HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը փակման վտանգի առաջ է. գինեգործները չեն ցանկանում կորցնել այս հարթակը

Փետրվարի 6-ին կառավարությունում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը փակելու հարցը: Այս մասին մեզ հայտնել է հանդիպման մասնակիցներից «Տրինտի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը:

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է 2016-ին: Ըստ հիմնադրամի կայքի՝ «գինու վերածնունդ ապրող Հայաստանի համար հիմնադրամը մշակել է ռազմավարություն, որը միտված է արտադրանքի որակյալ հումքային բազայի ապահովման համար անհրաժեշտ համալիր պայմանների ստեղծմանը, միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը»:

Գինեգործ Հովակիմ Սաղաթելյանն ասում է, որ կառավարությունը քննարկում է փակել պետական աջակցությամբ հիմնադրամները՝ այդ գումարներն ուղղելով գիտական հաստատություններին ու տենդերներին: Ի թիվս այլ հիմնադրամների՝ փակման վտանգի տակ է նաև Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:

Գինեգործի կարծիքով՝ հիմնադրամը հարթակ է իրենց համար, որի միջոցով ներկայացնում են ոլորտի ընթացիկ խնդիրները, իսկ հիմնադրամն էլ դրանք բարձրացնում է պատկան կառույցների առաջ՝ փորձելով գտնել լուծումներ կամ լուծման ուղղություններ: Խնդիրները բազմազան են, օրինակ՝ մելիորացիա, հարկային օրենսդրություն: Այսինքն՝ հիմնադրամը մասնագիտացված կապող օղակ է գինեգործի և պետական կառույցների համար:

Հովակիմ Սաղաթելյանն ասում է, որ եթե հեղափոխություն է կատարվում բոլոր ոլորտներում, գինեգործության մեջ էվոլյուցիոն զարգացումը մնալու է մասնավոր անձանց էնտուզիազմի վրա: Մեր զրուցակիցը, մեջբերելով միջազգային փորձը, նշում է, որ եթե մասնավոր հատվածում պետության հետ համագործակցություն չկա, այդտեղ հնարավոր չէ հեղափոխություն լինի: Սաղաթելյանի համար պարզ չէ նաև այն, թե հիմնադրամը փակելուց հետո ինչ կառույցների են ուղղվելու այդ գումարները, քանի որ, ըստ գինեգործի, այսօրվա կառույցները՝ գյուղնախարարությունը, Ագրարային համալսարանը դեռ չեն կայացել որպես լավ հաստատություններ՝ թե՛ գիտական, թե՛ ուսումնական առումով, և այս պարագայում գործող իրական ուժը հիմնադրամն է, որի շուրջ էլ համախմբվել է գինեգործների մեծ մասը:

Գինեգործի փոխանցմամբ՝ լուրեր կան, որ հիմնադրամը 3 ամսվա կյանք ունի: Գործադիրը, սակայն, փետրվարի 6-ի հանդիպմանը որևէ վերջնական բան չի հայտնել գինեգործներին: Վարչապետն ասել է, որ քննարկումները կշարունակվեն, և եթե անհրաժեշտ լինի, հանդիպումներ կկազմակերպեն:

Հովակիմ Սաղաթելյանն ասում է, որ ոլորտում մի շարք խնդիրներ կան: Դրանցից առաձնանցում է երկուսը: «Առաջինը՝ պետությունն իր հարկային քաղաքականությամբ պետք է աջակցի գինու՝ որպես ազգային խմիչքի սպառմանը երկրի ներսում, որտեղ տարեկան մոտ 38 միլիոն շիշ օղի է սպառվում և մոտ 7 անգամ պակաս գինի, ինչն աբսուրդ է: Դա կարող է արվել ոլորտի հարկային քաղաքականությունը փոխելով. գերակա հայտարարված ոլորտը հավելյալ չհարկվի՝ ելնելով Իսպանիայի, Հունաստանի փորձից, և մի քանի տարում այնպես կայանա, որ սկսի լուրջ հարկեր տալ բյուջեին»,- ասում է գինեգործը:

Երկրորդ խնդիրը նա համարում է գինու խաղողի ոչ բավարար քանակը: Կառավարությունը պետք է լուծումներ գտնի՝ նոր այգիներ տնկելը խթանելու, գինեգործությունը զարգացնելու համար: «Ամեն մի բաժակ գինու հետևում կանգնած է մեր գյուղը, մեր գյուղացին, նրա հողը, նրա սրտացավությունը, մեր տնտեսության զարգացումը և դրան զուգահեռ լիքը ոլորտներ»,- նշում է Հովակիմ Սաղաթելյանը:

«Մարան» ՍՊԸ-ի հիմնադիր, «Գինու ազգային կենտրոն» գինեգործության զարգացման ՀԿ-ի նախագահ Ավագ Հարությունյանը ևս ներկա էր վարչապետի հետ հանդիպմանը: Նա նշում է, որ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի փակման մասին քննարկումը բարկացրել էր Փաշինյանին, այդ պատճառով էլ անցում էին կատարել ոլորտային խնդիրներին, ապա կրկին վերադարձել հիմնադրամի թեմային, ինչի պատճառով վարչապետը կրկին բարկացել էր, սակայն հետո ամենը հարթվել էր, ու քննարկումն ընթացել էր գինեգործության խնդիրների շուրջ:

Ավագ Հարությունյանը կարծում է, որ հիմնադրամը չի փակվի, սակայն պետական ֆինանսավորումը կդադարեցվի: Կառավարությունը, ըստ գինեգործի, գուցե փոխզիջման գնա՝ որոշակի պետական աջակցություն ցուցաբերելով:

Գինեգործն ասում է, որ խնդիրը երկու կողմ ունի. մի կողմից՝ պետությանը պետք է հասկանալ, որովհետև շատ հիմնադրամներ կան, որոնք անհայտ է, թե ինչով են զբաղվում, ինչ արդյունք են տվել, մյուս կողմից՝ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը լավ գործեր է կատարում, պլատֆորմ է գինեգործների համար, գինեգործության խնդիրների առաջնահերթություններն է սահմանում:

Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվող հարցերից մեկը, ըստ Ա. Հարությունյանի, եղել է ԵԱՏՄ կարգերից մեկը, որով սուրհանդակային ծառայություններին արգելվում է ալկոհոլ ուղարկել: Դա է պատճառը, որ գինեգործները ստիպված են լինում Վրաստանի տարածքից ուղարկել խմիչքը:

Հաջորդը հարցը Հարկային օրենսգրքին է վերաբերել: Գինեգործները ցանկանում են, որ ակցիզային հարկի դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվի, այսինքն՝ եթե մեկ շիշ գինին արժե, օրինակ, 2000 դրամ, ակցիզային հարկը 200 դրամ է: Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով առաջարկվում է ֆիքսված գումար՝ մեկ լիտրի դիմաց 150 դրամ: Ստացվում է, որ թանկ գինի արտադրողները քիչ հարկ կվճարեն, այսինքն՝ կշահեն, իսկ 1500 դրամից էժան գինի արտադրողները կտուժեն: Ըստ գինեգործի՝ լավ է, որ ավելի թանկ, որակյալ գինու արտադրությունն է խթանվելու, բայց նաև ոչ ապահովված խավի համար էժան գինին կթանկանա: Այդուհանդերձ, ըստ Ավագ Հարությունյանի, հնարավոր է, որ հաջորդ տարվանից ակցիզային հարկը բարձրացվի, որպեսզի ներդաշնակեցվի Ռուսաստանի հետ, իսկ մեր գինեգործներն էլ ուզած-չուզած կբարձրացնեն գինու գները:

Ավագ Հարությունյանը Հայաստանի գինեգործության ոլորտում առանձնացնում է երեք խնդիր: Առաջինը գինու խաղողի ոչ բավարար քանակն է: Գինեգործն ասում է, որ պետք է մտածել խաղողի շատ այգիներ տնկելու մասին: Երկրորդը գինու սպառման ծավալների մեծացումն է, օղուց հրաժարվելը: Ըստ նրա՝ Հայաստանն օղու սպիրտի սպառմամբ 5-րդն է աշխարհում, գինու սպառմամբ՝ 60-րդը: Սակայն եթե հայերը որոշեն մի քիչ շատ գինի խմել, գինին չի հերիքի: Հարությունյանն ասում է՝ ամբողջ քաղաքը օղու և կոնյակի գովազդով է ողողված, և խնդիր է գինու մշակույթի զարգացումը: Երրորդ խնդիրը շուկաների դիվերսիֆիկացիան է, քանի որ հայկական գինին 70-85 տոկոսով արտահանվում է Ռուսաստան:

«Այս երեք կարևոր խնդիրներն են, որ պետությունը պետք է փորձի լուծել: Պետության գործն ինչո՞վ է դժվարանում. բոլոր ժամանակներում ունեցել ենք կառավարության փոփոխություն, մի կառավարությունից հետո մյուսն է եկել, ունեցել ենք արժեքների և կատարված աշխատանքի հանձնման մշակույթ, հիմա այստեղ խզում ունենք, որովհետև գաղափարախոսություն է փոխվել, և նախորդի շարունակականության կորուստ ունենք: Իսկ գինեգործությունը լիբերալ ճյուղ է, փոփոխություններ չի հանդուրժում, պահանջում է, որպեսզի հերթով, ներդաշնակ այդ փոփոխությունները լինեն»,- նշում է Ա. Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter