HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյանը՝ Թուրքիայից ապրանք ներկրողների մասին. «Մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք»

Խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը: ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խոսեց Թուրքիայի տարածքից ապրանք ներկրողների մտոհոգությունների մասին:

«Նախկինում 50 կգ ապրանք ներկրելու հնարավորություն էր ընձեռված, որը կրճատվել է` դառնալով 25 կգ, ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու մասին է խոսքը, շահառուների քանակը 500-600 է»,- ասաց Էնֆիաջյանը:

ԱԺ փոխխոսնակի բարձրաձայնած մյուս խնդիրը վերաբերվում էր փողոցային ոչ կանոնավոր առևտուր իրականացնող անձանց. «Իրենք էլ են գիտակցում, որ ոլորտը պետք է կանոնակարգվի, և փողոցային առևտուրը պետք է վերանա, բայց ի՞նչ այլընտրանք ենք իրենց ներկայացնում, խոսքը մոտ 1000 քաղաքացիների մասին է»,- ասաց Էնֆիաջյանը:

Այս հարցերը վրդովվեցրին վարչապետ Փաշինյանին, և նա հորդորեց պատգամավորներին անկեղծ լինել միմյանց հետ:

«Ասում եք Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչները բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով ապրանք բերելու հետ կապված սահմանափակումներ կան, բայց մենք պետք է իրար երեսի նայենք ու խաբե՞նք, ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրող շահառուները ՀՀ բոլոր քաղաքացիներն են, եթե ես ուրիշ նպատակով գնացել եմ Թուրքիա կամ Վրաստան ու տան կամ բարեկամներիս համար ինչ-որ բան եմ բերում, դա այլ է, իսկ եթե ես պարբերաբար ուրիշ նպատակով գնում եմ ու ուրիշ նպատակով ապրանք եմ բերում… ախր ինչքա՞ն ենք խաբելու: Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա՝ անտիօլիգարխիա, էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուրիշ տեղ են ուզում լինել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ այդ հարցում կառավարությունը կոմպրոմիսների չի գնալու՝ անկախ նրանից, թե այդ հարցով որքան ցույցեր կլինեն կառավարության դիմաց:

«Չի լինելու նման բան, ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է, որ որոշում կայացնի, չի լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը  վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ, խաբեությունը դարձել է հասարակական հարաբերությունների հիմնական օղակ, ոչ մեկի չեմ թողնելու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել, հարազատ կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև խոսեց փողոցային առևտուր իրականացնողների մասին՝ ասելով, որ հեռուստացույցով տեսել է նրանց հարցազրույցը և դժգոհությունները:

«Ասում էին՝ բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել. հա, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար, բա ուրիշ ինչի՞ համար ենք արել հեղափոխությունը»,- վրդովված ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter