HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամը դանդաղ արժեզրկվում է. Կենտրոնական բանկը դա սեզոնային է համարում

Փետրվարի սկզբից դրամը արժեզրկման միտումներ է ցույց տալիս։ Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած տվյալների՝ նախորդ աշխատանքային շաբաթն ավարտվեց 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ 489.19 ՀՀ դրամ միջին փոխարժեքով (փետրվարի 8)։ Շաբաթը սկսվել էր 487.44 դրամով։ Այսօր արտարժույթի փոխանակման կետերում դոլարի վաճառքի գինը հատել է 490 դրամը։ Ըստ ԿԲ-ի՝ միջին փոխարժեքն այսօր կազմել է 489.85 դրամ։ Թեև կատարվածը չի կարելի անվանել դրամի կտրուկ արժեզրկում, սակայն դոլարի թանկացման միտումն ակնհայտ է։

Դոլարի նկատմամբ 490 դրամ և ավելի բարձր փոխարժեք վերջին անգամ գրանցվել էր 2016 թվականի փետրվարին՝ հասնելով 496 դրամի։ Սակայն սա կարճաժամկետ արժեզրկում էր և մինչև մարտի վերջ աստիճանաբար դրամի փոխարժեքը կրկին նվազեց։

 

2014 թվականի շեշտակի բարձրացումից հետո դրամ/դոլար փոխարժեքը նման էական տատանումներ չի գրանցել։

Նույնիսկ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ դրամը կայուն մնաց, ինչը բացատրվեց բնակչության դրական սպասումներով։ Այսինքն՝ խուճապ ու տագնապային սպասումներ չկային, որոնք կարող էին բացասաբար ազդել դրամի վրա։

Սակայն, հատկապես վերջին մի քանի ամիսներին բավականին հաճախ է խոսվում դրամի սպասվող արժեզրկման մասին և նույնիսկ տարօրինակ է համարվում վերջին երկու տարիների կայունությունը։ Ինչու՞՝ որովհետև արտաքին աշխարհից եկող աղդակներն ու մեր ներքին տնտեսական գործընթացները տրամաբանորեն պետք է հանգեցնեին դրամի արժեզրկմանը։ Իսկ ԿԲ-ին պարբերաբար մեղադրանքներ են հնչեցվում դրամի կայունությունը արհեստականորեն պահելու համար։

Վերջին շաբաթում դրամի դանդաղ արժեզրկումը կարող է նշանակել, որ այդ ազդակներն արդեն տեղ են հասել։ Սակայն մինչև դրամի վրա ազդող հնարավոր պատճառներին անդրադառնալը, փորձենք հասկանալ՝ ԿԲ-ն այս ընթացքում միջոցառումներ  ձեռնարկե՞լ է, թե՞ ոչ։

Տեսակետ կա, որ ԿԲ-ն վերջին օրերին մեծածավալ դոլարային ինտերվենցիա է իրականացրել շուկայում՝ կանխելով դրամի կտրուկ արժեզրկումը։ Այսինքն՝ ԿԲ-ն երկրի արտաքին պահուստներից դոլար է վերցնում և «լցնում» շուկա այն ժամանակ, երբ շուկայում դոլարի պահանջարկը մեծանում է։ ԿԲ-ի կողմից արժութային շուկայում իրականացված գործառնությունների վիճակագրությունը հրապարկվում է որոշակի պարբերականությամբ։ Փետրվարի պատկերը դեռևս չի հրապարակվել, սակայն ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ինչպես դեկտեմբերին ու հունվարին, այնպես էլ՝ փետրվարին ԿԲ-ն դոլարային ինտերվենցիա չի իրականացրել։

Իսկ թե ինչով է պայմանավորված դրամի արժեզրկումը վերջին օրերին, ԿԲ-ից մեկնաբանեցին, որ տատանումը սեզոնային բնույթ է կրում։ «Լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարվում։ Տատանումը կրում է սեզոնային բնույթ՝ պայմանավորված արտահանման և ներմուծման որոշակի գործոնների հետ։ Եթե համեմատական տանենք նախորդ տարիների հետ, նկատելի է, որ անցած տարի՝ նույն ժամանակահատվածում, փոխարժեքը նմանատիպ վարքագիծ է դրսևորել»,- մեզ հետ զրույցում նշեց Հ. Բերբերյանը:

Սակայն, նույն ԿԲ-ի հրապարակած փոխարժեքի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա փետրվարին և ընդհանրապես առաջին եռամսյակում դրամը համեմատաբար կայուն վարքագիծ է ունեցել (տե՛ս ինֆոգրաֆիկան):

Թե մասնագետները, թե ԿԲ-ն հստակ գնահատականներ չեն հնչեցնում, թե որքան ժամանակ դեռ դոլարը կթանկանա և մինչև ուր կհասնի։ Առհասարակ, արտարժույթի տատանումների վրա ազդող գործոններն այնքան բազմազան են, որ  ազգային արժույթի արժեզրկման կամ արժևորվման պարագայում նույնիսկ արժութային շուկային մոտ կանգնած մարդիկ հստակ պատճառներ դժվարանում են նախանշել։ Տնտեսագետները, որոնց մենք հարցում ենք արել այս հոդվածը պատրաստելիս,  հիմնականում հակված են մտածելու, որ դրամն այսօր արժեզրկվում է արտաքին գործոնների հետևանքով։

Քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի արտաքին աշխարհից, հետևաբար դրսից  եկող բացասական հետևանքների արդյունքում, ինչպիսին է տրանսֆերտների կրճատումը, արտահանման ու ներդրումների նվազումը և այլն, Հայաստանում կարող է դոլարի քանակը նվազել ու հանգեցնել դրամի նկատմամբ դոլարի թանկացմանը։ Մյուս կողմից էլ դրան կարող է գումարվել փողի արտահոսքը երկրից՝ դեպի արտերկիր տրանսֆերտների տեսքով, ներմուծման տեսքով և այլն։ Այսինքն՝ բազմաթիվ ուղղություններով կարող է դոլարի պակաս առաջանալ։  

2018թ. նոյեմբերին ու դեկտեմբերին անկում է գրանցվել թե արտահանման ոլորտում, թե արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների։ Փոխարենն աճել է դրամական փոխանցումների արտահոսքը։ Սակայն դժվար է ասել, թե այդ գործոնները որքանով են ազդել դրամի ներկայիս արժեզրկման վրա։ Համենայնդեպս, դրանց ազդեցությունը տեսականորեն չի բացառվում։

Այսպես, դեռևս նոյեմբերին մեր հրապարակած հոդվածում այս ռիկսի մասին նշել ենք՝ հաշվի առնելով, որ արտահանումը 2018թ. սեպտեմբերին 2017թ. նույն ամսվա համեմատ նվազել է 14.8%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հոկտեմբերին արտահանումն աճել է 13.1%-ով, իսկ հաջորդող ամիսներին կրկին նվազել է՝ նոյեմբերին 3.9%-ով, դեկտեմբերին՝ 10.6%-ով։ Այս տարվա հունվարի ցուցանիշը դեռևս չի հրապարակվել։  Սակայն, տարեվերջին երկու ամիս շարունակ անկում է գրանցվել և հնարավոր է դրա բացասական ազդեցությունը դրամի վրա նոր է երևում։  Իսկ տարեկան կտրվաքով ունենք արտահանման 7.8%  աճ։

Հաջորդ արտաքին գործոնը տրանսֆերտներն են՝ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները արտերկրից Հայաստան։ 2018 թվականի վերջին ամիսներին տրանսֆերտները ևս նվազել են։ Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ ամբողջ 2018 թվականին ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել  մոտ 1 մլրդ 786 մլն դոլարին համարժեք գումար՝ 2017 թվականի 1 մլրդ 756 մլն դոլարի դիմաց, աճը՝ 29  մլն դոլար։ Տարվա առաջին ամիսներին տրանսֆերտների աճ գրանցվեց, սակայն տարեկեսից հետո աճը դանդաղեց և տարեվերջին դրսից եկող փողը սկսեց նվազել։ Մասնավորապես, նոյեմբերին ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել մոտ 156 մլն դոլար՝ 2017  թվականի նույն ամսվա մոտ 164 մլն դոլարի դիմաց, իսկ դեկտեմբերին այն կազմել է մոտ 174 մլն դոլար՝ 2017թ. նույն ամսվա մոտ 195 մլն դոլարի դիմաց։ Նվազել է, մասնավորապես, Ռուսաստանից եկող փողը, որը պայմանավորված է այս երկրում տնտեսական վիճակի վատթարացմամբ ու ռուսական ռուբլու թուլացմամբ։  Նույն ծավալի ռուբլով գումարն այժմ ավելի փոքր արժեք ունի։ Բացի այդ, Ռուսաստանում տիրող իրավիճակը բարդացրել է նաև այնտեղ աշխատող հայաստանցիների վարձատրության հարցը՝ գործատուները ուշացնում են աշխատավարձերի վճարումները, դադարեցնում աշխատանքները և այլն։   

Դրամական փոխանցումների ներհոսքի նվազմանը զուգահեռ ամբողջ տարվա ընթացքում էական տեմպերով աճել է  արտահոսքը՝ Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարների ծավալը։ 2018 թվականին ֆիզիկական անձինք Հայաստանից արտերկիր են ուղարկել 1 մլրդ 188 մլն դոլարին համարժեք գումար, որը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 198.5 մլն դոլարով։ Արդյունքում, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը կազմել է մոտ 597 մլն դոլար՝  169 մլն դոլարով պակաս 2017 թվականի ցուցանիշից։ Այսինքն՝ զուտ ներհոսքը, որը երկրում մնացած փողն է, պակասել է։

Տրանսֆերտների կրճատումը ևս դրամի փոխարժեքի վրա ազդող գործոն կարող է լինել, սակայն չի կարելի գերագնահատել թե տրանսֆերտների, թե արտահանման ազդեցությունը։  

Դրամի արժեզրկման պատճառներն ավելի հստակ հասկանալու համար դեռ որոշ ժամանակ պետք է սպասել՝ հասկանալու, արժեզրկումը շարունակվու՞մ է, թե՞  ինչպես հավաստիացնում են Կենտրոնական բանկից, այն կարճաժամկետ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter