HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի անունից երեք առաջարկ ներկայացրեց կառավարության ծրագրի վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը շտկումների կարիք ունի: Պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենց քաղաքական թիմը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, երեք առաջարկ է ներկայացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

«Առաջինը՝ ժամկետների ֆիքսում՝ ըստ տարիների: Երկրորդ՝ կառավարության ծրագրի իրականացման երաշխիքներ և ռիսկերի արձանագրում, և երրորդ՝ հստակ մեխանիզմների արձանագրում, ինչը նշանակում է, որ դեպի Հայաստան հոսող ներդրումների անվտանգությունը և երաշխիքները, թեկուզ մինիմալ մակարդակով մենք ապահովենք: Մենք պետք է ցույց տանք, որ Հայաստանը բիզնես անելու համար համեմատաբար ավելի շահավետ երկիր է տարածաշրջանում»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ փոքր ու միջին բիզնեսներն (ՓՄՁ) ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը առաջին անգամ չէ, որ հռչակվել են գերակայություններ:

«Դեռևս 2002 թվականին ՓՄՁ-ն ու ՏՏ-ն կառավարությունը հռչակել էր գերակա ոլորտներ, և ահագին ժամանակ պահանջվեց, որ գանք, հասնենք, որոշակի մակարդակի: Եվ իհարկե, կան արտաքին ազդակներ, ինչպես օրինակ՝ 2001 թվականին ՀՆԱ-ում շինարարության 7 տոկոսից մենք 2008թ.-ին հասանք 27,5 տոկոսի: Այդպես եղավ, որովհետև աշխարհում պրոցեսներ էին գնում, և այնպես չէր, որ Հայաստանը դատապարտված էր շինարարության անընդհատ զարգացմանը: Այդտեղից եկած գումարները պետք է ճիշտ ուղղություններով հոսեին»,- նշեց ԲՀԿ պատգամավորը:

Միքայել Մելքումյանը հարց հնչեցրեց, թե ինչքան ժամանակ է պետք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կշիռը ՀՆԱ-ում 4-5 տոկոսից դառնա, 20-22 տոկոս:

«Այս ճյուղում աշխատողների թվաքանակը չի աճում՝ 20 հազար: Այս ճյուղն է, որ պետք է միասին մտածենք՝ արդյոք ստվերային լուրջ տնտեսության կա՞ ՏՏ ոլորտում, որովհետև ինքը լոգիստիկ խնդիր չունի և մեկ կոճակի սեղմումով մեծ գումարների արտահանում է անում: Այստեղ մենք մեր ՀՆԱ-ն կարող ենք շատ հեշտ դարձնել 15-17 տոկոսով ավելի: Պետք է հասկանալ՝ կլինի՞ վարչարարություն անել, թե՞ թողենք հանգիստ այդ ոլորտը, որովհետև մեզ պետք է՝ հանդարտ զարգացում ապահովել»,- ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ պետք է այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծել, որպեսզի դեպի Հայաստան հոսող և բանկային ու ֆինանսական շուկայի վրա ազդող գումարները՝ ի վերջո հակասություններ չբերեն բանկային համակարգի և մյուս ոլորտների միջև:

«Ավարտելով խոսքս նույնպես քաղաքական այս մեսիջն եմ հնչեցնում, որ բոլորս շահագրգռված ենք երկրում տնտեսական հեղափոխության հաջողությամբ, սակայն այդ հաջողությունը պետք է կարողանա ընթացիկ երաշխիքների սխեմա առաջարկել ժողովրդին: Քաղաքական հեղափոխության արդյունքները չպետք է փոշիացվեն շատ կարճ ժամանակում, քանի որ ժողովուրդը համբերություն չունի»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter