HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գրականագետները «ճանկռելով» են պահում աշխատավարձի ֆոնդը

Գրականության ինստիտուտը, ինչպես Լեզվի ինստիտուտը, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկիցն է՝ հիմնադրվել է 1943 թ. ԱրմՖԱՆ-ի (Армянский филиал академии наук) Գրականության եւ լեզվի ինստիտուտի հիման վրա: 1944-ից կրում է հայագետ, գրականագետ, լեզվաբան, բանահավաք, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի անունը:

IMG_9036.jpg (421 KB)

Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը, ով պաշտոնավարում է 2015-ից, ասում է, որ 1940-ականներին գիտական շրջանակներում հասկացել էին, որ լեզուն եւ գրականությունը պետք է ուսումնասիրվեն առանձին: Հավելում է, որ ինչպես հումանիտար ճյուղի մյուս հաստատությունները, այնպես էլ ԳԻ-ի հետազոտությունները հարաբերվել են ժամանակի իրողություններին, քանի որ ժամանակը հոգեբանորեն միշտ ազդում է հումանիտար գիտությունների վրա:

IMG_9057.jpg (464 KB)

Ինստիտուտը ստեղծման օրվանից երեք գլխավոր ուղղություն է ունեցել՝ հայ եւ արտասահմանյան գրականության պատմություն, գրականության տեսություն եւ տեքստաբանություն:

Այսօր ԳԻ-ն ունի հետեւյալ բաժինները.

- Հայ հին եւ միջնադարյան գրականության բաժին
- Հայ նոր գրականության բաժին
- Նորագույն շրջանի հայ գրականության բաժին
- Սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժին
- Բնագրագիտության բաժին
- Գրականության տեսության բաժին
- Արտասահմանյան գրականության եւ համեմատական գրականագիտության բաժին
- «Հայ դասականների կյանքի եւ գործունեության տարեգրության» խումբ

Ինչպես Լեզվի ինստիտուտում, այստեղ եւս բաժինների աշխատակիցների թիվը փոքր է: Ներկայում ամբողջ ինստիտուտն ունի 62 աշխատող, որոնցից 11-ը գիտությունների դոկտոր է, 34-ը՝ թեկնածու: Տնօրենի փոխանցմամբ՝ ամենացածր «մաքուր» աշխատավարձը 56 հազար դրամ է, որն ստանում է 5 հոգի: Ամենաբարձրը 120 հազար դրամ է:

IMG_9063.jpg (455 KB)

Վ. Դեւիկյանն ասում է, որ համագործակցում են նաեւ ԳԻ-ում չաշխատող գրականագետների հետ, օրինակ՝ հիմա գրում են հայ գրականության պատմությունը 6 հատորով՝ նախագրային ժամանակաշրջանից մինչեւ մերօրյա գրականություն՝ աշխատելով նաեւ ինստիտուտից դուրս գործող մասնագետների հետ: ԳԻ-ի գործընկերներից են Գրողների միությունը, ԵՊՀ-ն, այլ հիմնարկներ:

Տարեցտարի գիտության բազային ֆինանսավորումը նվազում է: Ինստիտուտներ կան, որոնք հարկադրված են կրճատել աշխատակիցներին՝ աշխատավարձը վերաբաշխելով մյուսների միջեւ, սակայն Գրականության ինստիտուտում այդպես չեն վարվել: Փոխարենը կրճատել են գրքերի տպագրության գումարը, պարգեւավճարները:

IMG_9089.jpg (519 KB)

Ըստ տնօրենի՝ աշխատավարձի ֆոնդը մի կերպ, ճանկռելով է պահում: Շեշտում է, թե օրհնանքով է հիշում իր նախորդների ստեղծածը: Օրինակ՝ իր սենյակում որեւէ բան չի փոխել, ժառանգածը պահպանվում է: Հետագա սերունդը, ըստ Դեւրիկյանի, դա կարող է մեկնաբանել երկու կերպ. մեկը կարող է ասել, թե այս մարդը եկավ եւ մի «վինտ» չավելացրեց, երկրորդն էլ կարող է ասել, որ եղած գումարն ուղղել է աշխատավարձի ֆոնդին:

Գրականության ինստիտուտի ֆինանսավորումը պետբյուջեից 2012-2017 թթ. եղել է այսպիսին (տվյալները վերցված են պետբյուջեի մասին օրենքների հավելվածներից):

ԳԻ
Infogram

Վ. Դեւրիկյանն իր հերթին ներկայացրել է վերջին 3 տարիների ֆինանսավորման պատկերը:

GI-finance.jpg (70 KB)

Խորհրդային տարիներին, մեր զրուցակցի ասելով, նյութատեխնիկական խնդիրներ չկային, սակայն հիմա ինքն ստիպված է լուծել հարակից ոչ գիտական խնդիրներ: Նշում է, թե  հաշվապահին պարբերաբար հարցնում է, թե ինչքան է կազմել դեկտեմբերի հոսանքի գումարը: «Այսինքն՝ իմ ուղեղը նաեւ ուրիշ բաներով է ծանրաբեռնված, երբեմն նույնիսկ ասում են՝ չէ՞ որ տնօրենը պետք է նաեւ լավ մենեջեր լինի, բայց իմ ըմբռնումով այսպիսի ինտիտուտներում տնօրեննրը չպետք է զբաղվեն այդ հարցերով»,- նշում է Վարդան Դեւրիկյանը:

1946-47 թվականներից ԳԻ-ն գործում է Երեւանի Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում, որտեղ գտնվում են նաեւ Լեզվի ու Տնտեսագիտության ինստիտուտները, ակադեմիական եւ այլ հիմնարկներ: Նախկինում այս շենքում կենտրոնական ջեռուցում է եղել, բայց դրա ծախսատար լինելու պատճառով շենքն զբաղեցնողները որոշել են իրենց գլխի ճարը տեսնել ըստ հնարավորությունների:

IMG_9060.jpg (481 KB)

Հիմա ԳԻ-ի սենյակները հիմնականում տաքացվում են ջեռուցիչներով: Խստաշունչ ձմեռներին սենյակները հնարավորինս կոմպակտ են դառնում, պատահում է, որ անգամ տնօրենի աշխատասենյակում են հավաքվում, ստիպված են հարմարվել պայմաններին:

«Մենք 100 միջոց ենք փնտրում, որ այս բյուջեի պայմաններում այսքան գործ անենք, անհամեստություն թող չլինի»,-նկատում է տնօրենը: Ըստ նրա՝ ավելի ձեռնտու կլիներ ջեռուցման կաթսաներ տեղադրել, բայց դրա համար գումար է անհրաժեշտ: Այս խնդիրները, սակայն, Վարդան Դեւրիկյանը հաղթահարելի է համարում: Նրա խոսքով՝ տարեցտարի Գրականության ինստիտուտի միջազգային հեղինակությունն աճում է: ԳԻ-ն տարեկան 10-12 գիրք է հրատարակում, 80-90 գիտական հոդված, որոնցից 15-ը՝ արտասահամանյան հանդեսներում:

IMG_9075.jpg (384 KB)

Ինստիտուտի ղեկավարն ասում է, որ գրականագետները կարող են իրենց նպաստը բերել անգամ երկրի արտաքին քաղաքականության իրականացմանը, ինչպես օրինակ, արտասահմանյան ուղեւորությունների դեպքում համապատասխան օրիգինալ նյութեր պատրաստել ղեկավարների համար:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Տնօրենի փոխանցմամբ՝ կադրերի պակաս չունեն, չնայած որ աշխատողներից միայն 2-ն են երիտասարդ: «Մեր ավագների արդյունավետությունն ավելի բարձր է, որովհետեւ ամեն դեպքում աշխատանքն իրենց համար կեցության ձեւ է: Մեկը ծովափ է սիրում գնալ, մյուսը՝ զվարճանքի վայր, երրորդի համար ծովափն էլ, զվարճանքն էլ գիտությունն է»,- նկատում է դոկտոր Դեւրիկյանը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter