
Փաստաբանը նկատել է՝ Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի գույնը մգանում է
Այսօր լրանում է 3 ամիս, ինչ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ոտքի հրազենային վիրավորում, սակայն մինչ օրս չի վիրահատվել: Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը մտահոգություն է հայտնում իր պաշտպանյալի առողջության ու կյանքի անվտանգության համար:
Փաստաբանը նշում է, որ տեսակցության ժամանակ նկատել է՝ Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի գույնը մգանում է: Սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանին կրկին դուրս են գրել «Էրեբունի» ԲԿ-ից: Փաստաբանի խոսքով` բժշկական կենտրոնում ասել են, որ շուրջ մեկ ամիս պետք է սպասել առանց վիրահատության: Բայց պաշտպան Սարգսյանն ահազանգ է հնչեցնում՝ «վաղուց լրացել է այդ մեկ ամիսը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում «Էրեբունի» ԲԿ-ի կողմից»:
Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետքին» փոխանցել էր, որ Հարությունյանին բժշկական կենտրոնից դուրս են գրել, քանի որ վիրահատության անհրաժեշտություն չեն տեսել այդ պահին: «Եթե Հովհաննեսը մեր ասածները կատարի, ապա նրան վիրահատելու որևէ անհրաժեշտություն չի լինի»,- ասել էր տնօրենը։
Որպես Հովհաննես Հարությունյանի պաշտպան` Հայարփի Սարգսյանը առողջապահության և արդարադատության նախարարներից, ԱՆ քրեակատարողական վարչությունից, ՄԻՊ-ից պահանջում է ձեռնարկել համապատասխան քայլեր իր պաշտպանյալին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցում, այլապես, ըստ փաստաբանի. «Հովհաննես Հարությունյանի առողջության վատթարացման ողջ պատասխանատվությունը կկրեն վերը նշված կառույցների ղեկավարները»:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանն ու Աշոտ Պետրոսյանն առաջինն էին, ովքեր հուլիսի 26-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում, գնդի տարածքում հրազենային վիրավորում էին ստացել, տեղափոխվել հիվանդանոց, ապա հուլիսի 28-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Հովհաննեսն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Մեկնաբանել