Ռոսկոմնադզորը սպառնում է արգելափակել «Հետքը» Ռուսաստանի տարածքում
2019 թ. հունվարին «Հետքը» Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությունից` Ռոսկոմնադզորից (Роскомнадзор) 4 ծանուցում է ստացել այն մասին, որ եթե ՌԴ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանի մասին «Հետքում» հրապարակված հոդվածները չհեռացվեն կայքից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապա կայքը կարգելափակվի Ռուսաստանի տարածքում: Իր այս պահանջը Ռոսկոմնադզորը հիմնավորել է Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշմամբ, որով, իբրեւ, հաստատվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը:
Դեռեւս 2017-ի սեպտեմբերին «Հետք»-ը նամակ էր ստացել նույն ծառայությունից, որով մեզ տեղեկացնում էր, թե քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը դիմել է իրենց՝ խնդրելով աջակցել իր անձնական տվյալները «Հետք» ինտերնետային կայքից հեռացնելու հարցում:
Այդ տարվա մայիսին «Հետք»-ն անդրադարձել էր Չեխիայում Ռուբեն Թաթուլյանի (մականունը՝ Ռոբսոն) ձերբակալմանը՝ հղում կատարելով ռուսաստանյան լրատվամիջոցներին և դրանցով հեռարձակված տեսանյութերին։ Համաձայն այդ հաղորդագրությունների՝ Թաթուլյանի մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:
«Ռոսկոմնադզոր»-ը հայտնել էր, որ ՌԴ-ն մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացու անձնական տվյալների մշակման ժամանակ նրա իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերին, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության պաշտպանությանը: Ծառայությունը հղում է կատարել «Անձնական տվյալների մասին» ՌԴ 2006թ. հուլիսի 27-ին ընդունած օրենքին, որի վերահսկողությունը վերապահված է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությանը:
Համաձայն օրենքի 17-րդ հոդվածի՝ եթե անձնական տվյալների սուբյեկտ հանդիսացող անձը համարում է, որ օպերատորն իր անձնական տվյալների մշակումն իրականացնում է ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքի խախտումներով կամ այլ կերպ իր իրավունքներն ու ազատություններն է խախտում, նա իրավունք ունի բողոքարկել օպերատորի գործողությունները կամ անգործությունը համապատասխան իրավասու մարմնին՝ իր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով:
Այս իրավունքի իրացման նպատակով էլ Ռուբեն Թաթուլյանը դիմել էր «Ռոսկոմնադզոր»-ին՝ աջակցելու իր անձնական տվյալները «Հետք» ինտերնետային կայքից հեռացնելու հարցում՝ առանց համապատասխան համաձայնության:
Ռուբեն Թաթուլյանի դիմումը քննելուց հետո «Ռոսկոմնադզորն» արձանագրել էր անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը:
Եվ այդ իրավունքների պաշտպանության նկատառումներով «Ռոսկոմնադզոր»-ը խնդրել է աջակցել Թաթուլյանի անձնական տվյալները «Հետք»-ից ջնջելու հարցում:
Այլ կերպ ասած՝ Ռուբեն Թաթուլյանն ուզում է օգտվել մոռացվելու իրավունքից:
Մեզ համար տարակուսելի էր, թե Ռուսաստանի Դաշնության պետական մարմինը ինչ հիմքով է հայաստանյան լրատվամիջոցից պահանջում նյութը հեռացնել։ Եվ ինչու էր Թաթուլյանը դիմել այլ երկրի պետական մարմնին, երբ նման պահանջով կարող էր դիմել Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան գործակալությանը։ Ուստի, Ռոսկոմնադզորին պատասխանեցինք, որ չենք պատրաստվում հեռացնել հրապարակված նյութերը, որ դրանք համապատասխանում են Հայաստանում խոսքի ազատության օրենսդրությանը, հավասարակշռված են, չեն պարունակում զրպարտություն եւ վիրավորանք, ատելության խոսք: Բացի այդ` ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող եւ այդ ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական հանդիսացող Ռուբեն Թաթուլյանի գործունեությունը հանրային հետաքրքրության շրջանակում է, եւ մեր հոդվածներն արծարծում են դիվանագիտական անձնագիրը չարաշահելու հարցը, հետեւաբար հանրային շահը գերակայում է պրն Թաթուլյանի անձնական շահին: Ռոսկոմնադզորին նաեւ տեղեկացրինք, որ Ռուբեն Թաթուլյանը հեշտորեն կարող է իր բողոքը հասցեագրել Հայաստանի դատական մարմիններին եւ հայցել իրավական օգնություն այստեղ:
Բայց Ռոսկոմնադզորն ու Թաթուլյանը, փաստորեն, չեն ընդունել մեր հիմնավորումները ու որոշել են հարցը լուծել` «Հետքը» Ռուսաստանի տարածքում արգելափակելու միջոցով:
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի մեկնաբանությամբ՝ եթե կա տեխնիկական հնարավորություն ՌԴ տարածքում միայն տվյալ նյութը արգելափակելու, ապա դա իրավաչափ կարող էր համարվել, սակայն մեկ հրապարակման պատճառով կայքն արգելափակելը համաչափ չէ:
Այստեղ նաև հարց է առաջանում, թե արդյոք դատարանը որոշում է կայացրել կայքն արգելափակելու մասին: Դատարանն, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացրել Թաթուլյանի մասին նյութը հեռացնելու վերաբերյալ:
«Սա շատ նման է Թուրքիայում Google-ն արգելափակելու պատմությանը, երբ Աթաթուրքի վերաբերյալ Google-ում քննադատական հոդվածներ էին հայտնվում, և քանի որ իրենց պետական մարմինը չէր կարող այդ նյութերը հեռացնել, որոշեցին Google-ն արգելափակել: Եվրադատարանը հետագայում դա խախտում ճանաչեց, հիմա նման իրավիճակ այս պարագայում է»,- կարծում է Արա Ղազարյանը:
Մյուս կողմից էլ, ըստ Ղազարյանի, դատարանի որոշումը խոսքի ազատության անհամաչափ սահմանափակում է: Եթե «Հետք»-ին նույնիսկ երրորդ կողմ չեն ներգրավել դատական պրոցեսում, ըստ էության, չէին էլ կարող, քանի որ այլ երկրում գործող իրավաբանական անձ է, ապա դատարանը չի հավասարակշռել մասնավոր և հանրային շահերը, հաշվի չի առել պաշտոնատար անձի կամ հանրային դեմքի նկատմամբ քննադատական լայն շրջանակները, հանրային հետաքրքրության տեղեկատվության հասանելիություն ապահովելու մամուլի հատուկ դերը, որ հրապարակումը կոմերիցոն նպատակով չի արվել:
Ռոսկոմնադզորի այս քայլը Արա Ղազարյանը նոր երևույթ է համարում: Մինչդեռ այս ամենը պետք է Մինսկի կոնվենցիայի շրջանակներում արվեր: Այսինքն` ՌԴ դատարանը պետք է դիմեր ՌԴ արտգործնախարարությանը, որն իր հերթին պետք է դիմեր ՀՀ Արդարադատության նախարարությանը (ԱՆ): ՀՀ ԱՆ-ն պետք է դիմեր «Հետք»-ին, հորդորեր, որ լրատվամիջոցը կատարեր դատարանի որոշումը: Եթե լրատվամիջոցը հրաժարվեր և չկատարեր, ԱՆ-ն այն պետք է ուղարկեր դատական դեպարտամենտ: Վերջինս էլ այն պետք է ուղարկեր որևէ դատարան և ասեր` սկսեք ՌԴ որոշման ճանաչման և կատարման վարույթ: ՀՀ դատարանն այդ պարագայում պետք է որոշեր չճանաչել կամ ճանաչել ու կատարել ՌԴ որոշումը և պարտադրեր «Հետք»-ին՝ հեռացնել նյութը:
«Ուղարկեք պատշաճ ընթացակարգով: Մենք անկախ պետություն ենք: Պետք է ՌԴ դատարանի որոշման՝ ՀՀ դատարանի կողմից ճանաչման ու կատարման հարց բարձրացվի, այլ ոչ թե Ռոսկոմնադզորը ուղարկի «Հետք»-ին, կարծես մենք իրենց գուբերնիայի գյուղերից մեկն ենք: Հայաստանը Ռուսաստանի կազմի մե՞ջ է մտել, թե՞ ինչ է եղել, որ Ռոսկոմնադզորը նման պահանջ է ուղարկում»,- եզրափակում է Արա Ղազարյանը:
Նշենք, որ նման պահանջներ ներկայացվել են հայաստանյան այլ լրատվամիջոցների եւս, իսկ «Առավոտ» առցանց պարբերականի ռուսական էջն արդեն արգելափակվել է Ռուսաստանի տարածքում։
«Հետքը» ստեղծված իրավիճակի առնչությամբ պաշտոնական դիրքորոշում հայտնելու խնդրանքով դիմել է Արդարադատության նախարարություն։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել