HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի գործով կզբաղվի Գլխավոր դատախազությունը

Հայաստանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի շուրջ իրադարձությունները զարգացման նոր փուլ են մտել։ Կողմերը՝ մշակույթի նախարարությունը եւ աշխատանքից ազատված նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը, հարցը տեղափոխել են իրավական դաշտ։ Նախարարությունը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, իսկ Գայանե Կարապետյանը հանդես է եկել դատական հայցով՝ ընդդեմ նախարարության գործողությունների։

Հիշեցնենք, որ Գայանե Կարապետյանը «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո պնդում է, որ տարիներ շարունակ ներդրումներ է արել շենքում, եւ տարածքը պետք է գոնե մի 10-15 տարի էլ մնա իր տիրապետության տակ։ Մշակույթի նախարարությունը նշանակել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Լիլիթ Փալանջյանին, որը զրկված է աշխատելու հնարավորությունից։ Նախարարությունը Կարապետյանին տարածքից հանելու ապարդյուն փորձեր է անում արդեն մեկ ամսից ավելի։

Կարապետյանը չի լքում թատրոնի տարածքը։ Ավելին, այնտեղ բնակվում են նաեւ նրա շները։

Մշակույթի նախարարությունը փորձում է Կարապետյանին հանել տարածքից, առայժմ՝ ապարդյուն։ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից աշխատանքից ազատված Կարապետյանը նաեւ հրաժարվում է հանձնել ՊՈԱԿ-ի կնիքը, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գրավոր կարգով խնդրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Գայանե Կարապետյանի նկատմամբ՝ ՊՈԱԿ-ի տարածքը ազատելու եւ ՊՈԱԿ-ի կնիքը հանձնելու ուղղությամբ, հաշվի առնելով, որ թատրոնը ավելի քան մեկուկես ամիս չի կարողանում իրականացնել իր բնականոն գործունեությունը:

Գայանե Կարապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախարարության գործողությունների։ Մասնավորապես, նա պնդում է, որ գործատուն իր հետ անազնիվ է վարվել եւ աշխատանքից ազատել է առանց պատշաճ ծանուցում ապահովելու։ Գայանե Կարապետյանը դատական հայցով՝ նախարարությունից պահանջում է վերականգնել իր «խախտված իրավունքները», ինչպես նաեւ փոխհատուցել մեկ ամսվա պարապուրդի համար։

Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ Կարապետյանի պնդումները ճիշտ չեն։ «Ծանուցումն իրականացվել է  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ «Mulberry» համակարգով, եւ դա համարվում է շատ ավելի ծանրակշիռ ծանուցում, քան փոստով ծանուցումն է։ Նախ՝ մենք փոստով չենք ծանուցել, որովհետեւ տիկին Կարապետյանը սկզբում Հայաստանում չէր։ Հեռախոսազրույցների ժամանակ մեկ ասում էր՝ ինչ-որ հեռավոր մարզում հյուրախաղերի է մեկնել, հետո էլ իմացանք, որ մեկնել է ԱՄՆ։ Նա մեր երկրի տարածքում չունի մշտական հասցե, բնակվում է թատրոնի տարածքում։ Ամանորյա տոներից հետո, տեսնելով, որ տիկին Կարապետյանը հրաժարվում է նախարարություն գալ, հունվարի 9-ին ես իմ ձեռքով այդ հրամանը վերցրել եւ տարել եմ թատրոն։ Ոչ ոք չեկավ, վերցնի», - պատմում է Նազենի Ղարիբյանը։

Մշակույթի նախարարի պաշտոնակատարը պատմում է, որ ոստիկանները երկու անգամ Կարապետյանից պահանջել են հանձնել կնիքը։ Կարապետյանը հրաժարվել է` ասելով, որ ծանուցված չէ իրեն ազատելու մասին։  

«Մենք ունենք համապատասխան բոլոր փաստաթղթերը։ Կարապետյանի պահանջը տրամաբանական չէ։ Նրա հույսն այն էր, որ զանգերով, ծանոթների միջոցով կմնա պաշտոնին։ Բայց եթե մենք անգամ պատշաճ չենք ծանուցել, նա չի կարող զոռով մնալ տնօրեն, եթե պայմանագրի կողմերից մեկը՝ մշակույթի նախարարությունը, դա չի ցանկանում։ Գործատուն չի ցանկանում նրա հետ շարունակել համագործակցությունը։ Կարապետյանը յուրացրել է պետական հիմնարկի կնիքը, խափանել է պետական թատրոնի գործունեությունը եւ իրավունք չունի տարածքը չազատելու։ Դա մեր՝ պետության տարածքն է։ Անգամ կարեւոր չէ՝ տարածքը Պարարվեստի քոլեջինն է, Սայաթ-Նովայի անվան թատրոնինը, թե ումը։ Մենք ունենք գրություն այն մասին, որ այն գտնվում է Պետգույքի կառավարման գործակալության բալանսում», - ասաց Նազենի Ղարիբյանը։

Նազենի Ղարիբյանը կասկածներ ունի, որ Գայանե Կարապետյանը կնիքը պահել է փաստաթղթեր կեղծելու նպատակով։ Բանն այն է, որ թատրոնի նախկին տնօրենը նախարարությանը ներկայացրել է փաստաթղթեր, որոնց հիմքում ոչինչ չկա։ Գայանե Կարապետյանի ներկայացրած բոլոր փաստաթղթերը ներկայացվելու են փորձաքննության՝ դրանց իսկությունը պարզելու համար։

լուսանկարում՝ (ձախից) Նազենի Ղարիբյանը և Գայանե Կարապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter