HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարուքյանը՝ իշխանությանը. «Դուք պետք է հաղթահարեք և ձեր գլուխներից հանեք աղքատությունը»

Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկումն անցնում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս կարծիքին է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա համար զարմանալի է, թե ինչպես է նախկինում ընդդիմություն եղած ուժը, իշխանություն դառնալով, արագորեն անհանդուրժող դառնում ընդդիմության նակտմամբ: 

«Երբ որ ասվում է՝ աղքատությունը մարդկանց գլուխներում է, և բուռն քննադատության է արժանանում այս արտահայտությունը, մտածում եմ՝ ինչու այսպես ստացվեց: Մտովի հետ եմ գնում 90-ականներ, հիշում եմ՝ երբ մենք աղքատ էինք, ո՞վ էր մեղավոր, և միակ ու անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ աղքատ էինք, հիշում եմ, որ դրա միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր: Հետո գալիս եմ առաջ՝ մինչև 2018 թվական. ո՞վ էր աղքատության միակ և անկրկնելի մեղավորը, Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ մենք այդպես ենք սովորեցված, այդպիսին է մեր քաղաքական համակարգը: Եվ գալիս է հեղափոխությունը, հեղափոխության լիդերը հայտարարում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է: Դուք պետք է հաղթահարեք աղքատությունը և ձեր գլուխներից հանեք աղքատությունը, և հաղթեք... հարց է առաջանում՝ բա լավ ինչի էին այն ժամանակ երեք առաջնորդները մեղավոր, որ մենք աղքատ ենք, հիմա չորրորդ մեղավորը հայտարարում է, որ մեղավոր չեմ լինելու, եթե դուք լինեք աղքատ, քանի որ դա ձեր գլուխներում է»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը համեմատականներ անցկացրեց ամերիկյան և եվրոպական պետական մոդելների միջև՝ ընդգծելով, որ մի տեղում քաղաքացին ազատ է երջանիկ լինելու, իսկ մյուս՝ եվրոպական հատվածում, որտեղ նաև Հայաստանն է, պետությունն է պարտավոր ապահովել քաղաքացու երջանկությունը.

«Տարբերոթյուններ կան, բայց մենք սովոր ենք, որ պետությունն է պարտավոր, որ մենք երջանիկ լինենք: Ու պահանջում են, պահանջելու են ու ճիշտ են անում, քանի որ մեր համակարգն այդպիսին է: Երբ որ համակարգը փոխվի, կգնա այն ճանապարհով, որ ազատություն է տրված, և ասում են՝ այդ ազատությունից օգտվե՛ք, դարձե՛ք հարուստ խավի ներկայացուցիչներ, այդ ժամանակ մարդիկ կօգտվեն և կգնան այդ ճանապարհով: Բայց այդ ազատությունը չի կարող տրվել ուղղակի ելույթներով»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունն անընդհատ մարդկանց «երեսով տալը»: Ըստ ԼՀԿ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանը, որը հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից, ինչքան հեղափոխության հետ կապ չունեցած մարդիկ:

Մարուքյանի համոզմամբ՝ մինչև Ազգային ժողով բերելը կառավարությունը պետք է ծրագրի վերաբերյալ հանդիպումներ ունենար խորհրդարանական խմբակցությունների հետ.

«Դուք ունեցաք հանդիպում ձեր ֆրակցիայի հետ, սակայն չունեցաք հանդիպում ընդդիմադիր երկու ֆրակցիաների հետ: Ծրագիրը հաստատվեց, եկավ խորհրդարան, և ես՝ որպես սահմանադրագետ, գիտեմ՝ չկա պրոցեդուրա առաջարկներ տալու և դրանք ընդունելու: Մեկ էլ երեկ հայտարարվում է, որ առաջարկներ ունեք, տվե՛ք, քննարկենք, ինչ եք նեղանում, ինչ եք բորբոքվում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter