HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարական 3-րդ մասնաշենքի նախարարությունների և կոմիտեների նախագահների աշխատասենյակները (լուսանկարներ)

Այս հոդվածում ներկայացնելու ենք կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների ու կոմիտեների ղեկավարների աշխատասենյակներն ու հանգստի սենյակները: Այս մասնաշենքում են գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները, կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, Կադաստրի պետական կոմիտեները և Վիճակագրական կոմիտեն (նախկին ԱՎԾ): Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների աշխատասենյակներում և հանգստի սենյակներում լուսանկարահանումներ կատարել չհաջողվեց։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատակազմից ի սկզբանե մեր գրությանն ի պատասխան՝ բանավոր հայտնել էին, որ նախարարը դեմ չէ, ապա մոտ մեկ ամիս տևած բանակցություններից հետո նախարարի աշխատակազմից մեկ այլ աշխատակից ասաց, որ դեմ է նախարարի սենյակում լուսանկարահանում կատարելուն։ Ինչից հետո հասկացանք, որ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Դավիթ Տոնոյանի, որդեգրել է չմերժելու, սակայն անդադար հետաձգելու քաղաքականություն: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ նույնիսկ նախարարի սենյակում լուսանկարահանում կատարելու մեր գրությանը դրական կամ բացասական պատասխան տալու համար նախարարությունից պահանջվել էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ։

Տեղեկացնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ գերատեսչությունը լրացուցիչ ժամկետի մասին ծանուցում է միայն այն դեպքերում, երբ լրատվամիջոցի խնդրած տեղեկության պատասխանի տրամադրումը լրացուցիչ աշխատանք է պահանջում։ 30-օրյա ժամկետում նախարարությունից պատասխանեցին նաև մեր՝ նախարարի սենյակի ու հանգստի սենյակի գույքի մասին հարցմանը՝ ընդամենը տեղեկացնելով, որ պաշտպանության նախարարի աշխատասենյակն ու հանգստի սենյակը կահավորվել է 2008 թվականին ՊՆ վարչական համալիրի շահագործման շրջանակներում և առանձնացված հաշվառում չի տարվել, իսկ 2008 թվականից առ այսօր գույքի փոխարինում կամ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի աշխատասենյակ ևս մուտք գործել չհաջողվեց: Նրա աշխատակազմից նախ հայտնեցին, որ նախարարը արձակուրդում է, ապա նախապես պայմանավորված հանդիպումից հրաժարվեցին՝ նախարարի գրաֆիկով պայմանավորված։

ԱԻՆ-ից չեն պատասխանել նաև մեր գրավոր հարցմանը՝ նախարարի աշխատասենյակի և հանգստի սենյակի գույքի վերաբերյալ:

Անդրադառնանք կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված գերատեսչություններին: Առհասարակ այս մասնաշենքում գրեթե բոլոր նախարարների աշխատասենյակները միանման են, նույն չափի և ոչ շատ ճոխ:

Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակն ու հանգստյան սենյակը

Շենքի առաջին հարկում գյուղատնտեսության նախարարությունն է: Նախարարի սենյակը, հանգստի սենյակն ու սանհանգույցը վերջին 5 տարիներին չեն վերանորոգվել:

Ինչպես նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են՝ նախարարի աշխատասենյակի և հանգստյան սենյակի գույքը ձեռք է բերվել տարբեր տարիների՝ սկսած 2002 թվականից, վերջին ձեռք բերած գույքը եղել է 2018 թվականին՝ 318 հազար դրամ արժողությամբ համակարգիչ: Նախարարի սենյակի և հանգստյան սենյակի ամբողջ գույքի արժեքը 7 միլիոն 173 հազար 635 դրամ է: Նախարարի սենյակում առկա են խորհրդակցությունների սեղան (ի դեպ նկարահանումների ժամանակ այնտեղ խորհրդակցություն էր հրավիրված), բազմոց, բազկաթոռներ, հանգստյան սենյակում՝ բազմոց, կտավներ, սենյակային բույս:

Նախարարությունների օպտիմալացումների շրջանակում նախատեսվում է, որ այս նախարարությունը առանձին չի գործի, այլ կլինի տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Նախկին նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է նախարարի առաջին տեղակալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի աշխատասենյակն ու հանգստյան սենյակը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այցելեցինք, երբ նախարար Մանե Թանդիլյանն արդեն հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նրա աշխատասենյակը զբաղեցված չէր որևէ մեկի կողմից: Առաջինը, որ ուշադրություն գրավեց նախարարի սենյակում, մանկատան սաների պատրաստած նկարներն էին:

Նախարարի սենյակում կան նորաոճ բազմոց, բազկաթոռներ, խորհրդակցությունների սեղան, սենյակն էլ բավականին ընդարձակ է: Հանգստյան սենյակում պայմաններն ավելի համեստ են:

Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղափոխվել է կառավարական 3-րդ մասնաշենք 2003 թվականին, և տեղափոխվելուց հետո մինչ օրս նախարարի աշխատասենյակի և հանգստի սենյակի վերանորոգման աշխատանքներ՝ պետական բյուջեի կամ արտաբյուջետային միջոցների, ինչպես նաև որևէ պաշտոնյայի անձնական միջոցների հաշվին չեն կատարվել: Նախարարի սենյակի ու հանգստի սենյակի ամբողջ գույքը ձեռք է բերվել տարիների ընթացքում, ամբողջ գույքի ձեռքբերման սկզբնական արժեքը 7 միլիոն 157 հազար 765 դրամ է:

Այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատասենյակն ու հանգստյան սենյակը

Առողջապահության նախարարի սենյակ այցելության պահին այնտեղ էր նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Պահարանի վրա մի քանի արձանիկներ կային, սեղանը փաստաթղթերով լի էր:

Նախարարի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ առողջապահության նախարարի աշխատասենյակի և հանգստյան սենյակի գույքը ձեռք է բերվել 2007 թվականին՝ նախկին նախարար Հարություն Քուշկյանի անձնական միջոցներով, որի արժեքի վերաբերյալ տեղեկատվություն չունեն: Աշխատասենյակը, հանգստյան սենյակն ու սանհանգույցը վերանորոգվել են նախկին նախարարների անձնական միջոցներով:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Նախարարի աշխատակազմից հայտնել են, որ նախարարի սենյակում, հանգստյան սենյակում և սանհանգույցում հիմնանորոգում չի կատարվել, սակայն չեն հայտնել, թե վերանորոգման աշխատանքներ երբ են արվել: Նախարարի սենյակի համար գույքի վերջին գնումները կատարվել են 2014 թվականին՝ 2 հեռուստացույց, դյուրակիր համակարգիչ, հրակայուն պահարան, նախարարի աշխատասենյակի աթոռը ձեռք է բերվել 1998 թվականին՝ 400.800 դրամով: Նախարարի սենյակի և հանգստի սենյակի ամբողջ գույքի արժեքը 8 միլիոն 528 հազար 51 դրամ է:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Նախարարի աշխատասենյակի, հանգստի սենյակի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքները, ինչպես հայտնել են նախարարությունից, կատարվել են 2016 թվականին ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից՝ կառավարական 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի ամբողջական վերանորոգման հետ մեկտեղ: Նախարարի սենյակի և հանգստի սենյակի ամբողջ գույքի արժեքը 2 միլիոն 126 հազար 100 դրամ է:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարի աշխատասենյակի և հանգստի սենյակի ամբողջ գույքը փոխանցվել է կառավարության 2002 թվականի N-166 որոշման հիման վրա, գույքի ընդհանուր արժեքն է 1 միլիոն 544 հազար դրամ: Նախարարությունից հայտնել են նաև, որ նախարարի սենյակն ու հանգստի սենյակը տնօրինման պահից չեն վերանորոգվել:

Նախարարությունների օպտիմալացումների արդյունքում, ամենայն հավանականությամբ, այս նախարարությունն առանձին չի գործելու, այն լինելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում: Նախկին նախարար Գարեգին Բաղրամյանը նշանակվել է նախարարի առաջին տեղակալ:

Կառավարական 3-րդ մասնաշենքում են գործունեություն ծավալում նաև կառավարությանը ենթակա կոմիտեները՝ Քաղաքաշինության կոմիտեն և Վիճակագրական կոմիտեն (նախկին ԱՎԾ):

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Կոմիտեից հայտնել են, որ նախագահի սենյակն ու հանգստի սենյակը վերջին 5 տարիներին չեն վերանորոգվել: Կոմիտեի նախագահի աշխատասենյակի, հանգստի սենյակի, խորհրդակցությունների սենյակի և ընդունարանի ամբողջ գույքի արժեքը 11 միլիոն 438 հազար 991 դրամ է:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Նախագահի աշխատասենյակն ու հանգստի սենյակը ընթացիկ վերանորոգման են ենթարկվել 2010 թվականին՝ կառավարության աշխատակազմի «Սպասարկում» հիմնարկի կողմից, իսկ սանհանգույցը վերանորոգվել է մինչ 2002 թվականը: Վիճակագրական կոմիտեի նախագահի սենյակի ու հանգստի սենյակի ողջ գույքի արժեքը 6 միլիոն 297 հազար 547 դրամ է:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Կադաստրի պետական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ կոմիտեի ղեկավարի աշխատասենյակի, հանգստի սենյակի ու սանհանգույցի վերանորոգումն իրականացվել է 2009 թվականին, 2017 թվականին ընթացիկ նորոգման աշխատանքներ են կատարվել: Նախագահի աշխատասենյակի և հանգստի սենյակի ամբողջ գույքի արժեքը 6 միլիոն 380 հազար 112 դրամ է: Հանգստի սենյակում և աշխատասենյակում կա որոշ գույք, որը ոչ պետական միջոցներով է ձեռք բերվել, օրինակ՝ սառնարան, փափուկ կահույք՝ բազմոց, երկու բազկաթոռ:

Մենք այցելել ենք նաև կառավարությանը ենթակա որոշ տեսչական մարմիններ (կրթության, շուկայի վերահսկողության, սննդամթերքի անվտանգության և այլն), ինչպես և սպասելի էր, վերջիններիս աշխատանքային պայմանները շատ ավելի համեստ էին, հանգստյան սենյակներում կային միայն աշխատանքային աթոռներ:

Հոդվածաշարի առաջին երկու մասերում ներկայացրել ենք մյուս գերատեսչությունների ղեկավարների աշխատասենյակների և հանգստյան սենյակների գույքը:

Լուսանկարները՝  Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter