HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանը արձագանքել է դատարանի որոշմանը. նա համոզված է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը համարում է, որ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշման մեջ իրավաբանական բաղադրիչը հավասար է զրոյի, այն քաղաքական է:

«Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է՝ քաղաքական պատվերի շրջանակներում կայացված: Եթե որևէ անաչառ իրավաբան նայի այն, ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն 10 առանձին հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար կլիներ, որպեսզի պարոն Քոչարյանը ազատ արձակվեր»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հարցին՝ Քոչարյանը ինչպե՞ս արձագանքեց որոշմանը, Ալումյանը պատասխանեց, որ նա հերթական անգամ արձանագրեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման:

«Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ևս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, այլ՝ քաղաքական հետապնդում»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ բողոքարկելու են դատարանի այս որոշումը: Ալումյանի խոսքով՝ զուգահեռ հերթական բողոքն է ներկայացվելու նաև ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարան:

Հարցին՝ դատարանը իր որոշման մեջ անդրադարձե՞լ է Քոչարյանի անձեռնմխելիության հանգամանքին, Ալումյանը նշեց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, բայց սա այն դեպքն է, երբ հնարավոր չէ որևէ խելամիտ փաստարկ բերել, որով կհերքվի այն, որ Քոչարյանը պետք է լինի անձեռնմխելի այս մեղադրանքի շրջանակում:

Նախորդ դատական նիստից հետո Հայկ Ալումյանը ասել էր, թե Քոչարյանը մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանության գործողությունների մասին իմացել է պոստ ֆակտում, մինչդեռ Անահիտ Բախշյանը պնդում է, որ «Ժառանգություն» խմբակցությունը զանգեր է ստացել Սերժ Սարգսյանից, տեղեկություն են ունեցել, որ նման գործողություն է նախապատրաստվում: Լրագրողի հարցին՝ այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը տեղեկություն է ունեցել այդ գործողությունների մասին, իսկ Քոչարյանը ո՞չ, Ալումյանը չպատասխանեց:

«Դուք հիմա պատկերացնու՞մ եք, որ ես սկսեմ պատասխանել թե ինչից է տեղյակ եղել պարոն Սերժ Սարգսյանը»,- ասաց պաշտպանը:

Հարցին, թե այս որոշումից հետո պաշտպանական կողմը պատրաստվո՞ւմ է գրավի նոր միջնորդություն ներկայացնել առաջին ատյանի դատարան, Ալումյանը պատասխանեց, որ նման հարց դեռ չի քննարկվել, բայց այս պահից սկսած՝ հնարավոր տարբերակ կարող է քննարկվել:

Այն հարցին, թե Քոչարյանը տեղյա՞կ է եղել, որ Միքայել Հարությունյանը, որին ինքը նշանակել էր պաշտպանության նախարար, 2002 թվականից եղել է ՌԴ քաղաքացի, Ալումյանը պատասխանեց, որ ինքը հստակ տեղեկություն չունի, որ Միքայել Հարությունյանը հենց 2002-ից է եղել ՌԴ քաղաքացի:

Պաշտպանը հիշեցրեց, որ Միքայել Հարությունյանն, իր ունեցած տվյալներով, դեռևս 1992-1993 թվականերից սկսած՝ Պն-ում զբաղեցրել է բարձր պաշտոններ, ինչը ենթադրում է, որ նա պիտի լիներ ՀՀ քաղաքացի:

Այդ ժամանակահատվածում, հիշեցնենք, նախագահը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն էր, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ալումյանը նշեց նաև, որ նախագահը երբեք ինքն անձամբ չի ստուգում ինչ-որ մեկի քաղաքացիությունը մարդուն ինչ-որ պաշտոնում նշանակելիս, իսկ թե կոնկրետ որ ժամանակահատվածում է նա ստացել ՌԴ քաղաքացիություն, Ալումյանը չգիտի: 

«Դուք հաշվի առենք, որ ՀՀ նախագահը երբեք ինքն անձամբ չի ստուգում ինչ-որ մեկի քաղաքացիությունը մարդուն ինչ-որ պաշտոնում նշանակելու ժամանակ: Հասկանալի է, որ հանրապետության նախագահն այդքան ժամանակ չէր ունենա որպեսզի անձամբ ստուգեր՝ Հարությունյանը Ռուսատանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ մեկ այլ երկրի քաղաքացի է, դրա համար կան այլ անձինք, ովքեր ստուգում են, ովքեր համապատասխան հրամանագիր են պատրաստում եւ դնում դրա վրա վիզաներ»,- նշեց Ալումյանն ու ասաց, որ որևէ մեկն այդ պահին չէր կարող ենթադրել, որ անձն, ով 6-7 տարի զբաղեցրել է պաշտոններ, որոնց համար ՀՀ քաղաքացի լինելը պարտադիր է, կարող էր չլինել ՀՀ քաղաքացի:

Հարցին՝ բացի Քոչարյանի ընտանիքի անդամներից ո՞վ է այցելել նրան, արդյոք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելե՞լ են, Ալումյանը պատասխանեց, որ Քոչարյանին մի բարձրաստիճան պաշտոնյա փորձել է այցելել, բայց թե ով է նա, պաշտպանը չհրապարակեց՝ նշելով, որ Քոչարյանը չի ցանկանում այդ հարցը մեկնաբանել:

Նախորդ նիստի ավարտից հետո Հայկ Ալումյանը նշել է, որ Քոչարյանի գործին կցված են բարձրաստիճան սպաների ցուցմունքներ: Խոսելով այս մասին՝ պաշտպանն ասաց, որ նրանցից շատերի ցուցմունքների բովանդակության հետ իրենք համաձայն են: Հարցին, արդյոք կան ցուցմունքներ, որոնք ակնհայտ կեղծիք են պարունակում կամ ճնշումների արդյունքում են տրվել, Ալումյանը պատասխանեց, որ կա ցուցմունք, որի մի հատվածն, իրենց գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում:

Ըստ Ալումյանի՝ այդ ցուցմունքը հակասության մեջ է գործում առկա շատ ապացույցների հետ: 

«Ցուցմունք տվող անձը այդ ցուցմունքից հետո բավականին լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»,- ասաց Ալումյանը, սակայն չհստակեցրեց, թե ում մասին է խոսքը:

Ցուցմունքը բանակի օգտագործմա՞ն, թե՞ այլ դրվագների շուրջ է հարցին՝ Ալումյանը նշեց, որ ցուցմունքը վերաբերում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին:

Լուսանկարը՝ Nazik Armenakyan/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter