HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Զավեշտալի էր հետևել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ պարգևավճարների համար քննադատում կառավարությանը»

Աշխատավարձերը և պարգևավճարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգևավճարների և աշխատավարձերի համար: Այս մասին ֆեյսբուք ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մամուլում տարբեր գերատեսչությունների ղեկավարների կողմից՝ իրենց և իրենց աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների մասին հրապարակումներին:

Հիշեցնենք, որ մի քանի մարզպետների և Երևանի քաղաքապետի տրամադրած պարգևավճարների մասին գրել է նաև «Հետք»-ը:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մասն են կազմում: Նրա խոսքով՝ երբ ինքը ստանձնել է կառավարության ղեկավարումը, եղել է ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական համակարգի աշատողները կամ նրանց մի մասը ստացել են պարգևավճարներ: 

«Այս համակարգը վերաբերվել է պետական կառավարման գրեթե ամբողջ համակարգին: Եվ շատ զավեշտալի էր հետևել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում մարզպետարաններին կամ կառավարության ներկայացուցիչներին, որ նրանք պարգևավճար են նշանակել: Պատգամավորները չեն ասում, որ դեկտեմբերին իրենք նույնպես ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, որը վերջին շատ երկար տարիներին ավանդույթ է»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշեց, որ երբ ինքը պատգամավոր է եղել, բոլորի նման միշտ ստացել է «13-րդ աշխատավարձը»: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է նույն կերպ շարունակել պարգևավճարների տրամադրումը՝ մինչև լուծվի «աշխատավարձերի հետ կապված թնջուկը»:

«Երբ խոսքը է գնում կառավարության կառուցվածքի փոխվելու և դրա արդյունքում որոշ աշխատատեղեր կրճատվելու մասին, այդ նույն ուժերն ասում են՝ բա էդ մարդկանց սոցիալական վիճակի մասին չե՞ք մտածում: Իսկ երբ նրանք ստանում են 13-րդ աշխատավարձ, ասում են՝ ոնց, էդ իրանց աշխատավարձ եք տալի՞ս: Մենք պետք է կողմնորոշվենք այս հարցում»,- նշեց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ եղել են դեպքեր, որ իրենք տարբեր մասնագետների հրավիրվել են պետական կառավարման համակարգում աշխատելու, ընդհուպ մինչև նախարար, սակայն նրանք հրաժարվել են՝ ցածր աշխատավարձի պատճառով, քանի որ իրենց աշխատավայրերում անհամեմատ ավելի բարձր են վարձատրվում: 

«Պետական բյուջեն վարձատրության մաս է պետական կառավարման համակարգի աշխատողների համար, և պետբյուջեն հենց այդ նպատակով էլ այդ գումարը հատկացրել է: Հիմա ասում են՝ բա մարզպետները իրենք իրենց պարգևավճար են նշանակել, էդ նույն է, ոնց որ ասենք կառավարությունը ինքն իրեն աշխատավարձ է տալիս: Բա գործադիր մարմինը իրենք են ու էդ որոշումը իրենք պետք է կայացնեն, և դա ընդամենը աշխատավարձի հավելում է, այն աշխատավարձի, որն ըստ համատարած կարծիքի՝ շատ ցածր է և թույլ չի տալիս, որ պետական կառավարման համակարգում աշխատողները մեծ ջանք գործադրեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շատ դեպքեր գիտի, երբ մարզպետարաններին դիմած քաղաքացիներին օգնելու համար մարզպետները իրենց գրպանից են գումար հատկացրել, քանի որ մարզպետարանների ֆոնդերը չեն բավարարել: 

«Պարգևավճարը որ բաժանում ենք տարվա ամսիներին, ապա ամիսը գալիս է մոտավորապես 50 հազար դրամի աշխատավարձի հավելում: Դա մե՞ծ պրոբլեմ է: Ուրեմն եկեք որոշենք և պետական կառավարման համակարգի աշխատողներին աշխատավարձ չտանք: Էդպես չի լինում, ժողովու՛րդ ջան: Ասում են՝ մարզպետը ինքն իրեն աշխատավարձ է տալիս: Բա ինքն է էդ սուբյեկտը, ո՞վ պետք է տա»,- եզրափակելով պարգևավճարների թեման՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter