HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

1 մլն 212 հազար դրամի վնաս կրած տնտեսությանը փոխհատուցել են 72,000 դրամ

Լեռնագոգ համայնքում օրեր առաջ ավարտվել է 2018թ. մայիսի 21-ի ջրհեղեղի հետևանքով գյուղատնտեսությանը հասցված նյութական վնասի մասնակի փոխհատուցման գործընթացը: 53 գյուղացիական տնտեսության վնասը գնահատվել է ընդամենը 433,483 դրամ:

Նշենք, որ Կառավարությունը 2018թ. նոյեմբերի 29-ի 1405-Ն որոշմամբ նույն տարվա տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացրել էր մոտ 493 մլն դրամ: Գումարը հատկացվել էր  կառավարության պահուստային ֆոնդից: Կառավարությունը ամենաշատ գումարը` մոտ 250 մլն դրամ, հատկացրել էր Արմավիրի մարզին:

«Հետք»-ն անդրադարձել էր Լեռնագոգի ջրհեղեղի հասցրած վնասներին: 53 տուժածներից միայն 8-ի փոխահուցումն է գերազանցում 10.000 դրամը, ամենաշատը՝ Արմինե Խաչատրյանի փոխհատուցումն է՝ 72.000 դրամ, մյուսներինը տատանվում է 11-22 հազար դրամի միջակայքում: Իսկ 43 հոգի փոխհատուցում է ստացել ընդամենը 4-8 հազար դրամի չափով:

Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ գյուղացիները շնորհակալ են, որ կառավարությունն իրենց ընդհանրապես ուշադրություն է դարձրել, սակայն գոհ չեն փոխհատուցված գումարներից: Համայնքապետի խոսքերով՝ 4-5 հազար դրամը որևէ մեկի կյանքում դրական փոփոխություն չի բերել: Գյուղացիները համայնքապետին ասել են, որ լավ կլիներ այդ գումարը հատկացնեին համայնքապետարանին՝ ճանապարհները վերանորոգելու նպատակով:

Ջրհեղեղից քանդվել էին պարիսպներ, փլվել էին անասնագոմեր, քանդվել է նաև գյուղի 250 մետր երկարության ճանապարհը: Սարգիս Մարգարյանի փոխանցմամբ՝ այդ ուղղությամբ որևէ փոխհատուցում չի եղել, խոսակցություններ էլ չկան: Մարզպետարանի և տարածքային կառավարման նախարարության մասնագետների հաշվարկներով վնասի ընդհանուր չափը կազմում է մոտ 7 մլն դրամ, որից 6 մլն դրամը ճանապարհին հասցրած վնասն է: Համայնքապետը նշում է, որ գարնան սկիզբ էր, համեմատաբար վնասն ավելի քիչ է եղել:

Գյուղացիների փոխհատուցումը համընկավ տոներից առաջ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեկտեմբերի 25-ի կարգադրության հետ, որով աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսել էր իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին: Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափով), իսկ մյուսներին՝ 57 %-ի չափով: Օրինակ, մարզպետի ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, նույնքան էլ պարգևատրում է ստացել, իսկ մարզպետի տեղակալների աշխատավարձը 529 հազար 120 դրամ է, և յուրաքանչյուրը պարգատրվել է 304 հազար 561 դրամի չափով: Այս կարգադրությամբ պարգևատրման ընդհանուր գումարը կազմում էր մոտ 1 մլն 718 հազար դրամ:

Ստացվում է, որ միայն մարզպետի կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցների պարգևատրման գումարը մոտ 4 անգամ գերազանցում է բնական աղետի հետևանքով տուժած գյուղացիների փոխհատուցման գումարների չափից: Հարց է առաջանում, արձանագրած ի՞նչ արդյունքների համար են պարգատրվել, երբ մարզում առկա է վերը նշված պատկերը: Եվ սա միայն մեկ գյուղում:

Գրել էինք, որ Արմինե Խաչատրյանն ու ամուսինը մասնագիտությամբ անասնաբույժներ են: Մոտ 30 տարի աշխատել են տարբեր թռչնաֆաբրիկաներում: Որոշել են այլևս ուրիշի մոտ չաշխատել և սեփական ֆաբրիկան ունենալ, բիզնես սկսել: Ժամանակավոր, կամ ինչպես Արմինեն է ասում՝ գուցե հիմնական, Երևանից տեղափոխվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնք: Գյուղում վարձով են բնակվում: Իրենց նորաստեղծ թռչնանոցի ճտերին բերել էին Եկատերինբուրգ քաղաքից՝ ածան հավեր ստանալու համար: Սակայն, հեղեղը քշել էր ճտերին, մի մասն էլ սատկել էին տեղում:

Կառավարությունն իր փոխհատուցման որոշման մեջ առանձին նշագրում է կատարել սատկած ճտերին: Արմինեն մեզ հետ զրույցում ասաց, որ ջրհեղեղից սատկել է 650 ճուտ: Մինչդեռ կառավարության որոշման մեջ նշված է 600: Բացի այդ, վնասի չափը կազմել է մտ 2500 դոլար( 1 մլն 212 հազար դրամ): Կառավարությունն անհասկանալի թվաբանությամբ վնասի չափը հաշվարկել է 240,000 դրամ: Կառավարությունը հաշվարկած 240,000 դրամ վնասից փոխհատուցել է ընդամենը 72,000 դրամ՝ 30 %-ի չափով:

«Հետաքրքիր է, ինչու՞ են այդպես որոշել: Ամբողջ թղթերը կա, որ Եկատերինբուրգից են ճտերը բերված, տեղափոխել ենք ինքնաթիռով և մեզ վրա նստել է 600 դրամ: Մեկ օրական ճտեր ենք գնել, պահել ենք մեկ ամսից ավել, ո՞նց կարող է դրանից հետո թռչունն արժենալ 400 դրամ»,- ասում է Արմինե Խաչատրյանը: Նա հավելեց, որ մեծ վնասներ են կրել՝ կերակրել են, ջեռուցել տարածքը, թռչուններին տվել են վիտամիններ, կատարել են պատվաստումներ և 72,000 դրամը չի կարող մեղմել իրավիճակը:

Արմինե Խաչատրյանն ասաց, որ բնական աղետից հետո իրենց տնտեսություն են այցելել համայնքապետարանից և մարզպետարանից: Բոլորին ներկայացրել է թե´ իր կատարած ծախսերը, թե´ վնասները: Ընդամենը զրուցել են, լուսանկարել տարածքը, արձանագրել ու գնացել են: Արմինեն նշեց, որ որևէ մեկին փոխհատուցման համար չեն դիմել, վարկերով զրոյից տնտեսություն են հիմնել:

«Գյուղզարգացման վարկեր էին տրամադրում, մենք՝ ամուսիններով, Արմավիր քաղաքում աշնանը 3 օր սեմինարների էլ մասնակցեցինք: Թռչնաֆաբրիկան հիմնելու համար մեծ տոկոսով վարկեր ենք վերցրել: Հույս ունեինք, որ 5 %-ով տրամադրվող վարկով կմեղմենք մեր տնտեսության ծանր վիճակը: Պատկերացրեք, որ դա էլ մերժեցին: «ԱԿԲԱ» բանկից եկան, հաշվարկ արեցին, տեսան, որ իրոք տնտեսություն ունենք, եկամուտը բավարար է: Մենք շատ գումար էլ չէինք ուզում, ընդամենը 3 մլն դրամ, բայց հետո ասացին, թե չենք կարող տրամադրել, քանի որ վարկեր ունեք և այլն: Գոնե դրանով չուրախացանք, պիտի կեր գնեինք, աշնանն ավելի էժան էր, բայց մարդիկ չտվեցին»,- հավելեց Արմինե Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter