HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոմաս դե Վաալ. «Վերադարձը Վիեննայի հանձնառություններին շունչ կտա բանակցային գործընթացին»

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը

-Պարոն դե Վաալ, օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սա նշանակում: Արդյոք սա բանակցությունները վերջնական փուլ տանելու սկի՞զբն է, թե՞ շատ հեռու ենք այդ կետից:

-Մենք դեռ հեռու ենք բանակցությունների վերջնական փուլից: Փարիզում տեղի ունեցած հանդիպումը չափազանց դրական էր, բայց այն պետք է դիտարկել վատ նորություններով լի տարիների ֆոնին, ինչպես նաև այն իրավիճակի, երբ 2016-ին երկու երկրները փաստացի հանգեցին քառօրյա պատերազմի: Ըստ էության, 2011-ի Կազանի հանդիպումից հետո գործուն բանակցային գործընթաց չի եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հիմա գլխավորապես այն պատճառով, որ Հայաստանում նոր կառավարություն է, կողմերը թարմ հայացքով են նայում իրավիճակին և, կարծես, պատրաստ են վերսկսելու բանակցային գործընթացը: Լավ է, որ նրանք կրկին պատրաստ են լրջորեն խոսել, շատ լավ է նաև, որ քաղաքական գործիչները հիշում են, որ հասարակությունը կարիք ունի ներգրավվել խաղաղ գործընթացում: Բայց մենք երբեք չպետք է մոռանանք, որ նրանք սկսում են չափազանց վատ կետից, և բանակցային դիրքերը դեռ շատ հեռու են միմյանցից:

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի հայտարարել է, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսեն Արցախի իշխանությունները: Այս մասին բարձրաձայնում է նաև Ստեփանակերտը: Արդյոք հավանական եք համարում պաշտոնական Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան տեսանելի ապագայում:

-Ներկայումս բանակցային գործընթացը տեղի է ունենում Բաքվի և Երևանի միջև, իսկ Մինսկի խմբի համանախագները շարունակում են այցելել Ղարաբաղ` խորհրդակցելով այնտեղի դե ֆակտո իշխանությունների հետ: Սա է իրողությունը 1998-ից ի վեր: Այս փուլում գրեթե անհավանական է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ տան, որ Ղարաբաղի հայերը վերադառնան բանակցային սեղան: Կարծում եմ՝ լավագույն հեռանկարն այն է, որ առաջընթաց լինի բանակցություններում, և բանակցային ձևաչափն ընդլայնվի՝ ընդգրկելով այլ «բաժնետերերի»: Որոշ հարցերում դրանք կլինեն Ղարաբաղի հայերը, որոշ հարցերում էլ՝ Ղարաբաղի ադրբեջանցիները: Բայց որպեսզի սա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ բանակցություններում ավելի շատ բովանդակություն լինի: Ներկայում, եկեք ազնիվ լինենք, շատ քիչ բան կա, որ Ստեփանակերտը կարող է ավելացնել նրան, ինչ ասում է Երևանը:

-Հնարավո՞ր է, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը, այսպես ասած, անդորր է փոթորիկից առաջ:

-Ակնհայտ է, որ հակամարտության աշխարհագրությունը և շփման գծում միջազգային լուրջ ներկայության պակասը նշանակում է, որ երկու կողմերը միշտ մեկ քայլ են հեռու մարտական գործողություններից: Անցյալ տարի դրականն այն էր, որ շփման գծի երկու կողմերում էլ զոհերի թիվը քիչ էր (մոտ 14 հոգի երկու կողմում), ինչը, կարծում եմ, վերջին տասնամյակում ամենացածր ցուցանիշն էր: Դա խոսում է այն մասին, որ սահմանին տեղի ունեցող բռնությունը էականորեն պայմանավորված է քաղաքական որոշումներով, և ռազմական հրամանատարները շատ լավ կարող են կարգապահություն պահպանել, եթե վերևից հրահանգ ունենան: Դա լավ նորություն է: Իսկ փոթորիկ միշտ հնարավոր է, սակայն եթե կողմերը կարողանան շարունակել խոսել և փոքր քայլեր անել, ապա հետագայում իրավիճակը կկայունանա:

-Ղարաբաղյան խնդրի կարգավորման ի՞նչ զարգացումներ եք ակնկալում: Առաջիկայում պե՞տք է սպասել որևէ տեղաշարժի:

-Հաջորդ մեծ քայլը, որին կարող ենք սպասել, երկու առաջնորդների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է գարնանը: Դրանում նոր բան չկա. նման տասնյակ երկկողմանի հանդիպումներ են եղել տարիների շարունակ: Բայց ես հույս ունեմ, որ այս անգամ այդ հանդիպումը կլինի ոչ միայն տեսախցիկների համար, ու կողմերը կսևեռվեն փոքր դետալների վրա, այլ ավելի կոնկրետ արդյունքներ կունենան: 2016-ի մայիսին Վիեննայում երկու առաջնորդները համաձայնել էին որոշ լուրջ քայլերի, ինչպիսիք են բանակցային ձևաչափի ընդլայնումն ու անվտանգության միջոցների ավելացումը (Վիեննայի հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության համաձայն, երկու երկրները նախագահները 1. վերահաստատել են զինադադարը պահպանելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձառությունը, 2. համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակահատվածում ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը, 3. համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը, 4. համաձայնել են փոխանակել տեղեկատվություն անհետ կորածների մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, ինչի շուրջ պայմանավորվել էին 2014 թ. հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովում – «Հետք»): Կարծում եմ՝ ժամանակն է վերադառնալ այս հանձնառություններին, ինչը շունչ կտա բանակցային գործընթացին:

Հարցազրույցն արվել է նախքան Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Լուսանկարը՝  caucasustimes.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter