HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտությունների ազգային ակադեմիայի «սպիտակ կղզյակը»

Եթե երբեւէ այցելեք ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ, ապա չզարմանաք՝ տեսնելով իրար վրա դրված բազմաթիվ արկղեր: Գուցե դուք էլ մտածեք, որ ինստիտուտը վերանորոգման է պատրաստվում, բայց ոչ:

IMG_0867.jpg (183 KB)

Շենքի պահակը ձեզ կասի, որ ինստիտուտում ոչ մի վերանորոգում կամ տեղափոխության հարց չկա, եւ այդ արկղերի մեջ Հայաստանի տարբեր տարածքներից պեղված նյութերն են, կարճ ասած՝ դրանց մեջ Հայաստանի պատմությունն է: Ու թեեւ նյութն անցյալի ժառանգության հետ է կապված, այստեղ միանգամից կարող եք զգալ գիտական մթնոլորտի կենդանությունը:

60-ամյա ինստիտուտը

Այս տարի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) հիմնադրման 60-ամյակն է: Այն տեղծվել է 1959-ին՝ Պատմության ինստիտուտի հնագիտական բաժնի եւ ազգագրական խմբի հիմքի վրա: 1961-ին ՀԱԻ-ին է միացել Գրականության ինստիտուտի բանահյուսության բաժինը: Ինստիտուտն այսօր զբաղվում է հնագիտությամբ, ազգաբանությամբ եւ բանագիտությամբ:

IMG_0467.jpg (217 KB)

Տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանն ասում է, որ ամեն տարի մեծ քանակությամբ պեղումներ են կատարում. տարեկան 30-40 հնագիտական արշավախումբ է աշխատում: Պեղումներից հետո նյութերը բերվում են ինստիտուտ, ֆոնդավորվում, ցուցակագրվում են, որից հետո անցնում են կամերալ մշակում եւ վերականգնում:

Ինստիտուտի տարածքը փոքր է մեծաքանակ նյութերի համար, դրանք պահպանելու համար շենքային հարմարություններ չկան, հետեւաբար, ամեն տարի նյութերով լի արկղերն ավելանում են: Բացի դրանից՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հնագիտական նյութերի մշակման գործընթացը դանդաղ է ընթանում: Պ. Ավետիսյանի փոխանցմամբ՝ դաշտային հետազոտական աշխատանքների համեմատ 10 անգամ ավելի շատ գումար, ժամանակ, էներգիա, գիտելիք է պահանջվում պեղված նյութերը մշակելու համար: Հետեւաբար, նյութերի հավաքման ու մշակման տեմպերը համադրելի չեն: Պեղված նյութի վերականգնման, չափագրման, ուսումնասիրության, լուսանկարման եւ այլ գործողությունների արդյունքում է միայն, որ հնարավոր է կորզել հնագիտական տեղեկություն:

IMG_0503.jpg (121 KB)

Պավել Ավետիսյանը նկատում է, որ ՀԱԻ-ն ունի որոշ բազաներ, որտեղ պահում են պեղված նյութերը: Այդպիսիք կան, օրինակ, Դվինի, Արտաշատի, Արգիշտիխինիլիի մոտակայքում: Ագարակի հուշարձանը պեղելուց հետո էլ Աշտարակի ճանապարհին երկհարկանի տուն են վարձակալել, որտեղ պահվում է նյութերի մեծ մասը: Այն եւս բազայի գործառույթ է կատարում, որտեղ աշխատում են հնագետները: Տնօրենի փոխանցմամբ՝ այս ամռանն, ամենայն հավանականությամբ, Արենիի հարեւանությամբ պահեստ կունենան, որտեղ էլ կֆոնդավորեն այդտեղի նյութերի մի մասը:

Արենիի հայտնի կոշիկի եւ գինու հնձանի մասին

Նույնիսկ նրանք, ովքեր անտեղյակ են մեր հնագետների աշխատանքից, կհիշեն Արենիի քարանձավում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկն ու գինու հնձանը: Արենիում ՀԱԻ-ն աշխատանքներն սկսել է 2007-ից, դրանք սկզբում անգլիացիների ու իռլանդացիների հետ կատարվող ստուգողական աշխատանքներ էին: Պավել Ավետիսյանը նշում է, թե այն ժամանակ էլ պարզ էր, որ Արենին արտառոց հուշարձան է: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ գործ ունեն մ.թ.ա. 4-5-րդ հազարամյակի շերտերի հետ:

Դոկտոր Ավետիսյանն ասում է, որ եւ՛ կոշիկը, եւ՛ գինու հնձանը պեղել է իրենց արշավախումբը: «Աշխարհի ամենահին գինու արտադրության համալիրն ենք բացել, երկիր մոլորակի վրա չկա արձանագրված մի այլ տեղ, որտեղ այդ տարիքի գինու արտադրության համալիր լինի»,- նշում է գիտնականը:

ՀԱԻ-ի տարբերությունը մյուսներից

«Ինստիտուտը տարբերվում է մյուս ինստիտուտներից: Ինչո՞ւ, որովհետեւ զբաղվում ենք պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության հարցերով, ընդ որում՝ ոչ միայն հնագիտական, այլեւ ոչ նյութական. այս ինտիտուտում են նաեւ ազգագրագետներն ու բանագետները: Եվ դրսի աշխարհը շատ հետաքրքրված է այս տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությամբ»,- ասում է տնօրեն Ավետիսյանը, որը պաշտոնավարում է 2006-ից:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Մեր զրուցակիցը նշում է, որ ամեն տարի ՀԱԻ-ն մեծ քանակությամբ ծրագրեր է իրականացնում արտերկրի տարբեր կենտրոնների հետ. տարեկան մոտ 20 շրջանակային պայմանագիր են ունենում: Համագործակցում են դրսի հեղինակավոր համալսարանների հետ, աշխարհագրությունը լայն է՝ Ճապոնիայից մինչեւ Կանադա: Արդյունքում նաեւ տարեկան 4-5 միջազգային արշավախումբ է գալիս Հայաստան Գերմանիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից:

«Այսինքն՝ մենք մեր պատմամշակութային ժառանգության օբյեկտները դարձրել ենք միջազգային ուսումնասիրության առարկա: Դա շատ կարեւոր խնդիր է: Անկախացած Հայաստանում հնագիտական հետազոտությունների կազմակերպման կարեւորագույն նվաճումներից մեկն է, հայոց մշակույթն ու հայաստանյան գիտության կողմից ուսումնասիրվող մշակույթը դարձել է միջազգային ուսումնասիրության ծրագրերի մաս»,- ընդգծում է Պ. Ավետիսյանը:

IMG_0755.jpg (273 KB)

Այդ համագործակցության արդյունքում ինստիտուտը հնարավորություն է ունենում գրեթե առանց գումար ծախսելու միլիոնավոր դոլարներ արժեցող տեղեկություններ ստանալ պատմամշակութային ժառանգության մասին՝ կլինեն ԴՆԹ անալիզի արդյունքներ, ռադիոկարբոնային տվյալներ, իզոտոպային արդյունքներ, թե այլ տիպի: Պայմանագրերի շրջանակներում անալիզները կատարվում են միջազգային հեղինակավոր լաբորատորիաներում: Եթե ՀԱԻ-ն չունենա պայմանագրեր, ապա մեծ գումարներ պետք է վճարի:

Համատեղ ծրագրերի շնորհիվ հայ երիտասարդ գիտաշխատողները մասնակցում են գիտաժողովների, որի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը: Նման գիտնականների թիվն, ըստ տնօրենի, տասնյակների է հասնում: Եվ հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու են ՀԱԻ-ում երիտասարդները շատ:

Տնօրենն ասում է, որ երիտասարդների պակաս չունեն: Աշխատակիցների 1/3-ը մինչեւ 40 տարեկան է: Ավելացնում է, որ շատ լավ երիտասարդներ կան, ովքեր սիրահարված են այս գործին:

ՀԱԻ աշխատողներ
Infogram

Տարիքային «փոսը»

Ինչպես ակադեմիական մյուս ինստիտուտներում, այստեղ եւս գիտաշխատողների տարքային «փոս» կա: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում խնդիրը 40-55 տարիքային միջակայքում գիտաշխատողների պակասն է: Այդ տարիքի մասնագետներ եւս կան, սակայն նրանց թիվն, ըստ Ավետիսյանի, համադրելի չէ երիտասարդների ու ավագների հետ:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տուն չեն կարողանում պահել, բոլոր դեպքերում մենք ստանում ենք այն աշխատավարձը, ինչ մնացածը՝ շատ քիչ տարբերությամբ, ուղղակի մեր դեպքում հնարավորություն կա մասնակցել միջազգային ծրագրերի, որոնց համար ստանում ես լրացուցիչ գումարներ, բայց դա մի քանի ամսով կարող է լինել»,- նկատում է տնօրենը՝ հավելելով, որ ունեն նաեւ աշխատակիցներ, ովքեր ավելի բարձր են վարձատրվում, քան հենց ինքը, ինչն անձամբ ողջունում է: «Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի ամեն մարդ հասկանա, որ եթե ակտիվ է, ծրագրերի մասնակցում, արդյունք է ունենում, ինձնից 2-3 անգամ ավել ստանալու որեւէ խնդիր չկա, դա իր քրտինքով է արել»,- նշում է Պ. Ավետիսյանը:

Բարոյական չէ ավագներին աշխատանքից ազատելը

Այս տարվա հունվարից գիտական մի շարք ինստիտուտներ ստիպված էին աշխատակիցներին կրճատել՝ ելնելով բազային ֆինանսավորման նվազեցումից: ՀԱԻ-ում ոչ մեկին չեն կրճատել:

«Այստեղ խնդիր կա: Մենք ինչքանով պետք է դաժան վարվենք տարիքով մեծ գիտնականների հետ, այսօր քիչ արդյունք տվող գիտնականի հետ, երբ նկատի ենք առնում այն արդյունքը, որ ժամանակին նա տվել է, այն ճանապարհը, որ նա անցել է, խնդիր է լուծել, ստեղծել է այն գիտությունը, որի վրա ես կանգնած եմ»,- ասում է տնօրենը: Նրա խոսքով՝ գիտխորհրդում որոշում են կայացրել, որ աշխատավարձերը չեն բարձրացնի, որ ավագներին չկրճատեն: Ավետիսյանը համարում է, որ ավագներին կրճատելն անմարդկային է, քանի որ նրանք մեծ մասամբ սոցիալական խնդիր են լուծում, ընտանիքի կերակրող ուժն են: Ասում է, որ եթե իմանա՝ նրանք բարձր թոշակ են ստանում եւ կարող են պահել ընտանիքը, ապա գուցե մտածեն կրճատումների մասին:

Ներկայացնենք ինստիտուտի ֆինանսավորման 2012-2017 թթ. պատկերը՝ ըստ պետական բյուջեի մասին օրենքների հավելվածների:

ՀԱԻ
Infogram

Ահա նաեւ տնօրեն Պավել Ավետիսյանի տրամադրած տվյալները 2016-2018 թթ. վերաբերյալ:

HAI-finance.jpg (51 KB)

ՀԱԻ-ում նվազագույն «մաքուր» աշխատավարձը 55 հազ. դրամ է, որը ստանում է 21 աշխատակից (9 լաբորանտ եւ 12 հոգի սպասարկող անձնակազմից): Սպասարկող կազմից պահակները գիշերային աշխատանքի համար նաեւ հավելավճար են ստանում: Ամենաբարձրը վարձատրվում է տնօրենը, որի «մաքուր» աշխատավարձը բազային ֆինանսավորումից կազմում է 206 հազ. դրամ:

143 գիտնականներից 78-ը ոչ միայն բազային աշխատավարձ է ստանում, այլեւ գիտական կոչման հավելավճար, նաեւ տարբեր ծրագրերից (թեմատիկ, նպատակային, ԿԳՆ գիտկոմիտեի միջազգային մրցույթներ, արդյունավետ գիտնականներ) գոյացող աշխատավարձ:   

ՀԱԻ-ն հետազոտությունների համար նաեւ ֆինանսավորում է ստանում իր գործընկեր օտարերկրյա կազմակերպություններից, գումարենք դրամաշնորհները: Բացի սրանցից՝ ինստիտուտը կատարում է պայմանագրային գիտահետազոտական աշխատանքներ, որոնք բերում են լրացուցիչ ֆինանսական հոսքեր:

ՀԱԻ
Infogram

2016-2018 թթ. հետազոտությունների համար դրամաշնորհ եւ ֆինանսավորում հատկացրած հիմնական կազմակերպություններն են ԱՄՆ Սմիթսոնյան ինստիտուտը, ԱՄՆ դեսպանների մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը, գերմանական «DVV International»-ի հայաստանյան մասնաճյուղը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն (վերջինս համաֆինանսավորել է միջազգային ծրագրեր):  

ՀԱԻ-ն համագործակցում է 11 երկրի (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Լեհաստան, Չեխիա, Ռուսաստան, Իսրայել, Ճապոնիա) 27 գիտական կենտրոնի հետ:

IMG_0865.jpg (152 KB)

Ինստիտուտի ամենամեծ խնդիրը Պավել Ավետիսյանը համարում է տարածքը: Ասում է՝ երբ տնօրեն ընտրվեց, ինքն իրեն խոստացել էր, որ ինստիտուտի բյուջեն պետք է մեկ միլիոն դոլարից անցնի: Բյուջետային եւ արտաբյուջետային գումարը հասցրել են կես միլիոնի: Օրինակ՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման վերաբերյալ պայմանագիր է կնքվել, որով խնդիր կա հնագետների օգնությամբ պահպանել հուշարձանները եւ լուծել դրանց փրկության հարցը: Այսինքն՝ դրա դիմաց ինստիտուտը լրացուցիչ, արտաբյուջետային գումարներ է ստանում:

Հաստատության ղեկավարն ասում է, որ գումարը խնդիր չէ, կարող են գտնել, սակայն տարածքի հարց ունեն: Խնդիրներից մեկն էլ ոչ բավարար թվով ռեստավրատորներն են: Այսօր նրանք 7-ն են, մինչդեռ ամեն արշավախումբ պետք է ունենա մեկ ռեստավրատոր:

IMG_0864.jpg (197 KB)

Հայաստանի 100 արդյունավետ գիտնականներից 7-ը ՀԱԻ-ից են, սակայն այս տարի նրանց թիվը նվազել է: Պատճառը, տնօրենի փոխանցմամբ, այն է, որ աշխատակիցներն ասում են, թե ամոթ է, որ ամեն տարի իրենք են ընդգրկվում ցուցակ: Այդպիսով՝ ճանապարհ է բացվել մյուսների համար:

Ինստիտուտի արդյունավետությունը նաեւ տարեկան հրատարակվող գրքերն են, մենագրություները, գիտական հոդվածները: Տնօրենը ցույց է տալիս Օքսֆորդում «Archaeopress»-ի հրատարակված նոր ամսագիրը, որում կան նաեւ իրենց աշխատանքներից:

Աշխատանքը շատ է, մարդկային ռեսուրսը՝ ոչ բավարար

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանն ինստիտուտում աշխատում է 2008-ից, բայց մինչ այդ էլ համագործակցել է ՀԱԻ-ի հետ:

Ըստ նրա՝ ինստիտուտի խնդիրները շատ են, օրինակ՝ շատ թեմաներ ունեն, բայց մարդկային ռեսուրսը բավարար չէ դրանք իրականացնելու համար: Թեմաներից մեկն արդեն մոռացվող եւ փաստացի պատմականացվող խորհրդային կենցաղի ուսումնասիրությունն է: Երիտասարդ աշխատակիցներից Նելլին ու Հասմիկն այդ շրջանի նյութեր են հավաքում:

Վերջին մի քանի տարիներին ազգագրագետները մի քանի խմբով աշխատում են խորհրդային տարիների քաղաքական բռնաճնշումների թեմայի վրա: «Մեր ձեռքբերումներից մեկն այն է, որ անցյալ տարի ավարտեցինք Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնության ենթարկված եւ պաշտոնական քննություն անցած, այսինքն՝ ԿԳԲ-ի գործերը: Կարող ենք ամբողջ Հայաստանի քարտեզը տալ, պատճառները տալ»,- նշում է Հ. Խառատյանը:

Վերադառնալով իրենց մարդկային ռեսուրսի պակասին՝ գիտնականն ասում է, որ 1990-ականներին մի տեսակ ընդհատվեց ինստիտուտ գնալու երեւույթը, եւ դրա պատճառով այսօր միջին սերնդի պակաս կա:

Ազգագրության անունը պետք է փոխվի

Արդիականության ազգաբանության բաժնի ղեկավար Լեւոն Աբրահամյանն ասում է, որ Հայաստանի անկախության տարիներին հնագիտության ասպարեզում ուղղակի աննկարագրելի փոփոխություններ են եղել. պեղելու փայլուն տեղեր կան, ինչը հրապուրում է արտասահմանցիներին, միջազգային հեղինակավոր լավագույն մասնագետներն են գալիս այդ նպատակով: Պեղումներին մասնակցող հայ երիտասարդներն էլ փորձի փոխանակման շնորհիվ դառնում են միջազգային մակարդակի առաջատար մասնագետներ:

IMG_0861.jpg (178 KB)

Միաժամանակ Աբրահամյանը նշում է, որ «ազգագրություն» տերմինը պետք է փոխել: «Անգլալեզու երկրներում օգտագործում են «մշակութային մարդաբանություն», ազգից դեպի մարդն եք գնում, ինչն ավելի լայն է, ոչ թե «գրություն» է, այլ «բանություն»՝ գիտություն: Դեռ սովետական ավանդույթից է գալիս, որ «բանությունը» պետք է մարքսիստական փիլիսոփայությունն անի, իսկ դու գնա գրի ինչ-որ բան: Ազգագրությունն օժանդակ գիտություն էր համարվում: Դրսում այն համար մեկ գիտություն է, մեզ մոտ «ճ» կլասի բան է: Եթե չփորձենք մեզ դիրքավորել, մենք էլի կմնանք նույն վիճակում»,- ասում է նա:

Հայաստանը մասնակցել է հեղինակավոր փառատոնին

1967-ից կազմակերպվող Սմիթսոնյան ֆոլկայֆ փառատոնը (Smithsonian Folklife Festival) ամեն տարի կազմակերպվում է համանուն ինստիտուտի կողմից: Քանի որ ամերիկյան հաստատությունը համագործակցության ծրագիր ուներ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ, դա օգնել է, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցի փառատոնին: Ընդ որում՝ մասնակցության համար մեծ գումարներ են անհրաժեշտ, սակայն Հայաստանի դեպքում դրանք նվազագույնի էին հասցվել:

Փառատոնի 10 օրերի ընթացքում այցելուների թիվն անցնում է 1 միլիոնից, բայց մասնակից երկրները շատ չեն լինում: 2018-ին փառատոնին ներկայացել էին Հայաստանն ու Կատալոնիան: Մեր տաղավարի երեք կուրատորները եղել են ՀԱԻ-ի աշխատակիցները: Ըստ Լեւոն Աբրահամյանի, որը համակարգողներից մեկն էր, առաջին անգամ կազմակերպիչները որոշել էին աշխատել ոչ թե շոումենների, այլ գիտնականների հետ: Աշխատանքից երկուստեք գոհ են մնացել: Հայաստանի տաղավար այցելել է 738 հազար մարդ:

Լեւոն Աբրահամյանն ասում է, որ իրենք ներկայացել էին «Հայաստան. տուն արարելը» (Armenia. Creating home) խորագրով: Փառատոնը բացառապես մշակութային է, ու քաղաքական ուղերձներ չպետք է լինեն, սակայն հաջողվել էր նուրբ ակնարկով ներկայացնել մեր պատմությունը: Հայկական տաղավարում, օրինակ, ներկայացված էր թոնրագործ, որի պապը Բիթլիսից էր: Իսկ այդտեղից հեռացել էին ցեղասպանության պատճառով: Ընտրվել էին նաեւ սիրիահայ ասեղնագործներ, որոնց նախնիները Մարաշից էին: Ու կրկին նույն հարցադրումը՝ արհեստավորներն ինչպե՞ս էին հայտնվել Սիրիայում, ինչո՞ւ էին հետագայում Սիրիայից եկել Հայաստան: Պատասխանները պարզ են: Ըստ Լ. Աբրահամյանի՝ մեկ հոգու ներկայացնելով՝ միանգամից մի քանի պատմություն ես պատմում:

Լեւոն Աբրահամյանն ասում է, որ Հայաստանի մասնակցությունն ինքնին իրադարձային էր այս փառատոնին, սակայն մեր երկրում այն աննկատ մնաց:

«Այստեղ ե՛ւ հետաքրքիր է, ե՛ւ աշխատելու տեղ կա»

Արդիականության ազգագրության բաժնի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանն ասում է, որ թեեւ ՀԱԻ-ի տարածքը փոքր է, այն բաց է շփման ու բազմակողմանի կարծիքների համար: ՀԱԻ-ն սեմինարների շարք ունի, որոնց կարող են մասնակցել ոչ միայն ինստիտուտի աշխատողները, այլեւ դրանից դուրս գտնվողները: Երբեմն սեմինարներին միջազգային հեղինակավոր գիտնականների են հյուրընկալում, որոնք ՀԱԻ-ի հետ կապերի շնորհիվ են գալիս Հայաստան:

IMG_0568.jpg (84 KB) IMG_0734.jpg (86 KB)

Ազգագրագետներ Հրանուշ Խառատյանն ու Գայանե Շագոյանը

Ըստ Գ. Շագոյանի՝ ինստիտուտի գիտական մթնոլորտն է, որ գրավում է երիտասարդներին: «Գիտական մթնոլորտ է պետք, որ ջահելները ցանկանան, գան, մնան, հակառակ դեպքում մեռած ինստիտուտում գիտությունն էլ կմեռնի: Այն տարիներին ասում էի, որ մեր ինստիտուտը, կարծես, սպիտակ կղզյակ լինի մյուս ինստիտուտների մեջ, որովհետեւ այստեղ ե՛ւ հետաքրքիր է, ե՛ւ աշխատելու տեղ կա»,- նկատում է գիտնականը:

Ինստիտուտի աշխատակիցները հակված են դրամաշնորհային ծրագրեր գրելու: Գայանե Շագոյանն ասում է, թե դա արդյունք է նրա, որ ոչ միայն աշխատակիցներն են խելոք ու օտար լեզուներ գիտեն, այլեւ դրամաշնորհներից «ատկատ» չկա, ու ՀԱԻ-ի ոչ մի օղակում գիտաշխատողին չեն ասում, թե պետք է իրենց էլ գումար թողնեն: Դա խրախուսում է, որ մարդիկ հանգիստ աշխատեն:

Նշում է նաեւ, որ եթե միջազգային կազմակերպությունները (օրինակ՝ Համաշխարհային բանկը) իրենց հետազոտություն է պատվիրում որեւէ բարեփոխումից առաջ, ապա նույնը չի կարելի ասել տեղական իշխանությունների մասին, այնինչ նոր համակարգ ներդնելուց առաջ պետք է հետազոտության միջոցով հասկանալ ազդակիր խմբերի խնդիրներն ու շաղկապված այլ հարցեր: Այսինքն՝ պետությունը չի օգտագործում ակադեմիական ինստիտուտների ներուժը:

«Հույս ունեմ՝ ինչ-որ ժամանակի ընթացքում կորոշեն, որ որեւէ որոշում կայացնելուց առաջ գոնե հետազոտեն խնդիրը: Այդ դեպքում կհասկանան, թե որքան կարեւոր են ինստիտուտները, որ իրենց աչքին թվում են ավելորդ բեռ, եւ որոնց վճարելն անիմաստ է, կհասկանան, որ ինստիտուտին հետազոտություն պատվիրելուց հետո, դրա արդյունքների հիման վրա պետք է որոշում կայացնել, այնուհետ ռեֆորմի տեսքով ընդունել»,- ասում է Գայանե Շագոյանը:

Ի՞նչ են արել հայ հնագետները նախորդ տարի

2018 թ. ՀԱԻ մասնագետները վերականգնել են տարբեր տարիների պեղված 27 հուշարձանների նյութեր՝ 180 անոթ եւ կարաս, 163 անուն մետաղյա առարկաներ, ոսկրից եւ քարից 100 առարկա: Մաքրվել եւ կոնսերվացվել է 370 հախճապակե կոճակ: Մաքրվել է շուրջ 55.000 խեցու բեկոր:

IMG_0760.jpg (201 KB)

Զգալի աշխատանք է կատարվել պատմամշակութային ժառանգության պահպան­ման, վերականգնման, թանգարանացման ծրագրերով հուշարձանների պեղումների եւ դաշտային հետազոտությունների ոլորտում: 2018-ին այդ ծրագրերով պեղ­վել է Դաշտադեմի ամրոցը, Մաստարայի նորահայտ անտիկ բնակատեղին, 6 եկեղե­ցա­կան համալիր, 1 ձիթհան: ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու համար մշակույթի նախարարությանն են տրամադրվել ինստիտուտի ար­շավախմբերի հայտնաբերած ավելի քան 350 հնավայրի տվյալներ: 

Վերականգնվել եւ թանգարանացման համար նախապատրաստվել է 800 միավոր պատմամշակութային մեծ արժեք ունեցող գտածո՝ բրոնզից, երկաթից, ապակուց, ոսկ­րից, քարից պատրաստված իրեր եւ առարկաներ:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Լևոն Աբրահամյան
Հարգելի Վահե Սարուխանյան և Մարինե Մարտիրոսյան, շնորհակալ եմ հոդվածի համար: Եթե հնարավոր է, կխնդրեի երկու ուղղում անել: Հարցազրույցի ժամանակ ես նշել էի, որ Սմիթսոնիան փառատոնի Հայաստանից համակարգողները երեքն էին, և երեքն էլ մեր ինստիտուտից՝ Ռուզան Ծատուրյանը, Սաթենիկ Մկրտչյանը և ես: Հայաստանի ծրագրի խորագրում էլ վրիպակ կա, ճիշտ ձևն է՝ «Հայաստան. տուն արարելը»:
Մխիթար Գաբրիելյան
Շնորհակալություն հետաքրքիր ու օգտակար հոդվածի համար: Մեկ ճշտում ընդամենը: Սմիթսոնյան փառատոնում հայաստանյան տաղավարի կուրատորները, ինչպես նաև նախապատրաստական` հայաստանյան փուլում աշխատանքների անմիջական կազմակերպիչներն ու իրականացնողները եղել են ինստիտուտի 3 աշխատակիցներ` Լևոն Աբրահամյան, Սաթենիկ Մկրտչյան և Ռուզաննա Ծատուրյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter