
Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա՝ որպես հակամարտության հիմնական կողմ. արտաքին քաղաքականությունը՝ կառավարության ծրագրում
Լեռնային Ղարաբաղում իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում Արցախը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա՝ որպես հակամարտության հիմնական կողմ: Այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրում, որի նախագիծը ներկայացվեց գործադիրի այսօրվա նիստին: Կառավարության մոտ 60 էջանոց ծրագրի 3 էջը նվիրված է արտաքին քաղաքականությանը:
Վերահաստատվում է, որ Հայաստանը աշխատելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Բանակցային գործընթացում ՀՀ կառավարությունն առաջնահերթ գերակայություն է համարում Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը, իսկ հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմքում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը: Բանակցությունների արդյունավետության դաշտ ստեղծելու համար, ըստ կառավարության ծրագրի, անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող մթնոլորտ:
Կառավարությունը ջանքեր է գործադրելու՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի տնտեսական զարգացման համար գործադիրը ձգտելու է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին, միջազգային լավագույն օրինակների ու փորձառության փոխառմանը, նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ավելացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև այս հարցում սփյուռքահայության ներգրավվմանը:
Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանը փորձելու է նպաստել այդ կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը:
Կառավարությունը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ: Ծրագրում վերահաստատվում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում կառավարությունը ցանկանում է խորացնել համագործակցությունը՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ:
Դեռևս նախորդ իշխանությունների օրոք (2017թ. նոյեմբերի 24) Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիտարկում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալի գործոն: Գործադիրը աշխատանքներ է տանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ:
Հայաստանի հյուսիսային և հարավային հարևաններ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերում կառավարությունը կարևորում է աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ լինելու հանգամանքը: Նշենք, որ Թուրքիան Հայաստանի միակ հարևան պետությունն է, որին առնչվող հատված գործադիրը իր արտաքին քաղաքական ծրագրում չի նշել, եթե հաշվի չառնենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի կողմից այդ ջանքերի դեմ հնարավոր հակազդման հանգամանքը: Մինչդեռ 2018-ի տարեվերջին խորհրդարանական ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքը իր նախընտրական ծրագրում պատրաստակամություն էր հայտնել հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ՝ առանց Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների:
Կառավարությունը փորձելու է ընդլայնել և խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ, հարաբերությունները զարգացնել Հնդկաստանի, Ճապոնիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ:
Ծրագրի արտաքին քաղաքական հատվածում առանձին մաս վերաբերվում է նաև Հայաստանի Հանրապետության գործունեությանը տարբեր միջազգային կառույցներում: Մասնավորապես, գործադիրը կարևորում է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլ կառույցներում Հայաստանի շահերի պաշտպանությունը, իսկ ԱՊՀ շրջանակներում կարևորվում է համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Կառավարությունը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացմանն ուղղված աշխատանքները:
Մեկնաբանել