HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան և ինչի վրա են գումար ծախսում հայաստանցիները

Հայաստանում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական ծախսում է միջինը 44 413 դրամ։ Նման եզրահանգման է եկել Վիճակագրական կոմիտեն «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը կազմելիս, որը ցույց է տալիս 2017թ. պատկերը։  

Միջին վիճակագրական հայաստանցին իր ծախսերի մեծ մասն ուղղում է սնունդ ու ոչ պարենային ապրանքներ ձեռք բերելուն, ինչպես նաև՝  կոմունալ վճարներին։

Նկատենք, որ այս սպառողական ծախսերը չեն ներառում հարկերը, դրամահավաքները, պարտքերի մարումը, ալիմենտների վճարումը, տուգանքները, վարկերի մարումը և այլն։

Ինչպես նշեցինք, 2017թ. տվյալներով՝ Հայաստանում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսը կազմում է 44 413  դրամ։ Դրանից 18 446 դրամը կամ ծախսերի 41.5 %-ն ուղղվում է սնունդ ձեռք բերելուն։ Ոչ պարենային ապրանքներին բաժին է հասնում 8 497 դրամը, իսկ ծառայություններին՝ 15 500 դրամը։

Ծառայությունների կազմում ամենամեծը (6 495 դրամ) բնակ-կոմունալ վճարներն են, որը կազմում է քաղաքացու ամսական ընդհանուր ծախսերի 14.6 %-ը։ Համեմատության համար առողջապահությանն ուղղվում է 5.6 %-ը՝ 2 490 դրամ, իսկ կրթությանն՝ ընդամենը 2.4 %-ը կամ 1 047 դրամ։

Մասնագետները համարում են, որ տնային տնտեսությունների ծախսերի ցուցանիշներն առավել վստահելի են եկամուտների համեմատ, քանի որ եկամուտները հաճախ թաքցվում կամ ավելի պակաս են նշվում հարցվողների կողմից. նրանք հակված են չբացահայտել իրենց եկամուտները:  

Ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի կառուցվածքը խիստ տարբեր է՝ ըստ դեցիլային խմբերի։ Այսինքն՝ ըստ տարբեր խավերի։ Առավել քիչ եկամուտ ունեցող հայաստանցիների ծախսերի կազմում սնունդը ոչ միայն առաջնային է, այլև զբաղեցնում է ծախսերի կեսից ավելին։ Իսկ ավելի մեծ եկամուտ ունեցողները ծախսերի առավել մեծ մասն ուղղում են ծառայություններին։ Ծառայություններ ասելով՝ պետք է հասկանալ կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը, իրավաբանական ծառայությունները և այլն։

Ընդհանուր առմամբ անապահով տնային տնտեսությունների սննդի համար կատարվող ծախսերի մասնաբաժինն ընդհանուր սպառողական ծախսերի կազմում ավելի մեծ է, քան միջին հանրապետականը:

Մասնավորապես, 2017 թվականի տվյալներով՝ ամենաանապահով խմբի (առաջին դեցիլային խումբ) մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի կառուցվածքում սնունդը զբաղեցնում է 56.9 %-ը, ոչ պարենային ապրանքները՝ 12.6 %-ը, իսկ ծառայությունները՝ 27.1 %-ը, մնացած 3.4 %-ը ալկոհոլն ու ծխախոտն են։

Համեմատության համար նշենք, որ ամենաապահով խմբի (տասներորդ դեցիլային խումբ) ծախսերի կազմում սննդի տեսակարար կշիռը 25.1 % է, ոչ պարենային ապրանքներինը՝ 20.1 %-ը, ծառայություններինը՝ 49.7 %-ը, ալկոհոլինը և ծխախոտինը՝ 5.1 %-ը։

«Երբ Էներգակիրների վրա ծախսվող գումարները դիտարկվում են ըստ սպառողական ծախսերի դեցիլային խմբերի բաշխվածության, ապա պարզ երևում են սպառման մեջ առկա տարբերությունները: Այսպես, 2017թ.-ին գազի վրա առաջին դեցիլային խումբը միջինում մեկ շնչի հաշվով ծախսել էր ամսական 1165 դրամ, տասներորդ դեցիլային խումբը` 5 433 դրամ, իսկ Էլեկտրաէներգիայի վրա, համապատասխանաբար` 1 384 և 4 167 դրամ»,- նշված է Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Անգամ տարբեր է ծախսերի կառուցվածքը գյուղերում ու քաղաքներում։  Ճիշտ է՝ երկու դեպքում էլ սնունդը «խլում» է ընտանեկան բյուջեի ամենամեծ մասը, սակայն քաղաքում ապրողները տոկոսային առումով ավելի քիչ են գումար տրամադրում սննդին, քան գյուղերում։

Այսպես, 2017թՀայաստանի քաղաքային բնակավայրերում ընտանիքի յուրաքանչյուր անդամի ամսական ծախսերը կազմել են 48 611 դրամ, մինչդեռ գյուղական բնակավայրերում այս ցուցանիշն ավելի ցածր է՝ 37 753 դրամ։ Քաղաքներում ծախսերի 38.4 %-ն է ուղղվում սննդին, իսկ գյուղերում՝ 47.9 %-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter