HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գորգիսյանը՝ վարչապետին. «Բոլորից լավ եք գիտակցում, որ փոքրամասնության ձայնը անտեսելը հղի է հետևանքներով»

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը իր ելույթում, դիմելով կառավարության ծրագիրը ներկայացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ գործադիրի ղեկավարը ծրագիրը ներկայացրեց շատ էմոցիոնալ, ինչպես ելույթ է ունենում հանրահավաքներում, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքում, ըստ Գորգիսյանի, էմոցիաներից բացի, առարկայական ոչինչ չկար:

«Ասում եք՝ կարևոր է պաշտոնատար անձանց վարքագծի փոփոխությունը, սակայն բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծին մոտ նախագիծ: Եվ դուք անցած տարի քննադատում էիք այդ ծրագիրը՝ անվանելով դա կենաց: Հնչեցված հարցերին ու մտահոգություններին տալիս եք նույնքան խուսանավող, երբեմն նաև հեգնանքով, արհամարհանքով և մունաթով համեմված պատասխաններ»,- դիմելով վարչապետին՝ ասաց ԼՀԿ պատգամավորը:

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գործող համակարգը համարում է սուպերվարչապետական, սակայն այդ համակարգի փոփոխության անհրաժեշտությունը այս պահին չի տեսնում: 

«ԱԱԾ-ն ու ոստիկանությունը՝ վարչապետին ենթակա մարմիններ, ՊԵԿ-ը կառավարության ենթակա մարմին, դա մեզ քիչ էր, հիմա էլ սփյուռքի նախարարությունը լուծարվում է՝ փոխարենը ստեղծվելով վարչապետին առընթեր սփյուռքի հանձնակատարի ինստիտուտ՝ էլ ավելի խորացնելով սուպերվարչապետական համակարգը»,- ասաց պատգամավորը:

Գորգիսյանը, հակադարձելով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե կոռուպցիան վերացել է, շեշտեց, որ գործող հարկային օրենսգիրքն ու մաքսային ընթացակարգերը ամբողջությամբ ստեղծված են եղել կոռուպցիա ապահովելու համար: Նա հորդորեց վարչապետին հենց այսօր գնալ և տեսնել, թե ինչ է կատարվում հարկային և մաքսային մարմիններում:

Խոսելով գազի գնի մասին՝ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճիշտ աշխատելու դեպքում կարող է գազի գինը նվազեցնել 30 %-ով:

«Տնտեսական հեղափոխություն եք խոստանում, բայց ասում եք կառավարությունը միայն դրա մասնակից է լինելու: Քաղաքացիներին ասում ենք՝ տնտեսական ակտիվիստ չդառնաք՝ հեղափոխություն չենք անելու, ՀԴՄ չպահանջեք՝ վթարային շենքը չենք կառուցելու: Այդ դեպքում ով է լինելու տնտեսական հեղափոխության պատասխանատուն, հեղինակը, մի քանի տարի հետո ումից պահանջենք»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Գորգիսյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ կառավարության ծրագրում շատ քիչ թվեր կան.

«Ենթադրենք՝ այսօր Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, կարող եք ասել՝ ինչպես մենք պետք է այդ արդյունքները վերահսկենք, երբ ծրագրում ընդամենը 11 թիվ կա: Բայց «պետք է» բառը հանդիպում է 95 անգամ, «անհրաժեշտ է» բառը՝ 33 անգամ: Մեկ տարի հետո հարցնենք, թե ինչ եղավ, կասեք՝ դեռ պետք է, քանի որ որևէ կոնկրետություն չկա: Հանրապետականներն էլ էին էդպես անում»,- ասաց ԼՀԿ պատգամավորը:

Այնուհետև Գևորգ Գորգիսյանը, դիմելով վարչապետին և «Իմ քայլը» խմբակցության անդամներին, ասաց, որ իրենք չեն ցանկանում, որ կառավարությունը ձախողվի, այլ իրենք ուզում են իրական փոփոխություններ, որպեսզի իշխանությունը կարողանա իներցիան հաղթահարել և առաջ գնալ:

«Ուզում ենք հին ավանդույթներից հրաժարվել, քաղաքական նոր ավանդույթներ ձևավորել, քաղաքական դաշտը կայացնել ու մաքրել, ժողովրդավարական ինստիտուտներ հիմնել և եղածները զարգացնել: Ուզում ենք քաղաքացիների հուսալքությունը բացառել: Այս ամենը դուք խոստացել եք: Հիմա կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակն է, որ այս ամենը պետք է միս ու արյուն ստանար, բայց դրա որևէ նախաշան չկա: Տպավորություն է, որ մի քիչ թերագանահատում եք այս ամբիոնը և ձեր ուսերին եղած բեռը, որն ամբողջությամբ ձեր ուսերին է պարո՛ն վարչապետ, և հենց դուք եք կառավարության ծրագրի ամբողջ պատասխանատուն, քանի որ ձեր անձով է պայմանավորված այսօրվա իշխանության բարձր լեգիտիմությունը»,- ասաց պատգամավորը:

«Անընդհատ նշում եք, որ ժողովրդի կողմից մեծ վստահություն եք ստացել, 70 տոկոսից ավելի ձայն եք հավաքել, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանը 83 տոկոս էր ստացել, հետո չհիշեցնեմ ժողովրդի հիասթափությունը, խոստացված ժողովրդավարություն մենք այդպես էլ չտեսանք: Խնդրում եմ՝ չկրկնեք նախորդների սխալները: Մի խնդրանք էլ պարո՛ն Փաշինյան, դուք պետք է որ բոլորից լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնը անտեսելը հղի է լինում հետևանքներով»,- եզրափակեց ելույթը Գևորգ Գորգիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter