HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տարածքային կառավարման նախարարությունը շարունակում է համայնքապետերին հպատակեցնելու գործընթացը

Կառավարությունը 2018թ. նախաձեռնել է սուբվենցիաներ տրամադրելու գործընթացը՝ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով: Այդ նախաձեռնության շնորհիվ 100-ից ավելի համայնքներ հնարավորություն ունեցան լուծելու տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Մեկ տասնյակից ավելի համայնքներ մի քանի ծրագրի համար ֆինանսավորում ստացան, որովհետեւ ապահովել էին պահանջված համաֆինանսավորումը։

Առաջին ֆինանսավորումից հետո տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը (ՏԿԶՆ) անհրաժեշտություն է համարել փոփոխություններ կատարել սուբվենցիայի տրամադրման կարգում, եւ նախագիծն արդեն Կառավարությունում է։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխություններով Կառավարությունը խրախուսում է համայնքներին, որպեսզի իրենց բյուջեներում հնարավորինս ավելացնեն կապիտալ ծախսերը եւ նպատակաուղղեն ճանապարհների, այգիների, հրապարակների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային եւ համայնքային շենքերի վերանորոգմանը, խմելու եւ ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը:

Համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչեւ 60 %-ը համաֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման դեպքերում պետությունը համաֆինանսավորում է ծրագրի արժեքի մինչեւ 40 %-ը։

Նախագծի համաձայն՝ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 5 %-ով ավելանում է՝ պայմանավորված իրականացվող ծրագրով եւ մայրաքաղաքից համայնքի ունեցած հեռավորությամբ։ Բաժանումը հետեւյալ կերպ է արված՝

  • մայրաքաղաքից 60-100 կմ հեռավորություն ունեցող բնակավայր,
  • մայրաքաղաքից 100 կմ-ից ավել հեռավորություն ունեցող բնակավայր,
  • սահմանամերձ եւ/կամ բարձր լեռնային բնակավայր, որոնց դեպքում պետբյուջեից տրվող գումարի չափաբաժինը հասցված է մինչեւ 70 %։

Հայտերը գնահատում է վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը, որին վերապահվում է նիստի ընթացքում կայացնել հայտի վերաբերյալ դրական, բացասական կամ լրամշակման վերադարձնելու մասին եզրակացություն` ելնելով.

1) տարածքների համաչափ զարգացման միտումներից,

2) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա էական ազդեցությունից,

3) համայնք-մասնավոր համագործակցության առկայությունից։

Նախագծով ՏԿԶ նախարարությունը սահմանել է նաեւ ֆիլտրման մի ընթացակարգ, ըստ որի` համայնքները սուբվենցիա ստանալու հայտը պետք է ներկայացնեն մարզպետարան: Մարզպետարանը «ուղեկցող գրությամբ» հայտը կներկայացնի ՏԿԶ նախարարություն, եթե առարկություն չունենա ծրագրի իրագործելիության եւ ֆինանսական ցուցանիշների համապատասխանության առումով, հակասություն չտեսնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հետ։

Այնուհետեւ հայտերը նախնական կքննարկվեն նախարարությունում եւ, եթե «սույն կարգի դրույթներին համապատասխանության, ինչպես նաեւ հայտերի իրականացման նպատակայնության մասով» առարկություն չունենան, նախարարը ծրագիրը ֆինանսավորելու առաջարկությամբ հայտը կներկայացնի միջգերատեսչական հանձնաժողովին։

Ինչո՞ւ համայնքի ղեկավարը չի կարող առանց մարզպետի «ուղեկցող գրության», առանց նախարարի՝ «ծրագիրը ֆինանսավորելու առաջարկի» հայտը միանգամից ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը։

Ինչո՞ւ է նվազեցվել միջգերատեսչական հանձնաժողովի դերակատարությունը եւ, առհասարակ, ինչո՞ւ է ստեղծվել հանձնաժողովը, եթե հայտը պետք է հաստատի միայն նախարարի համաձայնությունն ունենալուց հետո:

Ծրագրի իրագործման նպատակայնությունն արդեն իսկ որոշել է համայնքը՝ այն ներառելով իր հնգամյա զարգացման ծրագրում, նույն փաստաթղթում գնահատելով նաեւ ծրագրերի առաջնահերթությունը։ Բացի դրանից, համայնքի ղեկավարից պահանջվում է հայտի հետ միասին ներկայացնել համայնքային ժողովի արձանագրությունը, որտեղ պետք է հիմնավորված լինի ծրագրի կարեւորությունը։ Այս պահանջներից հետո մարզպետարանն ի՞նչ պետք է փոփոխի, մարզպե՞տն է որոշելու, թե ինչ ծրագիր է անհրաժեշտ համայնքին։

Սուբվենցիայի նախագծում առաջարկվող այս փոփոխությունը մի նպատակ ունի՝ ուժեղացնել մարզպետարանը եւ թուլացնել համայնքը՝ նրան զրկելով ինքնակառավարվելու հնարավորությունից։

Ըստ էության, այս նախագծով ՏԿԶ նախարարությունը կրկնում է անցյալի արատավոր երեւույթները, երբ մարզերի հրատապ խնդիրները լուծելու նպատակով պետական բյուջեից գումարը հատկացվում էր (ներկայումս էլ այդպես է) մարզպետարաններին՝ մարզպետի բարեհաճությանը թողնելով համայնքներում ծրագրերի ֆինանսավորումը։ Մարզպետները գումարը հատկացնում էին այն համայնքներին, որոնց ղեկավարներն ապահովում էին «ատկատի» պահանջված չափաբաժինը` երբեմն էլ ամբողջ գումարը թողնելով մարզպետին, որի արդյունքում կա՛մ ծրագիրը չէր իրականացվում, կա՛մ համայնքային բյուջեից ինչ-որ բան ծախսելով` աշխատանք էր ցույց տրվում, օրինակները բազմաթիվ են։

Բնականաբար, մարզպետարանն ուժեղացնելը քաղաքական նպատակ է հետապնդում, շարունակվում է համայնքների ղեկավարներին հպատակեցնելու, գործադիր մարմնից կախվածությունն ուժեղացնելու գործընթացը։

Նախագծի հեղինակները կարծում են, որ ներկայացված նախագիծը բոլոր համայնքներին հնարավորություն է տալիս պետական աջակցությամբ զարգացնել ենթակառուցվածքները։ Իրականում, գրեթե բոլոր համայնքներն ունեն սոցիալական ենթակառուցվածքները բարելավելու հրատապ խնդիրներ եւ տասնամյակներով դռներ են բախում աջակցություն ստանալու համար։ Սակայն մերժվում են, որովհետեւ պահանջված չափով համաֆինանսավորում ապահովելու հնարավորություն չունեն՝ խնդիրները մեծ են, իսկ բյուջեն փոքր է։ Օրինակը Այգավան համայնքն է, որը 25 տարուց ավել է` խմելու ջուր չունի, Տաշիրի Կաթնառատ գյուղն է, որը 30 տարի է դպրոց չունի։

Այս նախագիծը, բնականաբար, չի լուծում Այգավանի եւ նրա ֆինանսական հնարավորություններն ունեցող հարյուրավոր այլ համայնքների հարցը։ Նրանց համար միակ լուծումը, թերեւս, վարկավորման դիմելն է, բայց նախարարությունը վարկավորման գործընթացը դյուրինացնելու մասին չի խոսում։ Մինչդեռ, մարզպետարանների եւ նախարարության երաշխավորությունն անհրաժեշտություն կլիներ այս դեպքում, երբ տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկեին վարկավորման դիմելու` համայնքի հնարավորությունը եւ երաշխավորեին վարկի վերադարձելիությունը։

Միայն այդ ժամանակ կարող են ասել, որ բոլոր համայնքներին սուբվենցիայից օգտվելու հնարավորություն են տվել եւ պետական բյուջեից տարեկան տրամադրվող 5 մլրդ դրամով նպաստել են համայնքների համաչափ զարգացմանը։

Լուսանկարը` Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter