HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր առաջարկություններից երկուսն իրականություն են դառնում

Մեկ տարի անընդմեջ «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարում բարձրացնում ենք քրեական արդարադատության ոլորտում արմատական փոփոխություններ բերող երեք հարց, որոնցից երկուսի հետ կապված դրական տեղաշարժ ունենք.

1. իրեղեն ապացույցների պահպանում,

2. ԴՆԹ թեստի լաբորատորիայի հիմնում,

3. 1990-ականների կասկածելի քրեական գործերի վերաբացման հնարավորություն

Արձանագրում ենք, որ առաջին երկու հարցի առնչությամբ որոշում կայացնողները լսել են մեր ձայնը:

Այսպես՝ մեր առաջարկով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում սահմանվել է նոր դրույթ՝ 100-րդ հոդվածի 2-րդ կետ, ըստ որի` կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման: Մինչ այս իրեղեն ապացույցները ոչնչացվում էին: Հին քրեական գործերով դրանք պահպանված չեն: Գործերի վերաբացման հնարավորություններ գործնականում չկան: Այնինչ զարգացած աշխարհում շնորհիվ այդ ապացույցների պահպանման անգամ 30 տարի անց գործեր են վերաբացվում, մարդիկ ճանաչվում են անմեղ շնորհիվ ԴՆԹ թեստերի:

«Կարծես, թե այդ ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիան մենք կարողանում ենք փետրվար-մարտ ամիսներին ունենալ: Հենց ծանր հանցագործությունների բացահայտման հետ կապված կունենանք դրական տեղաշարժ: Անմեղ մարդիկ այս կամ այն ապացուցողական գործողությունների արդյունքում չեն հայտնվի բանտերում, հանցագործին նույնականացնելու առումով 90-95 տոկոս ճշտություն կլինի»,- այս մեջբերումը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հարցազրույցից է՝ տրված «Հետքի» բանտային թղթակից Մհեր Ենոքյանին:  

Այն, որ ԴՆԹ թեստի լաբորատորիան իրականություն կդառնա, որի անհրաժեշտության մասին երկար ժամանակ է բարձրաձայնում ենք, ուրախալի փաստ է: Փաստորեն պետությունը՝ ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների, տեսնում է հանցագործությունների բացահայտմանն ուղղված այս ժամանակակից գործիքի ներդրման անհրաժեշտությունը մեր երկրում՝ դրանով չբացառելով նաև, որ դատական սխալները հնարավոր են: Սակայն հին քրեական գործերի վերաբացման հնարավորության առումով պետական համակարգը դեռ անդրդվելի է: Երկու գործով՝ 1995 և 1997 թթ.-ին քննված, «Հետքը» դիմեց գլխավոր դատախազություն, որպեսզի նոր երևան եկած հանգամանքներով վերաբացման վարույթ սկսվի: Սակայն` անարդյունք: Գլխավոր դատախազությունը համարեց, որ «Հետքի» երկու հրապարակումներում չկան նոր երևան եկած հանգամանքներ: 

Ցուցմունքներ, ցուցմունքներ, ցուցմունքներ

Դատարանների արխիվում «Հետքի» ուսումնասիրած 15-20 տարվա վաղեմության քրեական գործերում դատավճիռների հիմքում հիմնականում ցուցմունքներ են, գիտական հետազոտությունները՝ բացառիկ (թերևս միայն դիակի դատաբժշկական փորձաքննություն): Սա` այն դեպքում, երբ խոսքը առավելապես ծանր հանցագործությունների` սպանությունների մասին է:

Խորհրդային տարիներին «Ինքնախոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհին է» Վիշինսկու հայտնի արտահայտությունը այսօր էլ չի կորցրել արդիականությունը: Իսկ առհասարակ ցուցմունքները  քրեական գործերում ապացույցների գերակշռող մասն են շարունակում մնալ, չնայած նրան, որ ցուցմունքների արժանահավատությունը հանցագործին նույնականացնելու առումով գիտական շրջանակներում արդեն 200 տարի դնում են լուրջ կասկածի տակ: Անգամ հետազոտություններ կան, թե ինչպես մարդը չի կարող ականջներով կատարել ձայնագրիչի, իսկ աչքերով՝ տեսագրիչի դեր:

Սակայն Հայաստանում քրեական դատավարության օրենսգրքում ապացույցների 9-կետանոց շարքում պատվավոր 7 կետերը դարձյալ ցուցմունքներն են՝ վկայի, ամբաստանյալի, տուժողի, կասկածյալի: Ասել է, թե՝ հիմնականում գործի ելքով շահագրգիռ մարդկանց ցուցմունքները: Իսկ գիտության նվաճումները վերջին տեղերում են՝ փորձագետի եզրակացությունն ու իրեղեն ապացույցները:  

ԱՄՆ-ի հաջողված փորձը

Տարեվերջին ԱՄՆ-ում ԴՆԹ թեստի շնորհիվ արդարացման դատավճռով ազատություն վերադարձավ 325-րդ քաղաքացին: 31 տարվա անազատությունից հետո Ռիքի Վյաթը Ծննդյան տոները դիմավորել է տանը՝ ընտանիքի անդամների հետ: Նա մեղադրվել էր 1980 և 1981 թթ.-ին Դալլաս քաղաքում տեղի ունեցած երկու բռնաբարությունների մեջ: Սակայն ինչպես 31 տարի անց կատարված ԴՆԹ թեստի արդյունքներն են ապացուցել, ամերիկյան արդարադատությունը սխալվել էր: Վյաթը 31 տարի պնդել է, որ անմեղ է, սակայն դատարանը հրապարակել է մեղադրական դատավճիռ՝ դատապարտելով նրան 99 տարվա անազատության: Ի դեպ, ուշագրավ է որ նրա գործի վերաբացմամբ սկսել է զբաղվել շրջանային դատախազությունը` սկսած 2012 թ.-ից:  

ԱՄՆ-ում հին քրեական գործերի վերաբացումները դարձել են օրինաչափություն: Քրեական արդարադատության ոլորտում ԴՆԹ թեստերը իրական հեղափոխություն են առաջացրել: Շնորհիվ նրա, որ ԱՄՆ-ում պահպանվում են իրեղեն ապացույցները, հնարավոր է դառնում գիտության նվաճումների, քրեական գենետիկայի ոլորտի զարգացման շնորհիվ նոր հետազոտություններ անցկացնել: Պարզվում է, որ մարդը, ով տասնյակ տարիներ բանտում է եղել, կրել հանցագործի խարան ու պիտակ, ամենևին էլ մեղավոր չէ: Նա պարզապես դատական սխալի հետևանքով հայտնվել է բանտում ուրիշի՝ իրական հանցագործի փոխարեն: «Հետքը» բազմիցս գրել է դատական սխալների ուղղման դեպքերի մասին, սակայն դրանք զարգացած արտերկրի, հիմնականում՝ ԱՄՆ-ի դատարաններում կնքված հաղթանակներն են:   

Այսպես՝ 17 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ քաղաքացի Նաթան Բրաունը Ծննդյան տոները դիմավորել է տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով: 40-ամյա Բրաունը 17 տարի է անցկացրել բանտում ուրիշի փոխարեն` մեղադրվելով մի կնոջ բռնաբարության ու թալանի մեջ: Նրա անմեղությունն ապացուցվել է տարեվերջին՝ շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման ու ԴՆԹ թեստի, Innocence Project կազմակերպության: Ամանորի նախաշեմին նա ստացել է 330.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում ամերիկյան պետությունից:

Եվս մեկ առաջարկություն

Մենք առաջարկում ենք ԱԺ պետաիրավական հանձնաժողովին կամ պետական համապատասխան այլ կառույցի ոլորտի գիտնականներից խումբ կազմել և ուսումնասիրել 1990-ականներից մինչև մեր օրերը քննված երկարատև ու պատժի առավելագույն չափի դատապարտվածների գործերը: Նպատակն է մոնիթորինգ անել, թե որքան տոկոս են կազմում ցուցմունքները, որքան՝ գիտական հետազոտությունները:

Հիշեցնենք, որ նման մոնիթորիգ կատարվել է անցյալ տարի ԱՄՆ-ում՝ ԳԱԱ անդամների հետ: ԴՆԹ թեստի հիմքով վերաբացված քրեական գործերով պարզվել է, որ 318 դեպքից 229-ի պարագայում (72 տոկոս) անձը դատապարտվել է մահապատժի կամ երկարատև ազատազրկման` սխալ վկայության հետևանքով: Փոխարենը` իրական հանցագործին վկաները մատնանշել են միայն 90 դեպքով (39 տոկոս):

Այն ժամանակ, երբ անմեղ մարդը պատիժ է կրել, իրական հանցագործներն ազատության մեջ կատարել են ևս 98 հանցագործություն Այս վիճակագրությունը ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիային ներկայացրել է Innocence Project կազմակերպությունը, որը 1992 թ.-ից օգնում է անմեղ մարդկանց վերադառնալ ազատություն` ԴՆԹ թեստի կիրառմամբ ու իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ: Վիճակագրական տվյալները դարձել են ազդակ, որ գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականներն ուսումնասիրեն վերջին 30 տարիներին քննված գործերը:

Առաջին լուսանկարում` Քեննեթ Այրլենդը քրոջ հետ. Այրլենդը 20 տարի է անցկացրել ամերիկյան բանտում չկատարած հանցանքի պատճառով: Այժմ ներման հանձնաժողովի անդամ է: Լուսանկարը՝ Hartford Curant -ի

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բացի հոդվածում նշվածիցը, Հայաստանում պիտի՛ անցում կատարել ԺՈՒՐԻՈՎ քրեա-դատական համակարգի: Իմ անձնական կարծիքն այն է,որ առանց սրա Հայաստանում արդար քրեա-դատական համակարգ չի՛ լինելու: Գոնե ժամանակավոր պիտի անցնել այս (ժուրիով) համակարգին, մինչև հայաստանցին ազատագրվի ռուսա-սովետական արատավոր մտածելակերպից/բարքերից:........................................ Այսօր հայերը չեն վերադառնում հայրենիք,որովհետև ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ հայաստանյան դատա-իրավական համակարգին. սա է միակ պատճառը: «Աշխարհի ամենամեծ խաչն» էլ որ տեղադրեք,մեկ է. ՈՉԻՆՉ չի փոխվելու ու ոչ ոք չի գալու. հավատացեք:
Զարուհի
Հարգելի Վարազ Սյունի, մեծ իմաստով համամիտ եմ Ձեզ հետ, որ երդվյալ ատենակալների համակարգը կարող է մեղմել իրավիճակ դատաիրավական համակարգում: Բայց մյուս կողմից էլ՝ նայում եմ ԱՄՆ-ում քննված գործերը ու տեսնում, որ նույն այս մարդիկ սխալ են դատապարտվել հենց ժյուրիով դատարաններում: Իմ կարծիքով, պարզապես գիտական հիմքը պետք է ուժեղ լինի քրեական գործեր քննելիս, նաև, անշուշտ, դատական համակարգում իսպառ բացառվի կոռուպցիան:
Զարուհի
Հարգելի Վարազ Սյունի, միշտ կարդում եմ Ձեր մեկնաբանությունները, ուրախ եմ, որ Ձեր սրատես աչքով, մտքով արձագանքում եք մեր հրապարակումներին: Հանրային վերահսկողության հասնել դատական համակարգում, կլիներ մեծ ձեռքբերում Հայաստանի համար: 1995 թ-ի Սահմանադրությամբ նախատեսված էր նման դրույթ, սակայն հետո խմբագրվեց ամեն ինչ ու հօդս ցնդեց այդ գաղափարը: Այսօր էլ Սահմանադրական բարեփոխումներ են կատարվում, բայց նորից, կարծես, թե չկա այդպիսի փոփոխության տեսլական: Կարելի է մտածել ու գրել այդ մասին, քանի որ մենք մեր իսկ առջև նպատակ ենք դնում հրապարակումներով ոչ միայն բարձրաձայնել այս կամ այն երևույթի մասին, այլև նպաստել, որ օրենքներ փոխվեն, մարդկանց ճակատագրեր փոխվեն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Զարուհի (2) - Նախ՝ շնորհակալություն ձեր հոդվածների համար. հաստատ (թեկուզ մի փոքր) հույս տալիս է անազատության մեջ գտնվող այդ բոլոր մարդկանց:........................................ Երկրորդ՝ ԱՄՆ-ն հսկա ու բարդ երկիր է՝ ֆեդերալ ու 50 տարբեր նահանգային իրավական համակարգով:Պարզ է, որ երբեմն,ցավոք, սխալներ լինում են (նաև ժուրիի կողմից): Բայց ԱՄՆ-ում գործերի մեծագույն մասը (հարաբերական) արդար լուծում ստանում է: Ոչ մի համակարգ բացարձակ չէ: Ես ծանոթ լինելով ԱՄՆ-ի նաև քրեական համակարգին, կարող եմ ասել,որ այն բավականին լավն է,որին նպաստել է նաև ժուրիով համակարգ ունենալը: ........................................Որոշ նահանգներում ժուրին մասնակցում է նաև մինչդատական գործողություններին. այսինքն՝ որոշում է՝ քրեական գործ հարուցել,թե՞ ոչ: Ժուրին ԱՄՆ-ում ունի մեկ այլ կարևո՛ր ֆունկցիա. քաղաքացիական վերահսկողություն դատարանների և օրենսդիր մարմինների/օրենքների վրա ( jury nullification սկզբունքը) այսինքն՝ «այո» կամ «ոչ» ասելով դատարանում տվյալ գործում՝ հասարակությա՛ն կարծիքը բերում է ուշադրության կենտրոն,որից հետո դատախազ-դատավորները հաջորդ գործերում դա հաշվի են առնում. այսինքն՝ քաղաքացի՛ն էլ այսպես հսկում է օրենքները:........................................... Ուստի՝ հատկապես այս պահին, Հայաստանին վերը նշվածս շատ կարևոր է. երևի ինձնից լավ գիտեք,թե ինչպես է գործում հայաստանյան դատա-իրավական համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter