HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ննջարան՝ ֆինանսների նախարարի համար. նախարարների աշխատասենյակների գույքը (մաս 2)

Նախկին իշխանությունների ժամանակ գործադիրում եղել է մի նախարար, որն իր աշխատասենյակին կից ստեղծել է ննջարան: Եվ այդ պաշտոնյան ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանն է: «Հետք»-ը նախորդ շաբաթ ներկայացրել էր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակների և հանգստի սենյակների գույքի մասին առաջին նյութը: Այս անգամ անդրադառնալու ենք Կառավարական տուն 2-ում տեղակայված նախարարություններին, դրանից դուրս՝ ֆինանսների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և պետական եկամուտների կոմիտեին:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աշխատասենյակը

Կառավարական թիվ 1 շենքում տեղակայված նախարարության մասնաշենքը նորոգված է: Ֆինանսների նախարարի աշխատասենյակ մուտք գործելուց առաջ մի փոքր սպասեցինք նախասրահում, որտեղ պատերին երկու կտավ կար: Նախարարի աշխատասենյակը նախասրահի նման լուսավոր չէր: Կախված էին մուգ վարագույրներ, որոնք լուսավորությունը նվազեցնում էին, իսկ մուգ դարչնագույն կահույքը խորհրդավորություն էր հաղորդում ընդարձակ աշխատասենյակին: Մեզ ուղեկցողներին խնդրեցինք բացել հանգստի սենյակի դուռը: Աշխատասենյակին իր չափերով գրեթե չզիջող հանգստի սենյակում մեզ անակնկալ էր սպասվում: Հանգստի սենյակում տեղադրված էր մահճակալ, իսկ դրա գլխավերևում նկար էր փակցված:

Բացի ննջասենյակից՝ ևս մեկ սենյակ կար նախարարի աշխատասենյակին կից, որը խորհրդակցությունների համար էր նախատեսված: Նախարարի աշխատասենյակում, ննջարանում և խորհրդակցությունների սենյակում նույնաոճ կահույք էր տեղադրված: Ֆինանսների նախարարի ննջասենյակի մահճակալը նախարարության հաշվեկշռում արտացոլված չէ: Նախարարի մամուլի խոսնակը մեր հարցին, թե Ատոմ Ջանջուղազյանն օգտվում է ննջարանից, պատասխանեց, որ ո՛չ Ջանջուղազյանը, ո՛չ էլ նախկին նախարար Վարդան Արամյանը չեն օգտագործել ննջարանը:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2014-2015 թվականներին, և վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացվել են համաձայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի՝ ընդհանուր ծավալներով:

«Միաժամանակ տեղեկացնում ենք` անձնական գույքի ձեռքբերման ժամկետների և արժեքների վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ այն ձեռք է բերվել տարբեր տարիների ընթացքում»,- ասված է նախարարության պատասխանում:

Վերանորոգման մեկնարկին՝ 2014 թ-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Խաչատրյանն է նշանակվել ֆինանսների նախարար՝ ազատվելով ՊԵԿ նախագահի պաշտոնից: Իսկ նույն տարում ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը միավորվել էին: Փաստացի Գագիկ Խաչատրյանը 2014 թ-ից ղեկավարել է և´ ՊԵԿ-ը, և´ ֆինանսների նախարարությունը և պաշտոնավարել է մինչև 2016 թվականը:

Մեզ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանն է ննջարանի մտահղացման հեղինակը, սակայն պաշտոնակությունից հետո մահճակալն իր հետ չի տարել:

Նախարարի աշխատասենյակի գույքի սկզբնական արժեքը 9 միլիոն 139 հազար դրամ է, իսկ հանգստի սենյակի գույքինը՝ 3 միլիոն 631 հազար դրամ: Աշխատասենյակում ամենաթանկը գորգն է՝ «Վասպուրական» անվանմամբ: Գորգն արժե 4 միլիոն 450 հազար դրամ: Հանգստի սենյակում ևս թանկարժեքը գորգերն էին, երկու գորգի արժեքը միասին 2 միլիոն 370 հազար դրամ է: 

Նախարարի աշխատասենյակում կա նաև անձնական գույք, սակայն մեր հարցմանն ի պատասխան չեն հստակեցրել՝ գործող, թե նախկին նախարարներին է պատկանում օդորակիչը, ղեկավարի աշխատասեղանը, բազկաթոռը, աթոռները, փափուկ կահույքը, հեռուստացույցը, հանգստի սենյակի կահույքի հավաքածուն և այլն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի աշխատասենյակը

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի աշխատասենյակի, հանգստի սենյակի և դրան կից սենյակի կառուցվածքն ու կահույքը շատ չի տարբերվում ֆինանսների նախարարի աշխատասենյակի և դրան կից սենյակների կառուցվածքից և կահավորանքից: Դա իր բացատրությունն ունի: Մինչ՝ ՊԵԿ ներկա նախագահ Դավիթ Անանյանի ու նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնավորումը այս կառույցը ղեկավարել է հենց ինքը՝ Գագիկ Խաչատրյանը: Եվ նրա պաշտոնավարման ժամանակ էլ նորոգվել և կահավորվել են ՊԵԿ նախագահի աշխատասենյակն ու օժանդակ սենյակները: ՊԵԿ նախագահի ընդարձակ աշխատասենյակից մուտք գործեցինք հանգստի սենյակ, որը գրեթե դատարկ էր: Մեզ հայտնի դարձավ, որ այդ սենյակում, ֆինանսների նախարարություն օրինակով, մահճակալ է եղել տեղադրված, սակայն ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պահանջով այն հանվել է հանգստի սենյակից: Հանգստի և աշխատանքային սենյակների պատերից հանված էին նաև նկարները, որոնց մասին տեղեկություն մեզ հնարավոր չեղավ պարզել: Հանգստի սենյակին կից սենյակը կահավորված էր բազմոցով և լրագրասեղանով:

ՊԵԿ նախագահի աշխատասենյակի, հանգստի սենյակի և դրան կից սենյակի գույքն արժե 8 միլիոն 967 հազար 95 դրամ: ՊԵԿ լրատվականից այդպես էլ չեն պատասխանել մեր այն հարցին, թե երբ է վերանորոգվել աշխատասենյակը:

Կառավարական տուն 2

Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված նախարարությունների շենքը կառուցվել է 3 տարի առաջ. կառավարական մասնաշենքի ճարտարապետը ՀՀ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է: Վարչական համալիրը կառուցվել է արդարադատության նախարարության նախկին շենքի և կենտրոնական շրջանային կաթսայատան չգործող տարածքում: 2016 թվականից կառավարական այս համալիրում գործունեություն են ծավալում 6 գերատեսչություններ՝ արտաքին գործերի, արդարադատության, մշակույթի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունները տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը: Արդեն իսկ մամուլում կան տեղեկություններ, որ հաջորդ տարվանից մշակույթի և սփյուռքի նախարարությունները չեն գործելու, իսկ թե ինչ է լինելու այդ նախարարությունների շենքերի հետ՝ դեռ հստակ չէ: Մասնաշենքերի ընդհանուր մակերեսը 33 հազար 460 քմ է, կառուցման վրա ծախսվել է 13 միլիարդ 687 միլիոն 288 հազար 390 դրամ:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատասենյակը

Զոհրաբ Մնացականյանը զբաղեցնում է իր նախորդի՝ Էդվարդ Նալբանդյանի աշխատասենյակը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ի համար նախատեսված շենքի ճարտարապետական աշխատանքներն անձամբ վերահսկել է նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Երբ ԱԳՆ մամուլի քարտուղարի հետ հստակեցնում էինք գույքի լուսանկարահանումը, վերջինս փոխանցեց՝ նախարարը ուզում է նկարահանումն իրականացնել այն ժամանակ, երբ ինքը կլինի աշխատասենյակոմ, որպեսզի իր իրերն ինքը ներկայացնի, և այդպես էլ եղավ: Զոհրաբ Մնացականյանն ասաց՝ դեռ չի հասցրել սենյակի կահավորանքը փոխել՝ ինչպես ինքն է նախընտրում, սակայն ընդգծեց՝ հաջորդ նկարահանմանը այն ձևափոխված կլինի:

Եւ այսպես նախարարի սենյակի առաջին հատվածը նախատեսված է օտարերկրյա հյուրերի համար, այս սենյակում, ինչպես և նախարարի աշխատասենյակում գրքերի, կտավների և հուշանվերների պակաս չկար: Զոհրաբ Մնացականյանը փոքրիկ հուշանվերների սիրահար է. մամուլի քարտուղարի խոսքով՝ յուրաքանչյուր օր իրենք նկատում են, որ նախարարի փոքրիկ իրերի հավաքածուում նոր իր է ավելանում:

Նախարարի աշխատասենյակում փակցված էր գոբելենագործ գերբ. այն դիվանագետ Զոհրաբ Մնացականյանի անբաժանելի իրն է, իր ողջ դիվանագիտական կարիերայի ընթացքում ուղեկցում է իրեն:

Զոհրաբ Մնացականյանը նաև շախմատի սիրահար է, իր աշխատասեղանի մոտ այն իր ուրույն տեղն էր զբաղեցնում:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ նախարարի աշխատասենյակի գույքը հիմնականում նվիրատվություն է՝ ստացված 2000-2008 թվականներին: Նախարարությունն ամբողջ գույքից պետական միջոցներով ընդամենը ձեռք է բերել 311 հազար 200 դրամ արժողությամբ լրագրասեղան և 569 հազար 800 դրամ արժողությամբ պահարան: Նախարարության անգամ բազմոցը, բազկաթոռը, սեղանը և աթոռներն են նվիրատվություն: Նախարարի սենյակում 2 չհրկիզվող պահարան կա՝ երկուսն էլ նվիրատվություն:

Զոհրաբ Մնացականյանի՝ նախարար նշանակվելուց հետո աշխատասենյակում վերանորոգում չի կատարվել:  

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Սփյուռքի նախարարությունը մինչ նոր կառավարական մասնաշենք տեղափոխվելը «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում տարածք էր վարձակալում, նախարարությունը երեք հարկ է զբաղեցնում նոր մասնաշենքում: Սփյուռքի նախարարի աշխատասենյակը բավական ընդարձակ է. թերևս իր մեծությամբ զիջում է միայն մշակույթի նախարարի աշխատասենյակին: Այս սենյակը նախկինում զբաղեցրել է Հրանուշ Հակոբյանը:

Առաջինը, որ աչքի է զարնում նախարարի սենյակ մուտք գործելիս, դռան մոտ տեղադրված նախարարի ու իր աշխատակիցների համատեղ լուսանկարն է՝ «Աշխարհի ամենալավ նախարարությունը» վերնագրով: Կառավարության օպտիմալացումների շրջանակում «աշխարհի ամենալավ նախարարությունը» չի գործի:

Մխիթար Հայրապետյանն, ըստ երևույթին, շախմատի սիրահար է. նրա հուշանվերների սեղանին երկու հատ շախմատ կար, ինչպես նաև տարբեր երկրներից հուշանվերներ: Նախարարի աշխատասեղանին դրված էր քրոջ դստեր լուսանկարը:

Մխիթար Հայրապետյանի՝ նախարար նշանակվելուց հետո գույքի փոփոխություն չի եղել, վնասված սեղանն են վերանորոգել, նախարարի սենյակի բազմոցն է վնասված, նախարարության աշխատակիցների խոսքով՝ գույքը վնասված է եղել դեռ նախորդ նախարարի պաշտոնավարման շրջանում: Նախարարի հանգստյան սենյակում աչքի ընկավ բաժակների հավաքածուն:

Սփյուռքի նախարարի աշխատասենյակի և հանգստյան սենյակի ամբողջ գույքն արժե 3 միլիոն 154 հազար 586 դրամ: Նախարարի սենյակի գույքը մեծ մասամբ ձեռք է բերվել 2008 թվականին՝ նախարարության կազմավորման ժամանակ: Թարմացումներ եղել են նաև 2011 թվականին, ապա 2016-ին, ինչպես՝ զգեստապահարան, զգեստապահարան-պահարան, բազմոց, բազկաթոռ, խոհանոցի կահույք, լրագրասեղան:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աշխատասենյակն ու հանգստյան սենյակը

Մշակույթի նախարարությունը ևս օպտիմալացվողների շարքից է, այն գործելու է կրթության և գիտության նախարարության կազմում:

Այս աշխատասենյակում աշխատել են 3 նախարարներ՝ Հասմիկ Պողոսյան, Արմեն Ամիրյան և Լիլիթ Մակունց: Մշակույթի նախարարի աշխատասենյակը թերևս նոր կառավարական մասնաշենքի՝ նախարարների համար նախատեսված ամենամեծ սենյակն է: Այստեղ առաջնահերթ ուշադրություն է գրավում դաշնամուրը. այն նախարարի սենյակում է եղել ի սկզբանե, երբ մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն էր: Դաշնամուրն արժե 3 միլիոն 320 հազար դրամ: Նախարարի գրադարանում մեծ թիվ էր կազմում մշակույթի և արվեստի գործիչների մասին գրականությունը: Նախարարի սենյակում, բացի խորհրդակցությունների սեղանից, առկա է նաև փոքրիկ լրագրասեղան՝ բազմոցով ու աթոռներով, որը նախարարության աշխատակիցների խոսքով՝ տեղափոխել են նախարարության նախկին շենքից:

Նախարարի աշխատասենյակի գույքը՝ ներառյալ ռոյալը, արժե 8 միլիոն 802 հազար 400 դրամ: Քանի որ նախարարությունը նորակառույց շենք է տեղափոխվել 2016 թ-ին, վերանորոգման անհրաժեշտություն մինչ օրս չի առաջացել: Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տրամադրել են նախարարի աշխատասենյակում և հանգստի սենյակում առկա գույքի ցանկը, որի մի մասի ո´չ գինն է նշված, ոչ էլ՝ գնման տարեթիվը: Նախարարի աշխատասենյակի գույքը արժե 7 միլիոն 780 հազար դրամ, բացառությամբ՝ գրասեղանի աթոռների, ծաղկամանի, դրոշի, տպիչի, հեռախոսի, պատի ժամացույցի, հեռուստացույցի:

Աշխատասենյակում կա նաև 3 նկար, որոնք պատկանում են ազգային պատկերասրահին: Դրանք են՝ Զաքար Խաչատրյանի «Չինական վարդեր»-ը, Մարիամ Ասլամազյանի «Նատյուրմորտ դեղձեր»-ը և մեկ նկար, որը պատկանում է գեղանկարիչ Գաբրիել Մանուկյանի(Գաբո) վրձնին:

Մշակույթի նախարարի հանգստի սենյակի գույքն արժե 1 միլիոն 26 հազար 600 դրամ: Նշված գումարի մեջ չեն մտնում սուրճ պատրաստելու սարքի, էլեկտրական սալօջախի, թեյնիկի և միկրոալիքային վառարանի արժեքները, քանի որ դրանց գնի և ձեռքբերման տարեթվի մասին նախարարությունը տեղեկություններ չի հայտնել:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի աշխատասենյակը և հանգստյան սենյակը

Այս աշխատասենյակն առաջինը զբաղեցրել է կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, որը նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է սենյակը: Աշոտյանից հետո սենյակում աշխատել է Լևոն Մկրտչյանը, այժմ այն Արայիկ Հարությունյանի աշխատասենյակն է:

Նախարարի սենյակում մի քանի կտավ կար, տարբեր ժանրերի գրականությամբ գրապահարան: Նախարարի սենյակը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ: Ի տարբերություն սփյուռքի և մշակույթի նախարարների աշխատասենյակների՝ այն բավականաչափ փոքր է: Նախարարի աշխատասեղանին լուսանկարներ չկային: Հանգստյան սենյակում ևս գրապահարան կար, բազմոց և լրագրասեղան:

Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարի աշխատասենյակը շահագործման է հանձնվել 2016 թվականին, որից հետո աշխատասենյակը, հանգստի սենյակն ու սանհանգույցը հիմնանորոգման չեն ենթարկվել: 2016-ին աշխատասենյակի պատերի գույնն է փոխվել, որը պետական բյուջեի միջոցների հաշվին չի եղել: Նախարարի սենյակի և հանգստյան սենյակի ամբողջ գույքը արժե 4 միլիոն 935 հազար 135 դրամ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Այս աշխատասենյակն առաջինը զբաղեցրել է նախկին նախարար  Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս սենյակային բույսերի սիրահար է եղել. դեռ նրա պաշտոնավարման շրջանից սենյակում մնացել են մեծ թվով սենյակային բույսեր:

Նախարարի պահարանում տեղեկատվության ազատության կենտրոնի այս տարվա մրցանակաբաշխության տրամադրած մրցանակի վկայականն էր՝ «e-request» հարցումների ներկայացման միասնական հարթակը որպես տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք ճանաչվելու համար: Նախարարի սենյակում նաև մի քանի կտավներ կային: Արդարադատության նախարարի աշխատասենյակի և հանգստի սենյակի գույքերի ընդհանուր արժեքը, բացառությամբ 1 հեռախոսի և գրասեղանի, 5 միլիոն 907 հազար դրամ է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի աշխատասենյակը

Օպտիմալացումների հետևանքով այս նախարարությունը կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարարություն: Հակոբ Արշակյանի աշխատասենյակը չենք լուսանկարահանել, քանի որ նախարարին հարմար էր միայն դեկտեմբերի 13-ին 17.00-ին, որի մասին մեզ հայտնել էին երկու ժամ առաջ, և նախարարը որևէ կերպ չէր համաձայնում այլ ժամի նկարահանում իրականացնել, քանի որ այդ ժամին այլ նկարահանում ունեինք:

Ներկայացնենք գույքի վերաբերյալ հարցման պատասխանը, որ ստացել ենք նախարարությունից: Նախարարի աշխատասենյակի և հանգստյան սենյակի ամբողջ գույքը ձեռք է բերվել 1998-2009 թվականներին: Նախարարությունից հայտնել են, որ տարբեր ժամանակահատվածներում ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը 3 միլիոն 570 հազար 770 դրամ է: Հակոբ Արշակյանի՝ նախարար նշանակվելուց հետո սենյակում վերանորոգում չի արվել:

Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատասենյակն ու հանգստյան սենյակը

Այս նախարարությունը ևս օպտիմալացվելու և գործելու է կրթության և գիտության նախարարության կազմում:

Նախարարության շենքն Աբովյան փողոցում է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հարևանությամբ: Նախարար Ղազարյանի աշխատասենյակում մեծ տեղ էին զբաղեցնում տարբեր մրցույթներից ստացված մրցանակները, տարբեր երկրներից հուշանվերներ: Հետաքրքիր էր նախարարի հանգստյան սենյակում տեղադրված պտտաձողի հետքը. պարզվում է՝ նախկին նախարար Յուրի Վարդանյանն այնտեղ իր միջոցներով պտտաձող է տեղադրել և պաշտոնանակությունից հետո խնդրել է այն տանել: Այս աշխատասենյակը, հանգստյան սենյակը և սանհանգույցը վերջին անգամ վերանորոգվել են հենց Յուրի Վարդանյանի անձնական միջոցներով: Նախարարի սենյակի և հանգստյան սենյակի ամբողջ գույքն արժե 2 միլիոն 429 հազար 789 դրամ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի աշխատասենյակը

Այս նախարարությունը Մհեր Մկրտչյանի 5 հասցեում է գործում. օպտիմալացումների հետևանքով գյուղատնտեսության նախարարությունը գործելու է այս կառույցում. այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:

Նախարարության լրատվական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարի աշխատասենյակն ու հանգստի սենյակը վերանորոգվել են ավելի քան 10 տարի առաջ: Նախարարությունից հայտնել են, որ ձեռք բերված գույքի արժեքը 7 միլիոն 107 հազար 25 դրամ է: Այս թվի մեջ չեն մտնում 2005 թվականին գնված և հիմնական գույք համարվող գրասեղանը, խորհրդակցությունների սեղանը, պահարանը, 2 բազկաթոռը և այլն:

Շարունակելի...

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի և Հակոբ Պողոսյանի