HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ստանձնելով հանրային պաշտոն՝ մարդիկ համաձայնում են, որ իրենց անձնական տվյալները հասու լինեն հասարակությանը

Նախորդ շաբաթ «Հետքը» հոդվածաշար հրապարակեց տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին Ամանորից առաջ տրված պարգեւատրումների մասին՝ նշելով պարգեւատրված անձանց անուններն ու յուրաքանչյուրի ստացած գումարի չափը։ Այդ տեղեկությունները հրապարակային էին՝ տեղ էին գտել մարզպետարանների կայքերում։ Սակայն Երեւանի քաղաքապետարանը հրաժարվեց մեզ հայտնել նույն տեղեկությունները՝ հիմնավորելով անձնական տվյալների պաշտպանությամբ։ Արդյո՞ք անձնական տվյալ է պետական բյուջեից, հարկատուների հարկերից վարձատրվող պետական կամ համայնքային ծառայողի վարձատրության մասին տեղեկությունը։ «Հետքն» այս թեմայի շուրջ զրուցել է «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արա Ղազարյանի հետ։ 

Պրն Ղազարյան, ինչպե՞ս եք գնահատում Երեւանի քաղաքապետարանի դիրքորոշումը։

Դա կամայականություն է, դա օրենքով սահմանված չէ։ Դա սահմանված չէ նույնիսկ պրակտիկայով, եւ այս քննարկումներն ինձ հիշեցնում են տասը տարի առաջվա զարգացումները, երբ իրավական մշակույթը, տեղեկատվության մատչելիության իրավունքը, հասարակության իմանալու, տեղեկացված լինելու իրավունքը նոր էր Հայաստանում զարգանում։ 2019 թվականին նորից նման հարց բարձրացնել պետական մարմինների կողմից, որ անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական կյանքը հարգելու իրավունքից, պարգեւավճարների դեպքում սա անլուրջ մոտեցում է եւ, կրկնում եմ, կամայականություն է։

Մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ հայցվող տեղեկություններն անձնական տվյալներ են եւ առանց անձի գրավոր համաձայնության չեն կարող տրամադրվել երրորդ կողմին։ Նման կարգավորում է սահմանված նաեւ Աշխատանքային օրենսգրքով, որը կարգավորում է գործատուի եւ աշխատողի հարաբերությունները։

Նրանք մոռանում են, որ աշխատում են ոչ թե մասնավոր, այլ հանրային սեկտորում եւ վճարվում են հարկատուների գումարներից։ Մոռանում են, որ գոյություն ունի հաշվետվողականություն հասարակությանը, եւ հասարակությունը պետք է կարողանա վերահսկել, թե պետական մարմինները հանրային իշխանությունն ինչպես են իրականացնում։ Եթե նկատել եք, վերջին Սահմանադրության մեջ մի կարեւոր փոփոխություն կար՝ պետական իշխանություն արտահայտությունն այլեւս չի օգտագործվում, օգտագործվում է հանրային իշխանություն արտահայտությունը։ Այսինքն՝ իրականում պետական մարմինները միայն հանրության կամքն են իրականացնում։ Հիմա հանրության կամքն է՝ իմանալ, թե իրենց գումարներն ինչպես են ծախսում։ Դա իմանալու համար գումարների մասին տեղեկությունները պետք է հրապարակվեն՝ անհատական տվյալներով։ Այդ մարդիկ, գնալով այդ քայլին, զբաղեցնելով հանրային պաշտոն՝ արդեն իսկ դրանով իրենց համաձայնությունը տալիս են, որ իրենց հանրային կյանքի վերաբերյալ ողջ տեղեկությունը կամ իրենց անձնական կյանքի վերաբերյալ ողջ տեղեկությունը այնքանով, որքանով վերաբերում է իրենց հանրային գործառույթներին, հասու լինի հասարակությանը, որպեսզի վերջինս կարողանա նրանց վերահսկել։ Այս կոնցեպցիայի մեջ բոլորովին չեն տեղավորվում նրանց արդարացումները, դրանք կամայական են եւ նպատակ ունեն խուսափել հանրային վերահսկողությունից։ Այդ մարդիկ պետք է լքեն այդ պաշտոնը, եթե համաձայն չեն, որ իրենց անձնական կյանքը խոշորացույցի տակ ենթակա լինի ստուգման հասարակության կողմից։ Ուրեմն, նրանք պատրաստ չեն այդ պաշտոնին, պետք է լքեն եւ գնան մասնավոր սեկտոր, որտեղ ավելի շատ է պաշտպանված անձնական կյանքը։ Այնպես որ, բերված բոլոր պատճառաբանությունները հակասում են օրենքին եւ պետության պարտականությանը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոնցեպտին։

Համաձա՞յն եք, որ եթե 2016 թվականին չփոխվեր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը եւ չհանվեր լրագրողների համար սահմանված բացառությունը՝ անձնական տվյալներ մշակելու, նման հակասական իրավիճակ չէր ստեղծվի։  

Հակասություն դարձյալ կծագեր, որովհետեւ լրագրողը չի կարող գտնել մի բան, որը հրապարակված չէ։ Ինչ վերաբերում է այդ փոփոխությանը, որը լռելյայն կարգով տեղի ունեցավ, ես համաձայն եմ դրան, որովհետեւ այդ օրենքով մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը լրագրողներին անվերապահորեն տրված էր իրավունք հրապարակելու անձնական տվյալներ առանց անձի համաձայնությունը ստանալու։ Դրանով հավասարակշռված չէին մասնավոր եւ հանրային շահերը։ Իսկ ներկա կարգավորումը, երբ լրագրողները, որոնք, ընդունում ենք, ունեն հատուկ առաքելություն հասարակությանը տեղեկացնելու պետական մարմինների գործելաոճի մասին, միեւնույն է, պետք է փորձեն ստանալ անձի համաձայնությունը անձնական տվյալները ստանալու վերաբերյալ։ Բայց համաձայնությունը ստացվում է ոչ միայն գրավոր, այլեւ որոշակի գործողություններով։ Կրկնեմ՝ այն մարդիկ, որոնք համաձայնել են ստանձնել հանրային պաշտոն, արդեն համաձայնել են, որ իրենց անձնական տվյալները հասու լինեն հասարակությանը։ Այնպես որ, դեմ գնալ այս տեսությանը՝ կարելի է բացատրել մեկ նպատակով՝ փորձել խուսափել հանրային վերահսկողությունից, իսկ հասարակությունը չի ուզենա ունենալ կառավարությունը, որը խուսափում է հանրային վերահսկողությունից։ Այդ մարդիկ պետք է լքեն իրենց պաշտոնները, եթե համաձայն չեն նման կարգավորմանը։ Ինչ վերաբերում է 2016 թվականի դեկտեմբերի փոփոխությանը, ապա շատ վտանգավոր կլիներ, եթե լրագրողներին անվերապահորեն տրվեր իրավունք անձնական տվյալներ հրապարակելու։ Իհարկե, լավ է, երբ մենք այս հարցը թողնում ենք ինքնակարգավորման դաշտում։ Բայց հաշվի առնելով նոր թվային տեխնոլոգիաները, մանավանդ նորությունների ագրեգատորների առկայությունը, որտեղ լրագրողներ չկան, ֆիզիկական անձ չկա, կա ռոբոտ, հաշվի առնելով, որ ինֆորմացիան, մեկ անգամ մտնելով ինտերնետ հրապարակային եղանակով, հավիտյան մնում է հրապարակային, այլեւս դժվար է այն հեռացնել, իսկ նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կարճ ժամանակում շատ մեծ քանակությամբ անձնական տվյալներ որսալ եւ օգտագործել, ահա այս բոլոր հնարավորությունները ստիպում են անձնական տվյալների հարցը չթողնել միայն ինքնակարգավորման դաշտում։ Որոշակի կարգավորում, ի վերջո, պետք է։ Կարո՞ղ եք ասել, որ այդ փոփոխությամբ դուք դարձել եք կաշկանդված եւ ձեր աշխատանքը էապես դժվարացել է, ինֆորմացիայի հոսքը նվազել է։ 

Որոշ իմաստով, այո, դժվարացել է, քանի որ կան դեպքեր, երբ պետական մարմինները մերժում են տեղեկություններ տալ, պատճառաբելով, թե անձնական տվյալ է։

Այստեղ մենք գործ ունենք ոչ թե օրենքի որակի, այլ պետական մարմինների որոշումների անիրավաչափության, անհամաչափ լուծումների հետ։ Ես էլ գործ ունեմ պետական վարչարարության հետ, վարչական մարմինները դեպքերի մեծ մասում վեճը տեղափոխում են դատական մարմիններ, մինչդեռ այն կարող են իրենք լուծել։ Խնդիրն, իմ կարծիքով, պրակտիկայի մեջ է, մարդիկ չգիտեն, թե ինչպես կիրառել օրենքը։ Ընդհանրապես, շատերը չգիտեն, թե ինչպես հավասարակշռել հանրային եւ մասնավոր շահերը՝ հաշվի առնելով լրագրողի հատուկ առաքելությունը։ Այս կոնցեպտը շատերին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, ծանոթ չէ։ Նոր իշխանություններին առավելեւս ծանոթ չէ, որովհետեւ այնպիսի պատասխաններ են տալիս, այնպիսի ձեւակերպումներ, որ ուղղակի զարմանք ես ապրում, թե արդյոք տեղյակ են վերջին տասը տարվա պրակտիկայից։ Գուցե պետք է հանրային դիսկուրս ծավալել, որպեսզի պետական մարմինները վերանայեն իրենց մոտեցումները։

Քաղաքապետարանը սպասում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մեկնաբանությանը կամ հավաստիացմանը՝ պարգեւավճարների մասին տեղեկությունը հրապարակելու համար։

Քաղաքապետարանը պետք է առաջնորդվի օրենքով, մենք օրենքի գերակայության երկիր ենք, այլ ոչ թե Անձնական տվյալների պաշտպանության Գործակալության գերակայության։ Բոլոր պետական մարմիններն իրենց գործողությունները պետք է կատարեն օրենքով, այլ ոչ թե պետական որեւէ մարմնի մեկնաբանությամբ։ Մեզ ընդհանրապես պետք չի Գործակալության մեկնաբանությունը, որովհետեւ ունենք այդ Գործակալության ուղեցույցները, ձեռնարկները, նախկին որոշումները, օրենքները, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դրանք կարդալ եւ ինքնուրույն հասկանալ՝ պե՞տք է հրապարակվեն այս տեղեկությունները, թե ոչ։ Այնպես որ, Գործակալության վկայակոչումը եւ վերջինի հապաղումը ես բնորոշում եմ մեկ բառով՝ կամայականություն։

Արա Ղազարյանի լուսանկարը՝ media.am-ի

Մեկնաբանություններ (1)

AraAram
Well said Mr. Ghazarian. This is just the beginning of a prosperous Armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter