HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ես իմ դագաղը սարքեցի, դուք էլ ձերը»

«Սատանան էր, ասեց. «Աստված զբաղված ա, կարամ օգնեմ»։ Ասեցի «Ասա, ապե՛ր»։ Ասեց«Երբ էդ 40 բառադի կուսակցությունների փոխարեն, որոնք կան հիմա Հայաստանում, լինի 3 նոր կուսակցություն ու դա լինի երիտասարդ սերունդից, հույս կա ազգի փրկությանը 40 կուսակցությունը 1,5 միլիոն ազգի համար շատ ա»։ Ասեց Աստծո հրեշտակը ու գնաց»․ Ալիկ Ասատրյան

Մարտի 5-ին զրուցում էի Հոլանդիայում բնակվող հայ նկարիչ Ալիկ Ասատրյանի հետ։ Իր հետ առհասարակ շատ ենք զրուցում․ առաջինը 2013-ին էր, որ վերածվեց հարցազրույցի։ Այս անգամ էլ հասկացա, որ դրան պետք է տանեմ։

Վերջին մեկ տարվա ընթացքում Ալիկը անընդհատ «օն-լայն» խոսում է։ Նրա ֆեսյբուքյան պատը ամենօրյա քննարկումների վայր է դարձել, ու հերիք է, որ Ալիկն «անհետանա» դաշտից մեկ-երկու օր, սկսում են գրել, թե ուր «կորավ», ինչի նոր բան չի դնում պատին, ինչի նոր գործ չկա ու էդպես շարունակ։

Իրականում Ալիկի մասին խոսակցությունները շատ են նաեւ արվեստագետների շրջանում։ Հարցազրույցից մի քանի օր առաջ նկարիչներից մեկն էր պատմում, որ Ալիկի հետ սիմպոզիումի է եղել Հունաստանում ու ասում էր, որ Ալիկն այնտեղի ոգին էր՝ Դիոնիսոսը․ «Բոլորից շատ կուրախանար, կասեր-կխոսեր, կխմեր, կթատերականացներ, հետո բոլորն ուժասպառ կքնեին, ինքը կաշխատեր ու առավոտյան նոր կտավով նորից կհայտնվեր»։

Մարտի հինգի մեր զրույցը բավականին ծանր էր, որովհետեւ անընդհատ գրում էր Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մասին։ Ալիկի վերջին շրջանի շատ ստեղծագործություններ նվիրված են Արթուրին։ Խոսեցինք բավականին երկար ու դադար առանք։

Հաջորդ օրը՝ մարտի 6-ին, Արթուրն ազատ արձակվեց։

Այսօր, երբ շարունակում ենք զրուցել Ալիկի հետ, որպեսզի հարցազրույցն ավարտին հասցնենք, ցավոք, Արթուրը մեզ հետ չէ (Հաց բերողը մահացավ մարտի 16-ին)։ Հարցազրույցը ներկայացնում եմ այնպես, ինչպես ընթացել է (առաջին մասը՝ մարտի 5-ի մեր զրույցից, երկրորդ մասը՝ ապրիլի 7-ի)։

Ալիկ Ասատրյանը

Մաս 1 (մարտի 5)

Վերջին մեկ տարվա ընթացքում ֆեյսբուքում արտահայտվելուդ միջին դադարը 2 ժամ է։ Ի տարբերություն անցյալ տարիների, հիմա շատ ես անդրադառնում Հայաստանին ու հայաստանյան իրադարձություններին՝ վերջին շրջանում հատկապես Հաց բերողին։ Ամեն օր մի բան գրում ես այդ առիթով, Հայաստանի ու սփյուռքի հայերն էլ արձագանքում են․․․

Հա, էդպես է։ Հաց բերողն ինձ համար գենի վերջին ներկայացուցիչն է, որին սպանում ենք մենք բոլորս մեր անտարբերությամբ։ Ինձ համար բոլոր ժամանակների ամենահզոր հերոսն ինքն է կամ, եթե ավելի ճիշտ կլինի ասել, իմ ժամանակի հերոսն է։

Էն, ինչ ինքն արեց, ոչ  ոք չէր անի։ Ես էստեղ նստած գրում եմ, սիրտս չպայթի։ Հիշու՞մ ես՝ մինչեւ Արթուրի արարքը պատիս գրել էի. «Արա՛, մեկը չկա մեքենան հացով լցնի, քշի դրանց վրա, որ հացը հասցնի»։ Ու Արթուրն արեց դա։ Իմ սենյակում, մենակ նստած, տեղիցս վեր թռա․ ուրախությունից գլուխս կպնում էր առաստաղին։ Տեսա, որ հայի գենը չի մեռել։

1993թ-ից Հայաստանից գնացել ես 24 տարի․․․

Հայաստանը դեռ պատերազմն ամբողջությամբ չէր վերջացրել։ Ինչ-որ տեսա ու ապրեցի այդ տարիներին, սարսափելի էր․ հիասթափվեցի, զզվեցի ու ամաչեցի։

Հա, ես ուղղակի փախա, որ հայ չտեսնեմ, գնամ մի տեղ, որտեղ հայ չի ապրում։ Մեկնեցի ռեժիսորների խմբի հետ Ֆրանսիա՝ կինոփառատոնի (իմ ֆիլմերից էլ կային ծրագրում)։ Խմբից միայն երկու հոգի գիտեին, որ հետ չեմ գալու։ Փառատոնի վերջանալուն երեք օր էր մնացել, ես հավաքվեցի ու գնացի Հոլանդիա։ Էդպես սկսվեց նոր կյանքը զրոյից, հետս` միայն ուսապարկս ու ունեցածս կենսափորձը։

Տարիներ հետո հասկացա, որ մարմինս փրկեցի, բայց հոգիս չէ։ Էդ մարմնով ապրեցի օտարության մեջ ապահով, հոգով՝ Հայաստանում․․․ Ու մինչեւ օրս։

Հաճախ ինձ ասում են՝ փախար, էլի «չպրծար»։ Ու էդպես, իրոք, կես մարդ դարձա։ Էս բոլոր գնացողների համար եմ ասում, որովհետեւ տեսնում եմ, որ օր օրի Հայաստանը դատարկվում է։

Այսքանի հետ մեկտեղ լավատես եմ․ երբեք չդադարեցի ստեղծագործել, բայց սիրտս թաքուն լացում էր։ Ուրիշների աչքի առաջ մնում էի նույն Ալիկը՝ հումորով, ժպտերես․․․ Եվրոպական բոլոր երկրներում տեսնում եմ՝ մարդիկ ոնց են ապրում, տխրում եմ, մտածում եմ՝ կգա մի օր, որ մեր ժողովուրդն էլ վաղվա հացի համար չմտածի։ Ու էլի նորից․․․ Եվրոպացի բոլոր ընկերներս ինձ գիտեն որպես ուրախ մեկի։

Հիմա իմ հույսը Օպերայում նստացույցի նստած ջահելներն են, որ պայքարում են Հաց բերողի ազատության համար։ Իրենք են մեր ապագան։

93-ին դու էլ էիր երիտասարդ․․․

Հա, ես փորձ արեցի ընդդիմանալու, բայց ես մենակ էի․ մենակ քրֆում էի, մենակ խփվում էի։ Էդ մասին շատերը գիտեն իմ արվեստագետ, ռեժիսոր, նկարիչ ընկերներից։ Ու նաեւ նրանցից շատերն են տեղյակ, թե ինչի ես հանկարծ 93-ին «փախա» Հայաստանից։

Ու թող որ գլոբալ առումով ներկայացվի էնպես, որ ես հայրենասեր չեմ, փախա, եսիմ ինչ արեցի․․․ Բայց մի կարեւոր բայց կա։ Ես չմնացի էն համակարգի մեջ, որից մինչեւ օրս էլ սիրտս խառնում է։ Դրսից էդ ձնագունդն ավելի հստակ է երեւում։

Ես կարողացա երկու տասյակից ավելի երկրներում ներկայացնել ինձ՝ իմ արվեստը։ Դա արեցի որպես հայ։

Մի քանի օր առաջ զրուցում էի նկարիչ ընկերներիցս մեկի հետ, ինքն առիթ է ունեցել քեզ հետ շփվելու ու ստեղծագործելու Հունաստանի սիմպոզիումի շրջանակներում «Ալիկը արտառոց կերպար է՝ Դիոնիսոսը, ամենից շատ աշխատողը, ամենից խելարը։ Նկարիչներից մարդիկ կային, ասում էին՝ Ալիկի համար ենք գալիս ամեն տարի»պատմում էր։

Դե ոնց ասեմ․ երեւի էդպես էլ կա, որ ասում է։ Հաճախ եմ խոսում եւ անում այն, ինչ գուցե շրջապատին ընդունելի չի։ Բայց իմ կարծիքով արարքներիս մեջ ոչ մի վատ բան չկա․ ես սեր եմ տալիս մարդկանց։

Մաս 2 (ապրիլի 7)

Էնպես ստացվեց, որ ահագին դադար եղավ զրույցից հետո, բայց այսօր ֆեյսբուքյան պատիդ տեսա «Ես իմ դագաղը սարքեցի, դուք էլ ձերը (Հաց բերողվերտառությամբ նոր աշխատանքդ, որն անչափ հուզեց (տես գլխավոր լուսնկարը), ու որոշեցի շարունակենք։

Երբ հարցազրույցը նոր էինք սկսել, խոսում էինք Հաց բերողի մասին դեռ ողջ էր։ Ցավոք, ֆիզիկապես կորցրինք իրեն։ Գիտեմ, որ ապրում էիր ամեն րոպե Հաց բերողի մասին նորություններով։

Արդեն ասել եմ՝ Հաց բերողն իմ հերոսն էր առաջին իսկ օրվանից։ Շատերը, ցավոք, մինչեւ հիմա չեն գիտակցում, թե ինչ արեց Արթուրը այդ պահին ու դրանից հետո։

Հա, առաջին իսկ օրից ապրել եմ էդ մարդու մասին մտածելով․ երբ բանտում էր, ոնց որ ես էլ բանտում լինեի, երբ ազատվեց, ուրախությունից էրեխու պես թռվռում էի։

Երկրորդ ձերբակալության ժամանակ հիստերիայի մեջ էի։ Ու գրում էի անընդհատ․․․ Հետո փակվեցի, սկսեցի ապրել իր անցածով, նկարել․ էդ ճանապարհն ու գաղափարներն ինչ-որ կերպ ապրելու են էս գործերում, որոնք իրեն են նվիրված։

Ու էնպես ստացվեց, որ 24 տարի անց պետք է վերադառնաս Հայաստան կարճ ժամանակով՝ մասնակցնելու «Մաչանենց» միջազգային սիմպոզիումին․․․

Հա, ու դա լավ առիթ է, որ հիշեմ էս տարիները․ Հոլանդիայում առաջին աշխատանքս, որ թատրոնում էր՝ որպես հավաքարար, համբերատար հավաքարար։ Հետո 13 տարիները, որ աշխատեցի հոգեբուժարանում՝ խնդիրներ ունեցող մարդկանց արվեստի, նկարչության դասեր տալով․․․ Ու դրա հետ մեկտեղ ինքս շատ նկարեցի, ցուցադրվեցի տարբեր երկրներում, նկարեցի ֆիլմեր ու հիմա էլ աշխատում եմ նոր ֆիլմի վրա․․․ Ու պետք է գամ Հայաստան։

Այնինչ, չորս տարի առաջ հարցազրույցի ժամանակ կես կատակ-կես լուրջ ասացիր, որ երեւի Հայաստանում հետմահու ես ցուցադրվելու․․․

Չեմ հիշում առիթը որն է եղել այդ պահին․․․ Իսկ հիմա գալիս եմ՝ հուզված, ջղայնացած,  ներսումս լացելով, բայց սիրելով ու կարոտած։

ՀԳլուսանկարները տրամադրել է Ալիկ Ասատրյանը։ Լուսանկարներում ներկայացված է Ալիկի վերջին շրջանի աշխատանքներից, որոնք նվիրված են Հաց բերողին (Արթուր Սարգսյանին)։

Գլխավոր լուսանկարում՝ “That’s all” անվանումը կրող ստեղծագործությունն է, որն ներկայացրել է Ասատրյանը այսպես «Ես իմ դագաղը սարքեցի, դուք էլ ձերը (Հաց բերող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter