա ծայրով փայտիկներով այտի ներքին մակերեսից բերանի լորձաթաղանթի նմուշառումը: Քննիչները պետք է ունենան այդ պարագաներն իրենց պայուսակում»,- ասում է գենետիկը: Նմուշները պետք է վերցնեն նաև պոլիպրոպինելային սրվակների մեջ:

«Շատ հաճախ իրեղեն ապացույց հանդիսացող ցեխոտ, խոնավ, թաց շորերը կամ պարագաները վերցվում և փաթեթավորվում են ցելոֆանե տոպրակների մեջ, ինչը հակացուցված է կենսաբանական նմուշների դեպքում, որոնք որակապես փոփոխվում են: Եթե ուզում ենք ունենալ ճիշտ և լիարժեք արդյունք, պետք է աշխատենք նաև քննիչների հետ: Քննչական մարմինների աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն և տիրապետեն կենսաբանական նմուշի ճիշտ վերցման, պահպանման և տեղափոխման պայմաններին»,-ասաց բաժնի ղեկավարը:  

Պարբերաբար լինելով դատարաններում և ծանոթանալով ընթացիկ ու նաև ավարտված քրեական գործերի նյութերին` «Հետքը» նկատել է, որ իրեղեն ապացույցները դատարան են ներկայացվում տարբեր գրություններով` պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված: Իսկ նման դեպքում դրանց փչանալը օրերի խնդիր է: 

Նախաքննական մարմինները բոլոր անհրաժեշտ դեպքերում չէ, որ նշանակում են դատագենետիկական փորձաքննություններ

Հայաստանում գենետիկական փորձաքննություններ կատարվում են Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, որտեղ 2000թ. հիմնադրվել է դատական գենետիկայի փորձաքննությունների բաժինը: Տարվա ընթացքում բաժնում իրականացվում են  270-ից ավելի գենետիկական փորձաքննություններ:

ԴՆԹ թեստերը ապացուցում են ամենակարևորը՝ մարդու անմեղությունը կամ մեղավորությունը, այսինքն՝ բացահայտում հանցագործությունը կատարած անձին՝ գործերի բացահայտման ճշգրտությունը բարձրացնելով 5-6 անգամ: Սակայն, նախաքննական մարմինները բոլոր անհրաժեշտ դեպքերում չէ, որ նշանակում են ԴՆԹ փորձաքննություններ:

Օրինակ, ուսումնասիրելով 2011թ. սպանության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Շահզադյանի գործը` այդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչու չէր նշանակվել գենետիկական փորձաքննություն: Միայն ԴՆԹ թեստ անելով՝ հնարավոր էր պարզել՝ արդյոք թուքը, մազերը պատկանում են Շահզադյանի՞ն, թե՞ այլ մարդու: Մեղադրանքի հիմքում դրվել են նաև դիակի վրա հայտնաբերված 7 մազերից հինգի փորձաքննության արդյունքները, որոնք, ըստ փորձագետի, նմանություն ունեն Շահզադյանի նախաբազկի ու կրծքավանդակի մազերի հետ: Սակայն մազերի նույնականությունը դարձյալ հնարավոր կլիներ պարզել միայն ԴՆԹ թեստով, ինչը չի արվել 2011թ. քրեական գործով: Դատավճռի հիմքում չի դրվել մատնադրոշմային փորձաքննության արդյունքը, ըստ որի` սպանության վայրից վերցված մատնահետքերում առկա չեն եղել Աշոտին պատկանող մատնահետքեր: Իսկ այժմ իրեղեն ապացույցները ոչնչացված են:

Դատաիրավական համակարգի համար առաջնահերթ պետք է լինի իրական հանցագործի նույնականացումը

Գիտության զարգացմամբ ստեղծված նոր գործիքներ ունենալը, դրանք հանցագործությունների բացահայտման նպատակով կիրառելը, միևնույն է, կախված է մարդկային գործոնից: Անհրաժեշտ է, որպեսզի դատաիրավական համակարգի համար իսկապես առաջնահերթ լինի իրական հանցագործի նույնականացումը ցանկացած քրեական գործով:

Օրենսդրական առաջարկներ

1.Կյանքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում առաջարկում ենք քրեական դատավարության օրենսգրքում պարտադիր դարձնել գենետիկական փորձաքննությունը:

2. Իրեղեն ապացույցների պահպանման դրույթը ընդունել օր առաջ: Քանի դեռ օրենսդիրը հապաղում է, շարունակվում է իրեղեն ապացույցների ոչնչացումը:

3. Մշակել և ընդունել գենետիկական հաշվառման մասին օրենքը, որը թույլ կտա ստեղծել տվյալների բազա:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Geneticist
Dear Anna, which type of Next Generation Sequencing instrument you have?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter