HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին իմացել է, երբ եկել է աշխատանքի

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ցույցերի մասնակցող քաղաքացիներից շատերը պնդում են, որ իրենք Ազատության հրապարակում  խաղաղ սպասելիս են եղել նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, սակայն Մարտի 1-ի առավոտյան հարձակման են ենթարկվել ոստիկանների կողմից:

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նրա պաշտպան Հայկ Ալումյանն, ի պատասխան մեր հարցի՝ Քոչարյանը տեղյակ եղե՞լ և նիստի ընթացքում անդրադարձե՞լ է Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում  տեղի ունեցած իրադարձություններին, նշեց, որ Քոչարյանը դրանց նախորդող իրադարձություններին է անդրաադարձել՝ չնայած այն հանգամանքին, որ Մարտի 1-ի առավոտվա  իրադարձությունները չեն մեղսագրվում իրեն:

«Մարտի 1-ի իրադարձությունները պարոն Քոչարյանին մեղսագրված չեն: Նա իր խոսքում այդ իրադարձությանը նախորդող հանգամանքներին  է անդրադարձել ու նշել, որ մի քանի օր շարունակ՝ համարյա ամեն օր, Ազգային անվտանգության տնօրենն իրեն զեկուցում էր, որ էնտեղ կան զինված մարդիկ, որ երեկոները և գիշերները կան մարդիկ, որոնք հարբած վիճակում զենքի հետ անզգույշ վերաբերմունք են ցույց տալիս: Անգամ նկարագրեց, որ, ըստ օպերատիվ տվյալների, մարտական գործողություններին մասնակցած մի անձ, ով այդ ժամանակ վրաններից մեկում էր, խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակն ու  դրա օղակի միջով մատն անցկացրել ու պտտեցնում էր: Այդպիսի մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել: Նաև նշեց, որ ոստիկանական գործողություններից հետո բավականին մեծ քանակությամբ զենք-ռազմամթերք է այդտեղից հայտնաբերվել, ինչը նաև 60-ից ավելի օրինական ուժի մեջ գտնվող դատավճիռներով հաստատվել է»,- ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպանի խոսքով՝ մարտի 1-ին նախատեսվելիք գործողությունների մասին ոստիկանության մի փոխգնդապետ ժամեր առաջ տեղեկացրած է եղել  Ազատության հրապարակում գտնվող անձանց, որի վերաբերյալ առկա է նաև գաղտնալսման սղագրությունը, ու անգամ այդ պայմաններում ցուցարարների մոտ մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք է հայտնաբերվել:

«Իհարկե, ոչ բոլոր ցուցարարաների, միգուցե նրանց մեծամասնության մասին չէ խոսքը, բայց այդտեղ գտնվող անձանցից ոմանք ու բավականին մեծ թվով անձինք եղել են զինված ոչ միայն նախապես հարմարեցված պատվիրված սառը զենքով, Մոլոտովի կոկտեյլներով, այլ նաև հրազենով ու նռնակներով,- ասաց Ալումյանը:

Դիտարկմանը, որ Ալումյանի հիշատակած նռնակով զինված տղամարդը ասել է, թե հրապարակում է եղել ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանի հրավերով, Ալումյանը պատասխանեց, թե լավ կլիներ, որ այդ անձի ասածները լավ ստուգվեին, ինքը չգիտի` ստուգվե՞լ է, թե՞ ոչ:

Հարցին՝  Ռոբերտ Քոչարյա՞նն է հրամայել 2008-ին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանին Ազատության հրապարակում գործողություններ կատարել, Ալումյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Քոչարյանին այդ դեպքով ոչինչ չի մեղսագրվում:

«Հավանաբար, գործով հաստատված է, որ ինքը չի հրահանգել: Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ ինքն այդ օրը` 08:30-ի կողմերը, եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով զեկուցել են, որ այդպիսի բան կա: Երևի նախաքննական մարմինը ստուգել է և տեսել է, որ պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել, ուստի նրան չի մեղսագրվում, թե առավոտվա գործողություններն ինքը հրահանգել է իրականացնել կամ նախապես իմացել է այդ գործողությունների մասին ու թույլ է տվել, որ դրանք իրականացվեն»:

Հարցին՝ Քոչարյանը գտնում է, որ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններն անօրինական էին, սակայն դրանք առանց իր գիտությա՞մբ են կարտարվել, Ալումյան պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել, երբ մեղադրանքի կողմը փորձել է այդ հարցով քննարկում ծավալել, իրենք՝ պաշտպանները, հիշեցրել են, որ Քոչարյանին այդ դրվագով մեղադրանք չի առաջադրվել:

Ալումյանը նշեց նաև, որ դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Հարությունյանը մի շարք հարցեր է ուղղել ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմին: Դատավորին, մասնավորապես, հետաքրքրել են Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ իրենց հայտնած դիրքորոշման հետ կապված որոշ հարցեր, հարցեր է ուղղել նաև մեղադրանքի կողմի հայտնած այն դիրքորոշման վերաբերյալ, որ այդ օրերին, փաստացի, դադարել են գործել Սահմանադրության որոշ նորմեր: Մասնավորապես՝  դատարանը փորձել է ճշտել, թե որ նորմերն են դադարել գործել, և ի՞նչ կերպ է դա արտահայտվել:

Ալումյանը չանդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությանը Մարտի 1-ի գործի շրջանակներում: Պաշտպանը նշեց, որ ինքը Սարգսյանի հարցաքննվելու վերաբերյալ տեղեկություններ չունի և իրենց դա չի էլ հետաքրքրում: Պաշտպանը նշեց նաև, որ դատարանում ներկայացվել են գործի շրջանակներում որոշ բարձրաստիճան սպաների ցուցմունքներ, սակայն նրանց մեջ չի եղել գեներալ Մանվել Գրիգորյանի որևէ ցուցմունք: Նշենք, որ Գրիգորյանը 2008-ին եղել է Պաշտպանության փոխնարարար և ԵԿՄ ղեկավար:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ալումյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Քոչարյանի կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի բանակի ներգրավվածությունը Հայաստանում ծավալվող գործողություններին բացառվի, և իրեն՝ Քոչարյանին, զեկուցել են, որ իր ասածն իրականացվել է,  նմանատիպ խնդիրներն աշխատում են չեզոքացնել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ: Վերջինիս նկատմամբ ընտրված խախանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կմնա անփոփոխ, թե Քոչարյանը ազատ կարձակվի, պարզ կլինի փետրվարի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter