HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդանավակայանի տարածքում անհատ տաքսու վարորդների գործունեության մասին հայեցակարգ կմշակվի

Նախորդ ամիս անդրադարձել էինք «Զվարթնոց» օդանավակայանում գործող անհատ տաքսիստների վերաբերյալ զբոսավարների դժգոհությանը: Վերջիններս մեզ հետ զրույցում ասել էին, թե տաքսիստներ կան, որոնք, օդանավակայանի արգելափակոցին մոտենալով, զբոսաշրջիկից 30 հազար դրամ են վերցնում՝ որպես Հայաստանի մուտքի վճար: Զբոսավարներն ասում էին, որ անհատ տաքսու վարորդները, ովքեր մտնում են սպասասրահ, զբոսաշրջիկներին փախցնում են ու խաբում, հաճախ վեճեր հրահրում զբոսավարների հետ, ինչով խոչընդոտում են ոչ միայն զբոսավարների աշխատանքը, այլև ազդում են երկրի վարկանիշի վրա:

Այս խնդրով «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն դիմել էր պատկան մարմիններին՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, Երևանի ոստիկանությանը: Կազմակերպության դիմումի հիման վրա էլ փետրվարի 4-ին քաղավիացիայի կոմիտեն հրավիրել էր նիստ, որին մասնակցել են կառավարության, Երևանի ոստիկանության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները:

ՀԿ-ի նախագահ Յաշա Սոլոմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումը բավական երկար է տևել: Հիմնական թեման օդանավակայանի տարածքում գործող անհատ տաքսու վարորդների հարցն էր: Սոլոմոնյանի խոսքով՝ դա Հայաստանի զբոսաշրջային անվտանգության, երկրի իմիջ խնդիր է: Մասնակիցները համակարծիք են եղել օդանավակայանի տարածքում գործունեություն ծավալող անհատ տաքսու վարորդները խնդիրներ են ստեղծում բոլոր կողմերի համար: Միաժամանակ եկել են այն եզրակացության, որ օրենսդրական բաց կա, և այն պետք է լրացվի: «Այսինքն՝ օրենսդրական կետ չկա, որ տաքսիստների աշխատանքը կարգավորվի: Այդ իսկ պատճառով ոստիկանությունն է նաև որոշակիորեն անզոր: Մեծամասամբ խնդրի լուծումը դիտարկվեց օրենսդրական որոշակի փոփոխություններով»,- նշեց Յաշա Սոլոմանյանը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մասնակիցներին առաջարկել է հայեցակարգ մշակել, ապա ներկայացնել ՔԱԿ: Հայեցակարգին կհետևեն հաջորդ գործողությունները:

«Տաքսիստների խնդիրը շատ կողմեր ունի: Ժողովրդական ճանապարհով մի քանի օրում լուծելն անհնար է, կամ էլ տոտալիտար քայլեր պետք է արվեն»,- ասում է զբոսավարների կազմակերպության նախագահը: Նրա խոսքով՝ թեև օրենսդրական ճանապարհը երկար ժամանակ կպահանջի, այնուհանդերձ, լավագույն լուծումը կլինի հարցին:

Ըստ Յաշա Սոլոմանյանի՝ մոտ 3 տարի առաջ մի խումբ զբոսավարներ կրկին հարցեր էին բարձրացրել, որոնք քննարկվել էին քաղավիացիայի գերատեսչությունում: Մասնավորապես՝ հայտնել էին, որ զբոսաշրջիկներից ուղեբեռի ավել քաշը չֆիքսելու համար կաշառք էին վերցնում: Սոլոմանյանն ասում է, որ բարձրացրած հարցերը լուծվել են, հիմա լիահույս են, որ տաքսիստների խնդիրն էլ է լուծում ստանալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։