HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր պետության հիմնասյուներից մեկը հայագիտությունն է. պետք է ոչ թե թուլացնել, այլ հզորացնել այն»

Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներին նվիրված մեր շարքում վերջինը հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքն է, որը ներառում է 8 ինստիտուտ (Պատմության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի, Տնտեսագիտության, Հնագիտության եւ ազգագրության, Արեւելագիտության, Լեզվի, Գրականության, Արվեստի), ինչպես նաեւ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն ու «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: Այս հոդվածը Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մասին է:  

Ինստիտուտն ակադեմիայի տարեկիցն է՝ հիմնադրվել է 1943-ին: Ի սկզբանե գտնվում էր Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ Աբովյան 15 հասցեում: Այստեղ էր նաեւ Տնտեսագիտության ինստիտուտը: 2000-ականներին որոշում կայացվեց քանդել այդ շենքը, տեղում կառուցել վեհարան՝ կաթողիկոսի երեւանյան նստավայր, միաժամանակ բացել տեսարանը դեպի 13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին, որը գտնվում էր շենքի հետնաբակում: Արդյունքում լեզվաբաններն ու տնտեսագետները տեղափոխվեցին Գր. Լուսավորչի 15 հասցե, որը կիսում են գրականագետների եւ այլ հիմնարկների հետ:

IMG_9169.jpg (513 KB)

Մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված ինստիտուտն այսօր կենտրոնացված ջեռուցում չունի: Ձմռանը սենյակները տաքացնում են էլեկտրական ջեռուցիչներով, մի քանի սենյակներում էլ օդորակիչներ կան: Ցուրտը, սակայն, լեզվաբաններին չի հուզում, ամեն մեկն իր սենյակում զբաղված է ինչ-որ հետազոտությամբ: Խնդիրներից չեն սիրում խոսել, փոխարենը ժպիտով ներկայացնում են կատարած աշխատանքը:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

75-ամյա ինստիտուտը

Ինստիտուտը հիմնադրումից հետո անվանակոչվել էր արեւելագետ, լեզվաբան Նիկողայոս Մառի անվամբ, սակայն 1960-ականների սկզբին անվափոխվել է լեզվաբան Հրաչյա Աճառյանի անունով: Ինտիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանն ասում է, որ Մառի անունով կոչելը պատահական չէր, քանի որ այն տարիներին Մառի տեսությունը լեզվաբանության մեջ շատ հայտնի էր, չնայած որ դրանում  բավականին սխալներ կային:

IMG_9113.jpg (358 KB)

Ըստ դոկտոր Կատվալյանի՝ Մառը մեծ դեր ունի հայագիտության ոլորտում, բայց նրա մշակած տեսությունն ընդունելի չէր: Ն. Մառը գտնում էր, որ հայերենը խառնածին լեզու է: Այդպես էին կարծում նաեւ նրա հետեւորդները, որոնց շարքում էր Գեւորգ Ղափանցյանը: Ըստ այդմ՝ հայերենն ունի խառը կազմություն, այսինքն՝ կան թե՛ ասիական, թե՛ հնդեվրոպական լեզվաընտանիքների շերտեր: Հետագայում, ըստ Վ. Կատվալյանի, հաստատվեց, որ հայերենը հնդեվրոպական լեզու է, խառնածին չէ: «Իհարկե, ցանկացած լեզու անխառն չի կարող լինել, խնդիրն այն է, թե հիմնական շերտը որն է, հիմնական բառաֆոնդը, քերականական իրողություններն ինչպիսին են»,- նկատում է ինստիտուտի տնօրենը:

3 նոր բաժին՝ Լեզվի ինստիտուտում

Վիկտոր Կատվալյանը ԼԻ-ն ղեկավարում է 2012-ից: Մեր զրույցն սկսելուց առաջ տնօրենը մեզ է նվիրում ինստիտուտի 75-ամյակին նվիրված գիրքը, որտեղ ներկայացված է դրա ամբողջ պատմությունը՝ բաժիններով, խնդիրներով ու ձեռքբերումներով: ԼԻ-ն այսօր ունի 7 բաժին (արդի հայերենի, արեւմտահայերենի, բառարանագրության, բարբառագիտության, ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, հայոց լեզվի պատմության), որից 3-ը, ըստ Կատվալյանի, բացվել են իր օրոք: Բաժինները փոքր են՝ հիմնականում 8-9 աշխատակցով:

IMG_9158.jpg (478 KB)

2013-ին ԼԻ-ում հիմնվել է արեւմտահայերենի բաժինը: Վ. Կատվալյանն ասում է, որ դրանում կարեւոր դեր է խաղացել նաեւ սփյուռքի նախարարությունը: Բաժինը զբաղվում է արեւմտահայերենի ուսումնասիրությամբ ու խնդիրներով: Ըստ գիտնականի՝ 1860-ականներից հետո արեւմտահայերենի գիտական քերականություն չկա. եղածները կա՛մ դասագրքեր են, կա՛մ արեւելահայերենի հետ զուգահեռ ուսումնասիրություններ: Քանի որ ակադեմիական ամբողջական քերականություն չկա, բաժինը խնդիր ունի ստեղծել արեւմտահայերենի գիտական ընդարձակ, ամբողջական քերականություն, ինչպիսին կա ժամանակակից գրական արեւելահայերենի համար: Բաժնում աշխատանքի են ընդունվել արեւմտահայերենի կրող մասնագետներ: Մեր զրուցակիցը հիշում է, որ 2013-ին Հայաստանում շատ էին Սիրիայից եկած հայերը, նրանց թվում՝ բարձրակարգ մասնագետները: Հատկապես առանձնացնում է պատմաբան, լեզվաբան Հակոբ Չոլաքյանին: Չնայած այսօր այս բաժինը 4 աշխատակից ունի, տնօրենն ասում է, որ ապագայում եւս աշխատակիցներ են ընդունելու, որոնք կլինեն արեւմտահայերենի կրողներ:

Նորաբացներից է նաեւ ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության բաժինը, որն զբաղվում է հայերենի ու հնդեվրոպական այլ լեզուների փոխհարաբերությունների, նաեւ հայերենի եւ հին լեզուների ուսումնասիրությամբ:

IMG_9130.jpg (423 KB)

«Նպատակ ունենք, օրինակ, մասնագետների առկայության դեպքում հայերենի եւ այսպես կոչված ուրարտերենի համեմատական ուսումնասիրություններ սկսել: Այստեղ շատ հետ ենք մնացել: Շրջակա այլ երկրները, օրինակ՝ Վրաստանը, իրենց ձեռքն են վերցնել այդ ոլորտը, ուսումնասիրում են՝ մոռանալով, որ այսպես կոչված ուրարտերենը Հայաստանի տարածքում է եղել եւ, իմ խորին համոզմամբ, հայերենի դրսեւորում է»,- նշում է ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ «ուրարտերեն» տերմինը հորինված է:

Երիտասարդ է նաեւ բառարանագրության բաժինը, որն ունի 4 աշխատակից: Վերջիններս ընթերցում են գրքեր, թերթեր, կայքեր՝ դուրս գրելով նորաստեղծ բառերը, դրանք համեմատելով եղած բառարանային նյութի հետ. եթե բառն արձանագրված չէ, ապա նորակազմություն է, բայց հնարավոր է նաեւ, որ այդպիսին չլինի. օրինակ՝ այն ստեղծված լինի 1995-ին, սակայն ոչ մի բառարանում արձանագրված չլինի: Ըստ դոկտոր Կատվալյանի՝ քանի դեռ բառը բառարանում չի արձանագրվել, փաստ չէ:

IMG_9133.jpg (373 KB)

ԼԻ-ն ունի նաեւ 12-13 բարբառագետ, որոնք իրենց բաժնով մի շարք ծրագրեր են իրականացնում, մասնավորապես՝ ուսումնասիրում են մինչ այժմ չհետազոտված բարբառային միավորները: Բաժնի ղեկավարը հենց Վիկտոր Կատվալյանն է: Նշում է, որ այս պահին մասնագետներն զբաղվում են Համշենի տարբեր խոսվածքների, Ակնի բարբառի ուսումնասիրությամբ: Վերջերս ուսումնասիրել են նաեւ Բայազետի բարբառը: 

«Հիմա մեկ այլ կարեւոր ծրագիր ենք անում, պատրաստում ենք ՀՀ բարբառային համապատկեր, այսինքն՝ Հայաստանի յուրաքանչյուր գյուղի բարբառային խոսքի նկարագրությունն ենք տալիս, ենթադրենք՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ինչպես են խոսում: Առաջին հատորը լույս է տեսել»,- ասում է դոկտոր Կատվալյանը: Ըստ մարզերի՝ 10 համապատկերով նկարագրելու են Հայաստանի բարբառները: Գեղարքունիքից հետո անդրադարձել են Կոտայքի մարզին, որն արդեն պատրաստ է, առաջիկայում կանցնեն Արագածոտնին:

IMG_9146.jpg (412 KB)

Կիրառական լեզվաբանության բաժինն էլ իրականացնում է թվայնացման աշխատանքներ, ծրագրեր ստեղծում լեզվաբանական ուսումնասիրության համար: Մասնագետները մշակում են ալգորիթմներ, որոնցով կարելի է ճանաչել նոր բառերը, ստեղծել են նաեւ համաբարբառների էլեկտրոնային շտեմարան՝ hamabarbar.am:

ԼԻ-ն ունի նաեւ արդի հայերենի եւ հայոց լեզվի պատմության բաժիններ: Առաջինն ուսումնասիրում է, մասնավորապես, արդի հայերենի բառապաշարի, քերականական իրողությունների, խոսակցական հայերենի կառուցվածքի եւ գործածության խնդիրները, երկրորդը՝ պատմության ընթացքում հայոց լեզվի զարգացման ընթացքը լեզվաբանական տեսանկյունից:   

Ամենաբարձր աշխատավարձը 169 հազար դրամ է

Վիկտոր Կատվալյանն ասում է, որ խորհրդային տարիներին ԼԻ-ն մինչեւ 150 աշխատակից է ունեցել, իսկ այսօր դրա նույնիսկ կեսը չկա: Ներկայում ունեն 67 աշխատակից, որից 57-ը գիտական անձնակազմն է:

IMG_9141.jpg (378 KB)

Այստեղ աշխատող գիտության դոկտորների աշխատավարձի չափը լսելուց հետո զարմանում ենք: Պարզվում է՝ այս մակարդակին հասած գիտնականները պետությունից ստանում են ընդամենը 70-80 հազար դրամ «մաքուր» աշխատավարձ: Ոմանք գուցե հավելեն, թե նրանք դոկտորի աստիճանի համար ստանում են նաեւ 50 հազար դրամ հավելավճար, սակայն չմոռանանք, որ այս գումարը հարկվում է, ինչը նշանակում է, որ աշխատավարձը 100 հազարից մի փոքր է բարձր: Ընդհանրապես, ԼԻ-ում ամենաբարձր «մաքուր» աշխատավարձը 169 հազար դրամ է:

Ահա Լեզվի ինստիտուտի ֆինանսավորումը պետբյուջեից՝ համաձայն բյուջեի մասին օրենքների հավելվածների:  

ԼԻ
Infogram

Վ. Կատվալյանի տրամադրած թվերի համաձայն՝ 2016-2018 թթ. ԼԻ-ն ստացել է ֆինանսավորում հետեւյալ չափով:

LI-finance.jpg (31 KB)

«Մեր աշխատավարձը շատ սիմվոլիկ է, կարելի է ասել, որ հայրենանվեր աշխատանք ենք կատարում: Ունենք ակադեմիայի թղթակից անդամ, որն առավոտից երեկո աշխատում է այդ չնչին աշխատավարձով: Ունենք նաեւ աշխատակիցներ, ովքեր ստիպված այլ աշխատանք են անում, դասավանդում են բուհերում: Երազում ենք այն օրերի մասին, երբ մեր աշխատողները կունենան նորմալ աշխատավարձ ու իրենց ուշադրությունը գիտական խնդրին կբեւեռեն»,- նշում է տնօրենը:

Նոր բաժիններ հիմնելու նպատակ կա

Վ. Կատվալյանը հրատապ խնդիր է համարում տերմինաբանության բաժին ունենալը: «Գիտությունը, կյանքը շատ արագ է զարգանում, նոր իրողություններ են ստեղծվում, դրանք անուններ պետք է ունենան, երբեմն վերցնում ենք օտար անվանումները, երբեմն էլ ինչ-որ մարդիկ սկսում են թարգմանել, ու միշտ չէ, որ դա ընդունելի է: Պետք է ունենանք բաժին, որն անդրադառնա բոլոր բնագավառներին, մշակի տերմինաբանություն՝ համագործակցելով տվյալ ոլորտի մասնագետների հետ: Տերմինաբանության ոլորտում հայերենն այսօր մի քիչ հետ է մնում»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

IMG_9142.jpg (110 KB) IMG_9132.jpg (95 KB)

Կարեւորվում է նաեւ փորձառական հնչյունաբանության բաժնի ստեղծումը, ինչպիսին նախկինում եղել է, սակայն հետո անտեսվել է: «Սա նաեւ այլ ոլորտների համար արժեք ունի: Օրինակ՝ անձի տոնով, հնչերանգով կարելի է որոշել, թե ում խոսքն է, դա կարող է դատական պրոցեսներում կարեւոր նշանակություն ունենալ»,- նկատում է Վ. Կատվալյանը:

IMG_9148.jpg (352 KB)

Փորձառական հնչյունաբանության լաբորատորիայի բացումը, լեզվաբանների հաշվարկով, 5 հազար դոլարի պատմություն է. դրանով լաբորատորիայում կարող են ձայնագրություններ եւ ուսումնասիրություններ անել: Մասնագետները տարիքով են, խորհրդային տարիներին աշխատած, բայց տնօրենն ասում է, որ նրանց շնորհիվ կարող են զարգացնել ճյուղը, նաեւ նոր կադրեր պատրաստել:

«TOEFL»-ը՝ ասպիրանտուրա ընդունվելու խոչընդոտ

Ինչպես գիտական մյուս ինստիտուտներում, այստեղ էլ երիտասարդները քիչ են: Նոր սերունդը դժվարությամբ է գնում գիտության ոլորտ:

IMG_9153.jpg (450 KB)

Դոկտոր Կատվալյանը իբրեւ խոչընդոտ, բացի ցածր աշխատավարձից, նշում է նաեւ ասպիրանտուրա ընդունվելու համար պարտադիր պայման համարվող անգլերենի «TOEFL» քննությունը: Ընդ որում՝ նա միակը չէ այս հարցում: Տնօրենը շեշտում է, որ դիմորդը կարող է բարձր միավորներ ստանալ «TOEFL»-ից, սակայն մասնագիտական գրականություն չկարողանա կարդալ, այսինքն՝ այն միայն ընդհանուր հաղորդակցության հնարավորություն է տալիս: Վ. Կատվալյանն առաջարկում է «TOEFL»-ի փոխարեն օտար լեզվի քննություն հանձնել բուհական մակարդակով, ինչից հետո ասպիրանտուրայում ուսանողն օտար լեզու կսովորի արդեն մասնագիտական դաշտում: Սա, ըստ գիտնականի, արդյունավետ կլինի: Ապա ավելացնում է, որ իրենց աշխատակիցներից մեկը կամավոր սկզբունքներով կազմակերպում է անգլերենի անվճար դասընթաց:

Տնօրենը նշում է, որ երիտասարդ լեզվաբաններին ուշադրության կենտրոնում են պահում: Երիտասարդների նախաձեռնությամբ նախորդ տարի մագիստրատուրա են բացել ինստիտուտում, սակայն դիմորդները քիչ են եղել: Կատվալյանի ասելով՝ ֆինանսավորման խնդրի պատճառով իրենց առաջարկվել էր կա՛մ չբացել այն, կա՛մ անվճար աշխատել: Ընտրել են երկրորդ տարբերակը եւ հիմա 5 ուսանող ունեն: Երիտասարդ լեզվաբան Մերի Սարգսյանն էլ ընդգրկված է Հայաստանի 100 արդյունավետ գիտնականների շարքում:

IMG_9155.jpg (521 KB)

Ֆինանսավորման նվազեցման պատճառով ինստիտուտում աշխատակիցներ չեն կրճատվել, փոխարենը նվազեցվել է տպագրությունների քանակը: Գիտական աշխատանքների հրատարակումը նպատակային իրականացնելու համար ստեղծել են գիտահրատարակչական խորհուրդ: Նորամուծություններից է նաեւ շաբաթական երկու անգամ գիտական քննարկումներ կազմակերպելը: Նպատակը գիտական մտքի աշխուժացումն է: Քննարկումներին կարող են մասնակցել նաեւ ինստիտուտի աշխատակից չհանդիսացողները:

«Մի՞թե առանց գիտության կարող է երկիր զարգանալ»

Վիկտոր Կատվալյանը մտահոգություն է հայտնում, թե անընդհատ շշուկներ են լսում ակադեմիան փակելու, ինստիտուտները միացնելու մասին: Ասում է՝ իրենք ցանկանում են, որ ակադեմիան իր փառավոր ընթացքը շարունակի: «Ակադեմիան փակելով ի՞նչ են առաջարկում, նպատակը ո՞րն է, երբ կա գիտական համակարգ, որը շատ արդարացնում է իրեն»,- կիսահռետորական հարցադրում է անում գիտնականը, ապա շարունակում, թե գիտության ոլորտը քիչ-քիչ նեղացնելով մի՞թե նպատակն այն փակելն է:

IMG_9164.jpg (493 KB)

«Մի՞թե սա էր մեր նպատակը, մի՞թե առանց գիտության երկիր, պետություն կարող է զարգանալ, մանավանդ հայագիտությունը: Մեր պետության հիմնասյուներից մեկը հայագիտությունն է, եւ պետք է հնարավորինս զարգացնել լեզվի, արվեստի, պատմության ուսումնասիրությունը, այս հաստատությունները պետք է ոչ թե թուլացնել, կցմցել, փակել, այլ հզորացնել»,- ասում է մեր զրուցակիցը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter