
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են. զոհերի թիվը գերազանցել է 20-ը
Անցած գիշեր Իրանի տարբեր քաղաքներում շարունակվող բողոքի ցույցերին քաղաքացիների և ուժայինների բախումների հետևանքով զոհվել է ևս 9 մարդ: Այսինքն՝ դեկտեմբերի 28-ից սկսած ցույցերի ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 20-ը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը:
Նրանցից 6-ը զոհվել են Սպահանի նահանգի Քահդարիջան քաղաքի ոստիկանական բաժանմունքը գրոհելու ժամանակ, որտեղ նրանք ցանկանում էին զինամթերքի տիրանալ: Խոմեինիշեհր քաղաքում զոհվել է 11-ամյա աղջիկ, իսկ Նաջաֆաբադ քաղաքում՝ Իսլամական հեղափոխության պահակախմբի զինծառայող:
Ավելի վաղ միջազգային տարբեր ԶԼՄ-ներ, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հաղորդում էին 12 զոհի մասին: Կան հարյուրյավոր ձերբակալվածներ: Միայն մայրաքաղաք Թեհրանում ձերբակալվածների թիվը գերազանցում է 450-ը:
Արդեն 6 օր շարունակվող բողոքի ցույցերը սկսվել էին Իրանում մեծությամբ երկրորդը համարվող Մաշհադ քաղաքում և հետո տարածվել երկրի այլ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Թեհրանում: Քաղաքացիները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու թանկացումների դեմ, սակայն հետո ցուցարարները սկսել են հակաիշխանական կոչեր հնչեցնել՝ դատապարտելով նախագահ Հասան Ռոուհանիի վարած տնտեսական քաղաքականությունը:
Բողոքի ցույցերի մասնակիցները դժգոհում են նաև, որ երկրի իշխանությունները ներքին խնդիրները ստորադասում են արտաքին խնդիրներից: Ռոուհանին կոչ է արել քաղաքացիներին՝ պահպանել հանգստություն և չգնալ ուժայինների հետ բախումների:
Իրանի ազգային ավտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ ցույցերի հրահրման հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան: Ալի Շահմանիի խոսքերով՝ հենց նշված պետություններն են ղեկավարում սոցիալական ցանցերի այն էջերը, որոնք ազդեցություն են գործում ցույցերի անցկացման վրա:
Ավելի վաղ իշխանությունները երկրի տարածքում արգելափակել էին «Ինստագրամ» սոցիալական ցանցը և Իրանում մեծ մասսակայանություն վայելող «Տելեգրամ» մեսինջերը: Իշխանությունները այս քայլը պատճառաբանել էին՝ «հասարակության հանգստությունը և ավտանգությունը ապահովելու» նպատակով:
ԱՄՆ-ն ցույցերի սկսվելու առաջին իսկ օրվանից իր բացահայատ աջակցությունն է հայտնել ցուցարարներին: Նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր էջում պարբերաբար գրառումներ է կատարում՝ դատապարտելով Իրանի իշխանությունների կիրառած բռնությունը և ողջունելով քաղաքացիների գործողությունները:
Իրանում ստեղծված իրավիճակին արձագանքնել է նաև Մոսկվան: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանում ծավալվող իրադարձությունները Իրանի ներքին գործերն են՝ միևնույն ժամանակ անընդունելի համարելով արտաքին միջամտությունները երկրի ներքին գործերին:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թեհրանին ապահովել քաղաքացիների՝ «խաղաղ ցույցեր անցկացնելու և կարծիք արտահայտելու իրավունքը»:
լուսանկարը՝ AP Photo
Մեկնաբանել