HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորների բացակայությունները 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանում․ քանիսն են եղել հարգելի

Ազգային Ժողովի պատգամավորը պարտավոր է մասնակցել ինչպես խորհրդարանի լիագումար նիստերին, այնպես էլ իր անդամակցած հանձնաժողովի և լսումների աշխատանքներին։  ԱԺ կանոնակարգ-օրենքի այս դրույթը օրենսդիրները խախտում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ  սուբյեկտիվ պատճառներով։

Ազգային ժողովի լիագումար նիստերից, հանձնաժողովի նիստերից կամ հրավիրված խորհրդարանական լսումներից պատգամավորի բացակայությունները  հաշվառում է խորհրդարանի աշխատակազմը, նաև խորհրդարանի նախագահին է ներկայացնում քվեարկություններից բացակայած պատգամավորների վերաբերյալ տեղեկանք՝ դրան կցելով բացակայությունները հարգելի համարելու հիմքերը:

Թե հիմքերն ինչ են իրենցից ենթադրում, ըստ որոնց խորհրդարանի աշխատակազմը բացակայությունները համարում է հարգելի, «Հետք» էլեկտրոնային պարբերականի կողմից ԱԺ լրատվական վարչություն ուղարկված մի քանի գրավոր հարցումներից այդպես էլ չհաջողվեց պարզել։ Նախ խնդրել էինք տրամադրել այն հիմքերը, որոնց առկայության պարագայում ԱԺ աշխատակազմը պատգամավորի բացակայությունները համարել է հարգելի: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԱԺ լրատվական վարչությունից պատասխանել են, որ հիմքերը թվարկված են օրենքով:

«Դրանք չեն կարող տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցում առկա են նաև հրապարակման ոչ ենթակա բժշկական փաստաթղթեր»,- ասված է պատասխանում։ Մեկ այլ հարցմամբ խնդրել էինք հստակեցնել, թե ԱԺ աշխատակազմը պատգամավորների՝ հարգելի և ոչ հարգելի բացակայությունների հիմքերի ինչպիսի դասակարգում ունի, տրամադրել ընդհանրացված հիմքերը և ոչ թե կոնկրետ անձին վերաբերող հիմքերը, ինչպես նաև հայտնել, թե Ազգային ժողովի որ իրավասու անձն (անձինք) է որոշում՝ ներկայացված հիմնավորումների պարագայում բացակայությունը հարգելի է, թե ոչ։ Ուղարկել էինք նաև պատգամավորների ցանկ, որոնց բացակայությունը 30-ից ավելի է՝ խնդրելով հստակեցնել, թե այդ բացակայություններից քանիսն են հարգելի։ Մեր այս հարցմանը խորհրդարանի լրատվական վարչությունից մասամբ են պատասխանել՝ հայտնելով, որ հարցման առաջին երկու հարցերը կանոնակարգվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածով և «Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺ որոշման 104-107-րդ կետերով:

Տեղեկացնենք, որ կանոնակարգ-օրենքի 156-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե․

Աշխատակազմի ղեկավարին ներկայացվել է անաշխատունակության թերթիկ։

Աշխատակազմի ղեկավարին ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ.

Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման։                                

Նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում։

Նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, և բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ։

 Շահերի բախում առաջանալու դեպքում նա «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ։

Խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը   մասնակցելուց՝ խմբակցության  հրաժարվելու մասին  հայտարարությամբ: Խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց  հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում.

Նա զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:

Մեր ներկայացրած պատգամավորների բացակայությունների մասին տվյալները ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայի տեսքով։

ինֆոգրաֆիկան՝ Piktochart.com

Ամենաշատ բացակայած պատգամավորը ինչպես նախորդ, այնպես էլ այս գումարման խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է։ Վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի քվեարկություններից (սեպտեմբերի 11-ից մինչ դեկտեմբերի 1-ը) Ծառուկյանը բացակայել է 157 անգամ, որից 121-ը ԱԺ  աշխատակազմը համարել է հարգելի։ Գագիկ Ծառուկյանը որպես պատգամավոր որևէ տեղ չի գործուղվել․ այդ մասին խորհրդարանի կայքում հրապարակում չկա։ Փորձեցինք հասկանալ, թե որպես կուսակցության նախագահ՝ արտերկիր այցելե՞լ է, թե ոչ, քանի որ այդ դեպքում նրա բացակայությունը կարող էր համարվել հարգելի։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակին «Հետք»-ից ուղարկված գրավոր հարցման միջոցով պարզ դարձավ, որ 2017 թվականի ընթացքում Գագիկ Ծառուկյանը մի քանի աշխատանքային այց է ունեցել դեպի արտերկիր։ ԲՀԿ նախագահը հունիսի 21-ից 23-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Լոնդոնում։ Այդ օրերին խորհրդարանում արտահերթ նիստ է գումարվել, որտեղ էլ ընդունվել է 2017-22 թվականների կառավարության ծրագիրը։ Ըստ մեզ տրամադրած տեղեկության՝ Գագիկ Ծառուկյանի մյուս այցելությունը եղել է Բելգիայի Թագավորություն (նոյեմբերի 6-ից 8-ը):  Այս օրերի ընթացքում խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ընթացել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, սակայն Գագիկ Ծառուկյանը՝ որպես խմբակցության ղեկավար, օգտվելով կանոնակարգով նախատեսված լիազորությունից, հրաժարվել է ընդգրկվել որևէ հանձնաժողովի կազմում, ուստի այս այցը չէր կարող ԱԺ աշխատակազմի կողմից համարվել որպես հարգելի բացակայություն։ Թե ինչ սկզբունքով է խորհրդարանի աշխատակազմը 121 բացակայություն համարել հարգելի, դա հասկանալի չէ։ Տեղեկանքները խորհրդարանից չեն կարող տրամադրվել, քանի որ ինչպես մեր հարցման պատասխանում էր նշվում, այնտեղ կան հրապարակման ոչ ենթակա բժշկական փաստաթղթեր։

Տեղեկացնենք նաև, որ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օրացույցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով  ԱԺ Խորհուրդը, ինչպես նաև պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան (նախկինում այդ լիազորությունը պատկանում էր ԱԺ նախագահին)։

 ԱԺ աշխատակազմից մեզ տրամադրած տվյալներով՝ չկա որևէ պատգամավոր, ում անհարգելի բացակայությունները գերազանցեն քվեարկությունների կեսից ավելին։

Պատգամավորների անհարգելի բացակայությունների համար խորհրդարանի աշխատակազմը աշխատավարձերից պահումներ է կատարում․ ԱԺ մշտական հանձնաժողովներից և լիագումար նիստերից բացակայությունների համար պահված աշխատավարձերի մասին «Հետք»-ն ավելի վաղ գրել է։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս գումարման խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկությունները չդադարեցին։ «Հետք»-ն արձանագրել էր, թե ինչպես են ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանը և Նահապետ Գևորգյանը քվեարկում ուրիշների փոխարեն։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 51-ի 3-րդ  կետի՝ պատգամավորն անձամբ է գրանցվում, իսկ հոդված 60-ի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորն  անձամբ է կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկում, ինչպես նաև կարող է հրաժարվել քվեարկությանը  մասնակցելուց։

Շատ բացակայած պատգամավորներից բացի խորհրդարանում աչքի են ընկնում նաև միայն քվեարկելու համար խորհրդարան եկող պատգամավորներ, որոնք որևէ ելույթով, հարցադրմամբ կամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Ինչպես՝ Սամվել Ալեքսանյան, Գրիգոր Ավալյան, Աշոտ Արսենյան, Արթուր Գևորգյան, Նահապետ Գևորգյան, Արայիկ Գրիգորյան, Մանվել Գրիգորյան, Կարեն Կարապետյան, Վահան Կարապետյան, Հարություն Կարապողոսյան, Արկադի Համբարձումյան, Անդրանիկ ՀարությունյանԱրամ Հարությունյան, Արթուր Մանուկյան, Դավիթ Մանուկյան, Մելիք Մանուկյան, Նաիրի Սահակյան, Մերուժան Սիմոնյան, Ռոբերտ Սարգսյան։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական մոդելի։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter