
Ռուբեն Թաթուլյան. «Ես Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն եմ»
Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը բլոգեր Ալեքսանդր Վալովին տված հարցազրույցում հայտարարել է, որ համարվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականը.
«Ես Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականն եմ և ունեմ դիվանագիտական անձնագիր: Ինձ կցված է նաև ավտոմեքենա, որը պատկանում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը»,- նշել է գործարարը:
Ռուբեն Թաթուլյանի այս հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Հետք»-ը գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարություն: Հարցման պատասխանը ստանալուց հետո այն անմիջապես կհրապարակենք:
Հարկ է նշել, որ ԱԳՆ-ի կայքում Էդվարդ Նալբանդյանի խորհրդականների ցանկում Թաթուլյանի անունը բացակայում է:
Դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Ռուբեն Թաթուլյանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ մեղադրելով վեջինիս «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ: Անդրադառնալով ամերիկյան պատժամիջոցներին՝ «Ռոբսոն» մականունով հայտնի գործարարը նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե իր դեմ ինչ պատժամիջոցներ են սահմանվել.
«Ես ոչ մի կապ չունեմ «օրենքով գողերի» հետ: Բացարձակապես ոչ մի բիզնես չունեմ Ամերիկայում և ցանկություն էլ չունեմ ունենալու: Այնտեղի ֆինանսների նախարարը դեբիլ է: Ես նույնսիկ չեմ ցանկանում այդ երկիրը տեսնել քարտեզի վրա: Իմ միակ «ակտիվները» Ամերիկայում այնտեղ ծնված երկու թոռներս են»,- ասել է Թաթուլյանը:
Ըստ պատժամիջոցների՝ Թաթուլյանին և պատժամիջոցների տակ հայտնված մյուս 9 անձանց արգելվում է ԱՄՆ-ի տարածքում զբաղվել բիզնեսով: Բացի դրանից, այդ անձանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ, իսկ այնտեղ ունեցած հաշիվները սառեցվում են:
Հարցազրույցի ընթացքում Ռուբեն Թաթուլյանը խոսել է նաև իր բիզնեսների, ռուսական իշխանությունների հետ ունեցած կապերի, ինչպես նաև սպորտային ոլորտում ունեցած ներդրումների մասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել