HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Իգի Փոփ.. Ռոքի ամենաէքստրեմալ ուղևորը

Ամերիկացի ռոք երգիչ և դերասան Իգի Փոփի անունը երաժշտասերների մոտ երբեմն ասոցացվում է անկանխատեսելի, էքստրեմալ և սանձարձակ պահվածքով մի կիսախելագար երաժշտի հետ, որի համար բեմական սահմանը հնարավոր անսահմանությունն է` մինչև անգամ ցատկ դեպի հանդիսատես ու դրա հետևանքով առաջ եկած հետհամերգային աղմկահարույց տեսարաններ:

Բայց նա հենց այդպիսին է, և հենց այս տարօրինակ ու անկանխատեսելի խառնվածքով է պայմանավորված նաև նրա երաժշտությունն ու կերպարը: Իգի Փոփը համարվում է ալտերնատիվ ռոքի ամենաազդեցիկ անուններից մեկը, ում այս ուղղության սկզբնավորման կամ հիմնավորման մեջ մեծ ներդրում ունենալու համար կնքել են «փանք-ռոքի կնքահայր», հաճախ` «փանք-ռոքի պապի» անուններով: Փոփի ներդրումը մեծ է եղել նաև 60-ականների վերջին նոր սկիզբ առնող ծանր ռոքի (hard rock) ձևավորման մեջ: Նա ընդհանրապես տարբեր ժանրերի և ուղղությունների մեջ տեղավորվող ռոք երաժշտության համաձուլվածք է:

Նա «The Stooges» ռոք խմբի վոկալիստն էր: Դեռևս հեռավոր 60-ականներից հնչող այս ձայնը շարունակում է զարմացնել իր ունկնդիրներին ստեղծագործելու և կյանքի անակնկալներն իր երևակայական հնարքներով ձևավորելու նպատակասլացությամբ: Մինչ օրս, չնայած 69 ամյա տարիքին, նա բեմը վայելում և բեմում ապրում է գրեթե նույն ոգով ու անսպասելի պահվածքով (ինչպես միշտ՝ մերկ իրանով), որոնց մեջ շարունակում է պահպանել ավանդական դարձած նրա, այսպես ասած, ֆիրմային տրյուկը` «stage dive»-ը. Փոփն ուղղակի բեմից թռչում է, նետվում  դեպի հանդիսատեսը (թեև վերջին շրջանում ոչ այնքան հմուտ վայրէջքներով):  Ի դեպ, նրա բեմական խառնվածքի նմանօրինակ հիմքում մեծ ազդեցություն է ունեցել լեգենդար Ջիմ Մորիսոնը. այս երաժշտի երկրպագուները, վստահ եմ, անմիջապես կարող են վկայել, որ Մորիսոնը բեմում ոչ միայն անսովոր, այլև երբեմն մեծ պրոբլեմներ ստեղծող էր:

 2009թ. բրիտանական ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ «Classic Rock»-ը նրան շնորհեց «Կենդանի լեգենդ» կոչումը: Նա ճանաչված է նաև որպես ամենադինամիկ արտիստներից մեկը:  90-ականներից Ի. Փոփը առավել հաճախ հայտնվում է ֆիլմերում;  

Սիրված է այս կերպարը, թե՞ ոչ, տարօրինա՞կ է նա, չափազանցված կամ ոմանց համար անընդունելի՞… նախասիրությունների հարց է, սակայն փաստ է, որ այս սանձարձակ պահվածքով երաժշտի երգացանկում կան գործեր, որոնք տարիներ շարունակ պահում են նրա փառքն ու աստղային փայլը աներեր, ինչ էլ որ նա ասի կամ անի, ինչպիսին էլ որ լինի: Այդ երգերը վաղուց արդեն վերջնականապես հաստատված են երաժշտության պատմության մեջ՝ նշանավորելով Իգի Փոփի անունն իբրև անփոխարինելի լեգենդի՝ «Lust for Life», «I’m Bored», «Real Wild Child (Wild One)», «Candy» և այլն: Դրանցից մեկն էլ պարզ, դինամիկ ու համարձակ «The Passenger»-ն է:

Այս երգը թողարկվեց 1977թ., «Lust for Life» ալբոմի կազմում: Սա այն շրջանն էր, երբ Փոփը երաժշտության մեկ այլ լեգենդի՝ Դեյվիդ Բոուիի հետ գտնվում էր Արևմտյան Բեռլինում՝ նոր առաքելությամբ ու հստակ նպատակով՝ երաժշտության օգնությամբ դուրս գալ թմրամոլության այլանդակ ճիրաններից ու հաղթահարել կործանման տանող նախկին կյանքի խնդիրները: Բոուին, իմ խորին համոզմամբ մեծ դեր է ունեցել Իգի Փոփի կարիերայում. այդ նա է ձեռք մեկնել նրան գրեթե բոլոր անկումների պահերին:

Բոուիի շնորհիվ է ոտքի կանգնել և համաշխարհային հռչակի հասել ոչ միայն Փոփը, այլև Լու Ռիդը: Վերջինս նույնպես իր գործունեության մի փուլում լուսանցքում հայտնվելու շեմին էր։ Նրանց երաժշտական գործունեության զարգացումը, բազմաթիվ լուրջ անհաջողություններից հետո, վերականգնվել է այս արտիստի անմիջական մասնակցության ու մեծ ջանքերի շնորհիվ:

Ինքն էլ ունենալով նույն խնդիրը՝ կախվածություն ալկոհոլից և թմրադեղերից, Բոուին ոչ միայն իր ներսում բավականաչափ ուժ գտավ հաղթահարելու սեփական խնդիրները, այլև այս դժվարին իրավիճակում իր ետևից փորձեց տանել նաև ընկերներին: Հավանաբար գլխավորապես այն բանի համար, որ հավատում էր այդ երաժիշտների մեծությանը: Բոուին դարձավ նրանց որոշ գործերի պրոդյուսերն ու համահեղինակը, ստանձնեց դրանք կյանքի կոչելու և անելանելի վիճակում գտնվող ընկերներին հետ՝ դեպի բեմ ու երաժշտություն վերադարձնելու ծրագրի իրագործումը:

Ոչ միայն առանձին գործերի, ալբոմների թողարկման պատասխանատուն և հովանավորն էր, այլև ողջ այդ աշխատանքների մասնակիցը՝ իբրև երգիչ, երաժշտության հեղինակ, երաժիշտ և երբեմն կատարող՝ բեք-վոկալի պլանում: Այդ երաժշտի շնորհիվ մենք այսօր ունենք մի շարք անմոռանալի երգեր՝ «Walk on the Wild Side», «Perfect Day» («Transformer» ալբոմ, 1972թ.), «China Girl», «Lust for Life», «Funtime», «Passenger», «Tonight» («The Idiot», «Lust for Life», «TV Eye Live 1977» ալբոմներից) և այլն:  

 «Դեյվիդի հետ մեր ընկերությունն իմ կյանքի լույսն էր»,- ասել է Ի. Փոփը Բոուիի մահվան առիթով:

«The Stooges» խմբի երկրորդ կազմալուծումից հետո Փոփը հայտնվեց հոգեբուժական կլինիկայում: Նա այլևս ի վիճակի չէր վերահսկել իրեն, քանի որ ամբողջովին կախված էր թմրանյութերի ազդեցությունից: Երաժիշտն այս անգամ ստիպված էր երկար մնալ այնտեղ, քանի որ խնդիրը շատ հեռու էր գնացել: Բոուին նրա հավատարիմ այցելուներից էր, որոնց թիվն, ի դեպ, շատ քիչ էր՝ գրեթե մեկ-երկու հոգի: Թմրանյութերի չարաշահումն Իգի Փոփին կանգնեցրել էր փակուղու առջև՝ վտանգելով և՛ խմբի երկարամյա գործունեությունը, և՛ սեփական կարիերան, որը, թվում էր, այստեղ էլ պետք է վերջանար: 1976թ., Բոուին ընկերոջը որոշեց իր «Station to Station» շրջագայության ուղեկիցը դարձնել: Այս շրջագայությունը, որն իր տեսակով և էությամբ առաջինն էր նրա կյանքում, շատ բան փոխեց Փոփի պատկերացումներում:

Նրա վրա մասնավորապես ազդել էր Բոուիի աշխատելաոճն ու մոտեցումը. նա ուներ սկզբունքներ, որոնք պահում էր մեծ պատասխանատվությամբ, չէ՞ որ երաժշտությունը բոլորովին այլ տարածք էր նրա համար՝ այստեղ Բոուին փչացնելը կամ ստվերելը չէր հանդուրժում: Հիշեցնենք, որ այս մեծ երաժիշտն ինքն էլ մեծ խնդիրներ ուներ, քանի որ հատկապես այս շրջանում նա ևս փորձում էր հաղթահարել կոկայինային հակումներն ու թուլությունը, ուստի կրկնակի անգամ դժվար էր աշխատել և դեռ մի բան էլ հոգ տանել ամբողջովին փլուզված ընկերոջ համար:

Նույն թվականի մարտին նրանք երկուսն էլ Նյու-Յորքում ձերբակալվեցին մարիխուանա տեսակի թմրանյութ ունենալու մեղադրանքով: Սակայն, ականատես լինելով Բոուիի մյուս կյանքին՝ աշխատելու, ստեղծագործելու և այս տեսակ կյանքում հայտնվելու ձգտումը հաստատվեց նաև ամբողջովին ընկճված ու բեմին այլևս հրաժեշտ տված Փոփի մոտ:  1977թ. նա Բոուիի հետ մեկնեց Բեռլին, որտեղ միասին սկսեցին աշխատել մի քանի տարբեր և անհատական նախագծերի վրա:

Բոուիի ջանքերով Փոփը պայմանագիր կնքեց « RCA Records » ընկերության հետ և օգնեց նրան ձայնագրելու, ապա թողարկելու «The Idiot» և «Lust for Life» ալբոմները: Սրանք երաժշտի սոլո կարիերայում ամենանշանավոր նախագծերը դարձան, որոնց հաջողությունը առաջին իսկ օրերից գերազանցեց նախորդ՝  «The Stooges»-ի բոլոր վերելքներն անգամ:  Հենց այս ընթացքում էլ  ծնվել է «Passenger»-ը:

Կարծիքներ կան, թե երգը ստեղծվել էր իտալացի հանրահայտ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի «Մասնագիտությունը՝ լրագրող» ֆիլմի ազդեցությամբ, որն ունի նաև «The Passenger» անունը: Ոմանք էլ վստահ են, որ Ի. Փոփը «The Passenger»-ը գրել է՝ ներշնչված լինելով  Ջիմ Մորիսոնի բանաստեղծություններից մեկով (« The Lords and the New Creatures», Ջ. Մորիսոն):

Սակայն «The Guardian» ամսագրի հարցազրույցներից մեկում երաժիշտը նշում է, որ այս երգը նա գրել է Բոուիի հետ շրջագայության ժամանակ՝ այդ պահի զգացումներով ներշնչված. «Ես Դեյվիդի ավտոմեքենան վարելով շրջում էի ողջ Հյուսիսային Ամերիկայով և Եվրոպայով, բայց չունեի ո՛չ վարորդական վկայական, ո՛չ էլ  մեքենա»:  Երգի խոսքի հեղինակն էր Փոփը, իսկ երաժշտությունը դարձյալ Բոուիի առաջարկով գրեց Ռիքի Գարդիները՝ շոտլանդացի կիթառահար և երգահան: Դեյվիդը մասնակցեց նաև այս երգի ձայնագրությանը. նա է նվագում ստեղնաշարային գործիքներն ու բեք-վոկալում ձայնակցում: Նրան կարող ենք վստահաբար ճանաչել հատկապես երգի կրկներգում հնչող «Լա-լա-լա-լա-լա-լա-լա-լա»-ներում:

«The Passenger»-ը լույս տեսավ նաև ալբոմի միակ սինգլի՝ «Sucsess»-ի հակառակ կողմում, իսկ որպես առանձին սինգլ թողարկվել է 21 տարի անց՝ 1998թ.: Տարիներն ամենևին չխանգարեցին նրան 2-րդ անգամ նվաճել երաժշտական հորիզոնականներ և վերադառնալ նաև ունկնդիրների նոր սերնդի մոտ: Իր դինամիկ և թեթև «բնավորության» համար «The Passenger»-ը բազմիցս է հայտնվել գովազդային հոլովակներում, տարբեր ֆիլմերում և համակարգչային խաղերում: Հայտնի են այս երգի մի քանի տասնյակ cover-կատարումներ, որոնք ձայնագրված են աշխարհի տարբեր երկրներում՝ մեկնաբանությունների բազմազանությամբ: Քննադատներն այս երգը համարել են ոչ միայն Իգի Փոփի, այլև, աշխարհում ամենատպավորիչ երգերից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter