HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչպիսի համայնքապետ կընտրեն Աշոցքում՝ փորձառո՞ւ, թե՞ ՏԻՄ ոլորտից գաղափար չունեցող

Փետրվարի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները ցրտաշունչ Աշոցքում բավական թեժ են լինելու. համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու հայտ է ներկայացրել 7 թեկնածու: Աշոցք խոշորացված համայնքն ընդգրկում է 11 բնակավայր՝ Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Թավշուտ, Սիզավետ, Զույգաղբյուր, Կարմրավան, Կրասար եւ Աշոցք: Բնակչության թիվը միավորումից հետո հասնում է 7655-ի:

Երկու տարի առաջ՝ 2016թ-ի հոկտեմբերի 2-ին, երբ համայնքների խոշորացման ծրագիրն էր իրականացվում, ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուների թիվը 4-ն էր՝ հաղթանակն այն ժամանակ բաժին հասավ Աշոցք համայնքի երկարամյա ղեկավար Արթուր Ալոյանին:

Ո՞վքեր են այս ընտրություններում հավակնում առաջիկա 5 տարին ղեկավարելու Աշոցք համայնքը: «Հետք»-ն իր հրապարակումներում արդեն իսկ ներկայացրել է թեկնածուներից՝ Աշոցքի նախկին համայնքապետ Արթուր Ալոյանին եւ Բավրա գյուղը երկու անգամ ղեկավարած Կորյուն Սումբուլյանին: Այս երկու թեկնածուներից առաջինն ունի համայնքի ղեկավարման 13, իսկ երկրորդը՝ 7 տարվա փորձառություն: 

Թեկնածուներից Սուրեն Սարգսյանը եւս լավատեղյակ է ոլորտից՝ երկար տարիներ ղեկավարել է Թավշուտ համայնքը՝ մինչեւ խոշորացումը: Ի դեպ, ՀՅԴ կուսակցության անդամ Սուրեն Սարգսյանը 2016թ. հոկտեմբերին նույնպես մասնակցել է ՏԻՄ ընտրություններին եւ պարտվել, այն ժամանակ դեռ անկուսակցական, Արթուր Ալոյանին (ՀՀԿ շարքերն է ընդունվել 2018թ-ի մարտին-հեղ.):

Թեկնածուներից երկուսը՝ Կարեն Մանուկյանը եւ Գուրգեն Գալստյանը, ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կարեն Մանուկյանը նոյեմբերի 3-ին նշանակվել է Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, համարվում է Շիրակի մարզը 8 ամիս ղեկավարած Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերը: Սեպասարցի Կարեն Մանուկյանը հայրենի գյուղում չի բնակվում, վերջին երեք տարին արտագնա աշխատանքի է գնում ՌԴ:

Հեղափոխության օրերին եւս թեկնածուն գտնվել է արտերկրում, ասում են, որ այդ օրերին վերադարձել է Հայաստան, հետո կրկին մեկնել ՌԴ: Կարեն Մանուկյանը 2018թ. նոյեմբերին հայրենիք է վերադարձել այս անգամ ընկերոջ՝ նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի կանչով եւ նշանակվել Աշոցքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ չունենալով ղեկավարման համապատասխան փորձ:

Թեկնածուներից Գուրգեն Գալստյանը մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, աշխատել է որպես դատական կարգադրիչ, 4 տարի էլ ԴԱՀԿ-ի Աշոցքի բաժնի պետ՝ մինչեւ գործազուրկ դառնալը: Ընտրապայքարին մասնակցում են եւս երկուսը՝ Վարդան Ղազարյանը, որի մասին գյուղացիներն ասում են՝ ժամանակին բիզնես է ունեցել, սակայն չի հաջողել, վերջին տարիներին գտնվել է ՌԴ-ում եւ Կարեն Մարտիրոսյանը, որ ներկայում աշխատում է էլեկտրական ցանցում:

Աշոցք խոշորացված համայնքի ընտրողների թիվը մոտ 5 հազար է, թե ինչպես կբաշխվեն ձայները թեկնածուների միջեւ, կընտրե՞ն աշոցքցիները ղեկավարման փորձ ունեցող երեք թեկնածուներից որեւէ մեկին, թե նախապատվությունը կտան ՏԻՄ համակարգում երբեւէ չաշխատած թեկնածուին, պարզ կդառնա փետրվարի 18-ին: Ասում են, որ ընտրական գործընթացներն այս տարածաշրջանում միշտ էլ անկանխատեսելի են եղել եւ որպես օրինակ՝ բերում են անցած Աժ ընտրությունները, որտեղ ամենաշատ քվեն ստացել էր «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն:

Փետրվարի 12-ին, Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի եւ Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածքային կենտրոնի հետ համատեղ քննարկում-բանավեճ էր կազմակերպվել «Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններ» թեմայով: Մասնակցության հրավեր ուղարկվել էր բոլոր 7 թեկնածուներին, սակայն բանավեճին ներկա էին միայն 4-ը՝ Կորյուն Սումբուլյանը, Սուրեն Սարգսյանը, Կարեն Մանուկյանը եւ Գուրգեն Գալստյանը: Թեկնածուներից Արթուր Ալոյանը հաստատել էր իր մասնակցությունը, սակայն չէր եկել, Վարդան Ղազարյանը ցանկություն չէր հայտնել ներկա գտնվելու, թեկնածուներից Կարեն Մարտիրոսյանն էլ բացակայում էր առողջական խնդիրների պատճառով:

Թեկնածուները չբանավիճեցին Աշոցքի ապագայի շուրջ, սակայն փորձեցին ներկայացնել համայնքի զարգացման իրենց տեսլականը, որը բավական միօրինակ էր: Չորս թեկնածուն էլ խոսեցին Աշոցքում ձմեռային սպորտաձեւերի զարգացման, Ծաղկաձորի հետ «ոտք» մեկնելու շուրջ: Բոլորն էլ գաղափարն իրատեսական են համարում՝ հաշվի առնելով հունվարի 26-ին Աշոցքում դահուկային սպորտի կենտրոնի բացման փաստը: Թեկնածուներից Գուրգեն Գալստյանը խոսեց հյուրանոցների եւ հյուրատների բացակայությունից՝ համարելով, որ ձմեռային սպորտաձեւերի զարգացումը տարածաշրջանում պետք է զուգակցել կեցության վայրերի ստեղծումով, շահագրգռել տեղացիներին եւ ներգրավել ներդրողների:

Համայնքապետի թեկնածու Կորյուն Սումբուլյանն էլ համայնքի համար կարեւորեց ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը եւ այլընտրանքային մշակաբույսերի մշակումը: Թեկնածու Սուրեն Սարգսյանին մտահոգում է բնակավայրերի թերի գազիֆիկացումը: Նա շեշտը դրեց տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման վրա: Թեկնածու Կարեն Մանուկյանը խոսեց ներհամայնքային ճանապարհների նորոգումից եւ ջրարբիացման ծրագրերի իրականացման հեռանկարից: Գուրգեն Գալստյանը կարծիք հայտնեց, որ համայնքին վերաբերող հարցերը պետք է քննարկել ոչ թե ավագանու անդամների, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Հետք»-ի ճշտող հարցին, թե որքանով է ծանոթ Գուրգեն Գալստյանը ՏԻՄ ոլորտին եւ ավագանու բուն գործառույթին, հնչեց բացասական պատասխան:

Խոսելով ընթացող նախընտրական քարոզարշավի մասին, չորս թեկնածուներից երեքը դրական գնահատեցին, իսկ Գուրգեն Գալստյանը հայտարարեց, որ Աշոցքում եւ Կրասարում պատառոտել են իր քարոզչական պաստառները: Թեկնածուներից Սուրեն Սարգսյանը որդեգրել է քարոզչության անհատական հանդիպումների ձեւաչափը, Կորյուն Սումբուլյանը ընտրողներին ներկայացնում է նախորդ տարիներին իր արած ծրագրերն ու ապագայում իրականացվելիքը, եթե ընտրվի: Խոսելով քարոզարշավի մասին՝ համայնքապետի թեկնածու, Աշոցքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը նշեց, որ ծրագրերը ներկայացնում է՝ հիմնվելով բյուջեի վրա:

Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող 7 թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter