HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիի բանտում գտնվող լեյտենանտին տեղափոխել են Երևան

Փաստաբանը հույս ունի՝ լեյտենանտը տուն կգնա Վերաքննիչ դատարանի որոշումից հետո

Զինվորի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար 2 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված լեյտենանտ Արամ Աղայանին Շուշիի բերդից երկու օր առաջ տեղափոխել են Երևան: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին «Հետքին» փոխանցեց Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում առաջին նիստը նշանակված էր դեռևս հունվարի 16-ին, երբ լեյտենանտին էտապավորելու հարցը չէր լուծվել, ու բողոքի լսումը անորոշ ժամանակով հետաձգվել էր:

Երեկ փաստաբան Արայիկ Պապիկյանը Վերաքննիչ դատարանին տեղեկացրել է, որ Արամ Աղայանն արդեն Երևանում է, և կարող են նիստ նշանակել:

«Գրեթե 3 ամիս այս գործով չէին կարողանում նիստ հրավիրել Արամի էտապավորման հարցի հետ կապված»,-ասաց պաշտպան Պապիկյանը:

Այն, որ էտապավորման հարցը վերջապես լուծվեց, ըստ Արայիկ Պապիկյանի, նաև հանրային հնչեղության շնորհիվ էր. «Կարծում եմ՝ հանրային հսկողությունն ավելի մեծ դեր խաղաց, չնայած իրավական ընթացակարգեր գոյություն ունեն: Չեմ կարծում, որ 3 ամիս ժամանակ էր պետք, որ Արամ Աղայանին մի ՔԿՀ-ից տեղափոխեին Երևանի ՔԿՀ»: Մի քանի օր առաջ Արայիկ Պապիկյանը նաև ֆեյսբուքյան գրառում էր կատարել Արամ Աղայանի էտապավորման հարցը ձգձգելու մասին:

Պաշտպանը երեկ է տեսակցել Արամին, ունեցել առաձնազրույց, Արամ Աղայանը նշել է, որ ամեն բան նորմալ է, բողոքներ չունի: Այսօր լեյտենանտը տեսակցել է նաև ընտանիքի անդամների հետ:

Մինչև Վերաքննիչ դատարանի քննության ավարտը Արամ Աղայանը, ըստ պաշտպանի, կմնա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտից հետո, փաստաբանի կարծիքով, Արամ Աղայանը տուն կգնա:

«Հետքն» անդրադարձել է լեյտենանտի կալանավորմանը, մեղադրանքին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին, փաստաբանի նշած խախտումներին ու Վերաքննիչ բողոքին: Հիշեցնենք, որ Արամ Աղայանը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Սակայն, հատկանշական է, որ Գրիգորյանը որևէ բողոք չունի Աղայանի դեմ, հակառակը՝ «Հետքի» հետ զույցում ավագ Գիրգորյանը՝ Ռուդիկի հայրը, նշեց. «Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց դատարանում, որ մտերիմ են եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter