
ԼՀԿ-ն առաջարկում է խորհրդարանական վերահսկողություն դեսպանների նշանակման հարցում
Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել և ընդլայնել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները: Օրենքի նախագիծը շրջանառության է դրվել խորհրդարանի կայքում:
Խմբակցությունն առաջարկում է կանոնակարգ-օրենքի 12-րդ հոդվածը փոփոխել, ըստ որի` օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը, կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ:
Առաջարկվում է նաև գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանձնաժողովում կազմակերպել համատեղ հանդիպումներ: Առաջարկում նշվում է, որ նախատեսված հանդիպումներն իրականացվում են դռնբաց ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովն իր անդամների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում հանդիպումը դռնփակ ընթացակարգով անցկացնել:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահի ընտրության ելույթների ժամանակ բանավեճ սկսվեց ԼՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների միջև, երբ ԼՀ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, քննադատելով նախորդ իշխանություններին դեսպանների նշանակման հարցում, հիշատակել էր Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է:
Մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները, խորհրդարանական վերահսկողություն, պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին առաջարկում է թեկնածուներ, կարող է հարցումներով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ, ստեղծել ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:
Լուսանկարում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է
Մեկնաբանել