HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Տեսուչների աշխատանքը խոչընդոտելու համար «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել

«Արմօյլ» ընկերությանը (բաժնետոմսերի 50%-ը Գագիկ Ծառուկյանինն է) պատկանող նավթամթերքի վերամշակման գործարանում խոչընդոտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մուտքը ձեռնարկության տարածք: Տեսուչները այնտեղ էին գնացել ստուգումներ իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնի աշխատակիցների մուտքը խոչընդոտելու առնչությամբ «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Սեպտեմբերի 24-ին վարչական վարույթի շրջանակներում նիստ է տեղի ունենալու. «Խոչընդոտման վարույթի շրջանակներում նիստը պետք է տեղի ունենար երեկ, սակայն ընկերությունը միջնորդություն ներկայացրեց այն հետաձգելու վերաբերյալ, որպեսզի պատրաստվեն քննարկմանը»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը:

«Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ տեսուչների մուտքը գործարանի տարածք չի խոչընդոտվել, պարզապես նրանք, ըստ Աբեդիի՝ չեն ունեցել համապատասխան օրինական փաստաթղթեր ստուգումներ անցկացնելու համար:

«Խոչընդոտելը այն է, որ եթե նրանք օրինական ձևով գային ստուգումների, և ես նրանց թույլ չտայի: Բայց այսօր ճամփից եկած ամեն մարդ չի կարող անհիմն փաստաթղթով գալ, ասի՝ ես այսինչ մարմնից եմ, ու ես ասեմ՝ համեցեք»,- ասաց Ալֆրեդ Աբեդին:

Այնուամենայնիվ, ըստ «Արմօյլ»-ի տնօրենի՝ տեսուչներին «ոչ պաշտոնական» ձևաչափով թույլատրվել է մտնել գործարանի տարածք. «Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե մենք անօրինական գործ ենք անում, բոլորին հրավիրեցի, եկան գործարանի լրիվ տարածքը նայեցին, ուսումնասիրեցին, սակայն քանի որ դա «ոչ պաշտոնական» էր, ես նրանց ասեցի, որ ստուգումները չենք ընդունում»,- նշեց գործարարը:

Արթուր Գրիգորյանը հերքեց Ալֆրեդ Աբեդիի այն խոսքերը, թե տեսուչները ստուգումներ անելու համար համապատասխան օրինական փաստաթուղթ չեն ունեցել: Իսկ ինչ վերաբերում է տեսուչների «ոչ պաշտոնական» մուտքին գործարանի տարածք, տեսչական մարմնի ղեկավարը ընդգծեց, որ ստուգումն ունի իր պաշտոնական սկիզբը, ընթացքը, ավարտը, և գործարանում վարչարարություն չի իրականացվել:

«Ի՞նչ է նշանակում՝ տեսուչները մտել են տարածք, նայել են: Վարչարարություն չի իրականացվել, որովհետև խոչընդոտ է տեղի ունեցել, ինչի առնչությամբ վարչական վարույթ է հարուցվել և տուգանք է նշանակվելու»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հավելեց, որ վարույթի ավարտից հետո սկսվելու է ստուգումների գործընթաց և դրա շրջանակներում ընկերությունը պետք է ապահովի բոլոր պայմանները ստուգումները լիարժեք կերպով իրականացնելու համար:

Լուսանկարը՝ «Արմօյլ»-ի հիմնադիր-սեփականատեր Հենրիկ Տեր-Ղուկասյանի «Ֆեյսբուքի» էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter