HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար․ «Կարմիր օրեր» անտիպ օրագրից

Չորեքշաբթի 11.- Երեք օր առաջ մի դատի եմ ականատես եղել ու մինչև օրս մտածում եմ այդ մասին։

Թոքախտավոր մանուկների հիվանդանոցի դիրեկտորը տարիներ շարունակ խժռել է խեղճ երեխաներին հասանելիք սնունդը, ձմեռները չի տաքացրել հիմնարկը,  և մահացածության դեպքերի թիվը բազմացել է այդ պատճառով։

Բժշկուհիներից մեկը չդիմանալով այս անարդարությանը, հայտնում է այդ մասին առողջապահության մինիստրին։ Մինիստրը փոխանակ զեղծարարին պատժելու, պատժում է բժշկուհուն ասելով.

-Ինչո՞ւ ուշ հայտնեցիր այդ մասին…

Դատավորը առաջնորդվելով առջևը դրված օրենսգրքով ուզում էր պատժել զեղծարարին, բայց մինիստրը, որ մաս ուներ դիրեկտորի կողոպուտից, հեռախոսով սաստում է դատավորին ձեռք չտալ զեղծարարին։

Այսպես են մեզ մոտ դատավարությունները։ Դատը վարվում է ոչ թե գրված, այլ չգրված օրենքներով։ Եվ սեղանի վրա ընկած օրենսգիրքը բնավ չի բացվում։ Անգամ եթե պատուհանից փչող քամին հանկարծ բաց անի` դատավորը անմիջապես փակում է, ականջը հեռախոսին, լսելու համար, թե ո՞վ ինչ կհրամայի։ Եվ այս այն դատավորը, որ համաձայն սովետական առասպելաբանության պետք է որ «անկախ» լիներ…

Այսպես է արդարադատության դրվածքը մեզանում։ Բոլոր գողերն ու ավազակները, նախքան որևէ գործարք կատարելը, համաձայնում են վերադաս երեք մարմինների հետ։ Դրանք են` Ռայկոմ, Քաղկոմ և Կենտկոմ։

Ասենք` մեղադրյալի աթոռին նստած է մի ավազակ, որ սպանել ու կողոպտել է երեք մարդ։

Գրված օրենքով նա դատապարտվում է գնդակահարության` երեք գնդակով։

Երբ դատավորը հրազենը վերցնում է առաջին հարվածը տալու, Ռայկոմն է մեջ ընկնում, թե՝ այդ մեկ զարկը ինձ բաշխիր։

Վերցնում է հրազենը և ուզում է երկրորդ զարկից օգտվել։ Դեմն է ելնում Քաղկոմը և փստացնում է կրակոցը։ Մնա՞ց վերջին զարկը։ Այդ արդեն պատկանում է միայն Կենտկոմին, և դատավորը, դեռ հրաման չստացած, բաշխում է ավազակին երրորդ զարկը ու հանելով մեղադրյալի աթոռից` տուն է ուղարկում նրան։

Պատահում է և այսպես։

Ավազակը ոչ թե երեք մարդ է սպանել, այլ երկու։ (Ինչպես գիտեք, ըստ պետական օրենքի որսորդը իրավունք ունի օրական սպանել միայն չորս կաքավ։ Երևի ավազակին էլ պատվիրված էր այդ օրը սպանել միայն երկու մարդ)։

Ու դատավորը իր հրացանի մեջ միայն երկու փամփուշտ է զետեղել։ Առաջին զարկը, ըստ սովորության, Ռայկոմին է զիջում, երկրորդը` Քաղկոմին ու սարսափով տեսնում, որ Կենտկոմին զիջելու բան չմնաց։ Լսելով, որ իրեն զանց է առել, Կենտկոմը կարող է կատաղել և անմիջապես դատավորին վռնդել իր պաշտոնից։

Նման դեպքերում դատավորը ավազակին ազատելիս մի գրություն է տալիս նրան, որով իրավունք է տրվում ավազակին երրորդ մարդն սպանել և առանց դատարան գալու արդարանալ և իր գործին գնալ…

Ուրիշ խոսքով ոճրագործության վարկ է բաց թողնում…

------

Բայց ես հավատացած եմ, որ եթե մի օր արդարադատությունը ավազակների ձեռքն անցնի, նրանք ներկա դատավորներից ավելի արդար վճիռներ կտան։

 Նոյեմբեր, 1962թ.

Մեկնաբանություններ (2)

Վանուշ
Ինչպես չսիրել ու հարգել Լեռ Կամսարին, ով անվախ ու անկեղծ զինվորն է եղել արդարության։
Վանուշ
Ինչպես չսիրել ու հարգել Լեռ Կամսարին, ով անվախ ու անկեղծ զինվորն է եղել արդարության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter