HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտցին պնդում է՝ ստորագություն կեղծվել է, քննչական մարմինը պատրաստվում է սուտ մատնության մեղադրանք առաջադրել

Ինչպես արդեն հայտնել էինք` «Հետքի» հրապարակումների հիման վրա ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Ոստիկանության Իջևանի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել։ Գործի շրջանակներում պարզվել էր, որ չպարզված անձի կողմից կեղծվել են Ազատամուտ համայնքի սոցիալական օգնության որոշումներից մի քանիսը։

Երեկ «Հետքը» ահազանգ է ստացել ազատամուտցի Լևոն Մանուչարյանից, ով հայտնել է, որ մեր հրապարակումից հետո ամիսներ առաջ իրեն՝ որպես սոցիալական օգնություն ստացած ազատամուտցու, հրավիրել են ոստիկանական բաժին և հարցաքննել։ Լևոնին ցույց են տվել 2016 թվականին ստացած 40 000 դրամի սոցիալական օգնության որոշումը։ Վերջինս քննիչներին հայտնել է, որ ինքը որևէ սոցիալական օգնություն չի ստացել, իսկ որոշումում դրված ստորագրությունն իրենը չէ. «Էնդեղ գրություն են հանել, թուղթ, ոնց որ չեկի տիպի, որ իբրև օգնության գումարն է նշած, մեկ էլ իմ ստորագրությունը, բայց իմ ստորագրությունը կեղծած է։ Ես նման հարցով չեմ դիմել, օգնություն չեմ խնդրել, ես գումար չեմ ստացել, չեմ էլ ստորագրել էնտեղ»։

Ասում է՝ փորձաքննության համար իրենից վերցրել են ստորագրություն, «40 000» թվային և տառային տարբերակով գրվածքներ։ Փորձաքննության արդյունքում քննչական մարմինը պարզել է, որ ստորագրությունը Լևոն Մանուչարյանին է։ Սակայն Լևոնը ոստիկանական բաժանմունքում կրկին պնդել, որ իրեն սոցիալական օգնություն տալու որոշումում դրված ստորագրությունը կեղծված է, ինքը որևէ օգնություն չի ստացել։ Լևոնին օրեր առաջ ասել են, որ սուտ մատնություն տալու համար իրեն մեղադրանք են առաջադրելու: Ասում է՝ Ժորա Մարտիրոսյանը ոստիկանական բաժանմունքում հայտնել է, որ դեկտեմբեր ամսին սոցիալական օգնություն ստանալու համար իրեն դիմել է Մանուչարյանը, ստացել 40 000 դրամը, սակայն այժմ հրաժարվում է այդ փաստից։

Լևոն Մանուչարյանը պահանջել է համայնքի ղեկավարի հետ առերեսում կազմակերպել, սակայն քննչական մարմինը հրաժարվել է, Լևոնի փոխանցմամբ, պատճառաբանելով, որ մինչ Լևոնը ցուցմունք չտա, չբողոքարկի, որ ժորա Մարտիրոսյանը կեղծ տեղեկատվություն է տվել, իրենք իրավունք չունեն առերեսում կազմակերպել։

Լևոն Մանուչարյանի հաղորդմամբ՝ երկու անգամ հանդիպել է համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հետ։ Հանդիպումներից մեկը համայնքապետարանում է եղել։ Մարտիրոսյանը նրան կանչել է համայնքապետարան, հարցրել, թե որոշումներից, որ մեկում է նրա ստորագրությունը դրված: Մանուչարյանը սպիտակ թղթի վրա ստորագրել է, համայնքապետը աշխատակիցներին հարցրել է, թե որոշումում ով է դրել այդ ստորագրությունը, նրանցից մեկը հայտնել է, որ ստորագրությունը դրվել է Մարտիրոսյանի օգնական Մարիետա Խուդավերդյանի կողմից. «Ես էլ դրա համար առերեսման եմ կանչում ոտիկանակություն, որ գա, ճշմարտությունը ասի, բայց բաժին էլ չեն հրավիրում»:

Լևոնը հավաստում է՝ համայնքի ղեկավարը քաջատեղյակ է այդ ստորագրությունների կեղծումներից, և թե ովքեր են ստորագրություն դրել այդ չստացված օգնությունների որոշումներում։

Իսկ առաջին հանդիպումը Ժորա Մարտիրոսյանի հետ Լևոնն է կազմակերպել։ Համայնքի ղեկավարին հրավիրել է իրենց փողոց, զրուցել են, կրկին հայտնել է, որ ինքը օգնություն չի ստացել, որևէ ստորագրություն չի դրել։ Ասում է՝ համայնքի ղեկավարը հայտնել է, որ այդ օգնությունը ստանալու համար Լևոնի զոքանչն է դիմում ներկայացրել։ Սակայն Լևոնը կրկին պնդել է, որ իրենք օգնություն չեն ստացել, անգամ այդ պարագայում, եթե համայնքի ղեկավարը գումարը տվել է իր զոքանչին, ինչու է այդ որոշումում դրված իր ստորագրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter