HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կալանքի որոշման դեմ տարված բողոքը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ: Մեզ հետ զրույցում Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանավորման որոշման դեմ տարված իր բողոքը:

Նշենք, որ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Բնապահպանության նախկին նախարարի վերաբերյալ գործը քննվում է 2015 թվականից, սակայն դրա վարույթը կասեցվել էր և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորից վերաբացվել՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Պաշտպանական կողմը դատական կարգով վիճարկում է նաև գործի վերաբացման հանգամանքը:

Նշենք, որ մինչև Ազգային ժողովի վերջին ընտրությունները Արամ Հարությունյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորների շարքում էր: Դատախազությունը նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել խորհրդարան, սակայն նիստի անցկացման համար քվորում չէր ապահովվել:

Այժմ Հարությունյանն այլևս պատգամավոր չէ, և, հետևաբար, անձեռնմխելի չէ:

Ըստ մեղադրանքի` «Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում Համբարձումյանը բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter