HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել (տեսանյութ)

Հայաստանի անկախացումից հետո միայն Երևանի Կենտրոն վարչական շրջանում (նախկինում՝ Կենտրոն թաղային համայնք) լուծարվել և փակվել է համայնքին պատկանող 14 մանկապարտեզ: Ամիսներ տևած հետաքննությունը դանդաղում էր նախորդ տարի Երևան քաղաքում կառավարման ճգնաժամի պատճառով: Տասնյակի հասնող մեր հարցումներին հաճախ նույնաբովանդակ և ոչինչ չասող պատասխաններ էին տրվում: Այդուհանդերձ, «Հետք»-ը կարողացել է պարզել, որ լուծարվելուց հետո մանկապարտեզների տարածքները դարձել են նախկին պաշտոնյաների և այլ քաղաքացիների սեփականությունը: Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն, օրինակ, 4 մանկապարտեզի տարածքի փաստացի սեփականատեր է:

Երևանի կենտրոնում դեռևս 1996 թվականին գործում էր 35 մանկապարտեզ, տարիներ շարունակ, մանկապարտեզների լուծարումների հետևանքով, այսօր Կենտրոն վարչական շրջանում գործում է 21 մանկապարտեզ: Մանկապարտեզների գույքը օտարվել է 1996 թվականից 2009 թթ. ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում Կենտրոն թաղային համայնքը երկու ղեկավար է ունեցել՝ 1995-ից Արարատ Զուրաբյանն էր, իսկ 2002 թ-ից՝ Գագիկ Բեգլարյանը: Վաճառված տարածքները հիմնականում եղել են բազմաբնակարան շենքերի բնակելի տարածքներում, երկուսն են առանձին շենք ունեցել՝ բակային տարածքով: Կենտրոնի ավագանիներն իրենց որոշումներում նշել են, որ երեխաների թերբեռնվածությունն է լուծարման պատճառ դարձել:

2018թ.-ի սեպտեմբերի 6-ի դրությամբ Կենտրոն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում հերթագրված երեխաների թիվը 1231 է, 2017 թվականին այդ թիվը կազմել է 1364, 2016-ին՝ 1631: Այս տարվա փետրվարի տվյալներով՝ Կենտրոն վարչական շրջանի ՆՈւՀ-եր (նախադպրոցական ուսումնական հաստատություն) հաճախելու համար հերթագրված երեխաների թիվը 822 է: Նախորդ տարի հերթագրված երեխաների արհեստականորեն ավելացված թիվը պայմանավորված էր նրանով, որ ծնողը երեխային կարող էր հերթագրել միաժամանակ մի քանի մանկապարտեզներում, հետագայում այդ հնարավորությունը վերացավ, քանի որ հերթագրումն արդեն էլեկտրոնային եղանակով է կատարվում:

Թիվ 140 մանկապարտեզ. Գ. Բեգլարյանի որդու սեփականություն

Երևանի Թամանյան փողոցի 3 շենքի առաջին հարկում և կիսանկուղային տարածքում մինչև 2008 թվականը գործել է թիվ 140 մանկապարտեզը: Այսօր մանկապարտեզի տարածքում գործում է «Պաուլաներ» գարեջրատունը: Մանկապարտեզը նախ միավորվել է Մաշտոցի պողոտայում գործող թիվ 7 մանկապարտեզին (նախկինում՝ թիվ 40): Միավորումից հետո՝ 2010 թ.-ին, Կենտրոնի թաղապետարանը մանկապարտեզի տարածքը վաճառել է քաղաքացի Տիգրան Ղազարյանին, որն էլ մեկ տարի անց այն վաճառել է Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հորը՝ Բեգլար Բեգլարյանին: Ավագ Բեգլարյանի մահից հետո այն ժառանգություն է ստացել Հրանտ Բեգլարյանը՝ Գագիկ Բեգլարյանի որդին: Մինչ օրս մանկապարտեզի տարածքը պատկանում է Հրանտ Բեգլարյանին, որը այն վարձակալության է տրամադրել «Օլիմպ 95» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը «Պաուլաներ» գարեջրատան շահագործողն է: Ընկերության 15 տոկոս բաժնեմասը պատկանում է «Համահայկական հիմնադրամ»-ի նախկին նախագահ Արա Վարդանյանին:

Թիվ 61 մանկապարտեզ. Գ. Բեգլարյանի օգնականի սեփականությունը

Թումանյան 38 շենքում գործած թիվ 61 մանկապարտեզը լուծարվել է 2003 թ.-ին: Այն գտնվում էր շենքի առաջին երեք հարկերում և զբաղեցնում էր 600 քմ տարածք: Մինչ լուծարումը՝ 2002 թ.-ին, մանկապարտեզի համայնքային սեփականություն համարվող գույքը վարձակալության է տրվել «Ռադիան Ս. Ս.» ՍՊԸ-ին, որից հետո վաճառվել է նույն ընկերությանը: Արարատ Զուրաբյանին Կենտրոնի թաղապետի պաշտոնում փոխարինելուց հետո, Գագիկ Բեգլարյանը դիմում է դատարան և մանկապարտեզի տարածքը 2003 թ.-ին ետ է վերադարձնում համայնքին: Երկու տարի անց թաղապետարանը մանկապարտեզի տարածքը սկզբում վարձով է տրամադրում, ապա՝ վաճառում քաղաքացի Արտյոմ Ներսիսյանին: Վերջինս նույն տարում այն վաճառում է հետագայում Գագիկ Բեգլարյանի օգնականը դարձած Համիկ Մկոյանին: Նշված տարածքում ժամանակին նաև ՀՀԿ-ի շտաբ-գրասենյակ է եղել: Քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ մանկապարտեզի լուծարումից հետո ծրագրվել էր այդ տարածքում բնակեցնել փախստականների:

Թիվ 50 մանկապարտեզ. Գ. Բեգլարյանի օգնականի սեփականությունը

Սայաթ-Նովա պողոտայի 37 հասցեում գործած թիվ 50 մանկապարտեզը Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2004 թ.-ի որոշմամբ միացել է նախկին 47 մանկապարտեզին: Նույն տարում մանկապարտեզի տարածքը տրվել է վարձակալության քաղաքացի Էդգար Սարգսյանին, որն էլ գնել է այն: Էդգար Սարգսյանից էլ գույքն անցել է նույն Համիկ Մկոյանին՝ Գագիկ Բեգլարյանի օգնականին:

Թիվ 60 մանկապարտեզ. գնել և վաճառել է «Գումի» շուկայի տնօրենը

Կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի 215-Ն որոշումից տեղեկանում ենք, որ Նորագյուղ թաղամասում նույնպես մանկապարտեզ է եղել: Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանի և թաղային համայնքի ավագանու 2000 թ.-ի որոշումներով՝ լուծարվել է թիվ 60 մանկապարտեզը: Այցելեցինք նշված մանկապարտեզի տարածք, որը Նորագյուղի Էջմիածնի հին խճուղի փողոցում է: Մանկապարտեզի տարածքը պարսպապատ է՝ փողոցի առաջին շարքում տեղակայված տների հետնամասում է: Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ տվյալ տարածքն այսօր դատարկ հողակտոր է, եթե նախկինում շենք է եղել, ապա հիմա այն հողին է հավասարվել: Տարածքի սեփականատերն այսօր Արսեն Ղալումյանն է, սակայն կարևոր է, թե ումից է այն գնել Ղալումյանը: Պարզվում է, որ մանկապարտեզի տարածքը 2010 թվականին Երևան համայնքից գնել է Վազգեն Նահապետյանը, որը Երևանի թիվ 2 շուկայի տնօրենն է («Գումի» շուկա): Մամուլի հրապարակումների համաձայն՝ շուկան Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին է պատկանում: Ի դեպ, տարածքը մասնավորեցնելու ժամանակ Երևանի քաղաքապետը հենց Գագիկ Բեգլարյանն էր, որը նույն ժամանակ ծրագրել էր Նորագյուղի բնակիչներին վերաբնակեցնել՝ թաղամասում բիզնես կենտրոն ստեղծելու պատրվակով: Այսինքն՝ հողատարածքը գնելու Բեգլարյանի շարժառիթը հասկանալի էր:

Թիվ 48 մանկապարտեզ. նախկին նախարարի սեփականությունը

Կենտրոն վարչական շրջանի Տպագրիչների 8 հասցեի շենքի առաջին հարկում մինչև 2000 թվականը գործել է թիվ 48 մանկապարտեզը: Կենտրոնի ավագանու և այն ժամանակվա թաղապետ Արարատ Զուրաբյանի և կառավարության որոշումներով՝ մանկապարտեզը լուծարվել է 2000 թ.-ի ամռանը, իսկ մանկապարտեզի գույքը դարձել է թաղապետարանի սեփականությունը: Այսօր մանկապարտեզի տարածքում տեղակայված է «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գրասենյակն ու մեկ այլ մասնավոր տարածք: Այսինքն, մանկապարտեզի գույքն այսօր բաժանված է երկու մասի: «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գրասենյակի տարածքը պատկանում է ոմն Սուսաննա Մինասյանի, որը 2006 թ.-ին գնել է Սիրեկան Խաչատրյանից, իսկ Խաչատրյանը՝ Կենտրոնի թաղապետարանից: 73-ամյա Սուսաննա Մինասյանը նախորդ տարի հիմնադրել է «Սթրոնջիլոդն» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը զբաղվում է տնային դեկորների վաճառքով: Մանկապարտեզի գույքի մյուս մասը, մի քանի գործարքի արդյունքում, դարձել է Ռաֆայել Բագոյանի սեփականությունը: Բագոյանը 1995-96 թթ.-ին եղել է սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարը: Բագոյանը գույքը նվեր է ստացել իր կնոջից:

Թիվ 127 մանկապարտեզ. «Միմինո» ռեստորան

Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 7 հասցեում տեղայված է եղել թիվ 127 մանկապարտեզը: Այն 1997 թ.-ին, թաղապետ Արարատ Զուրաբյանի որոշմամբ, միավորվել է թիվ 47 մանկապարտեզին (ներկայում՝ թիվ 8): Միավորումից հետո թիվ 127 մանկապարտեզը լուծարվել, իսկ գույքը գրանցվել է թաղապետարանի հաշվեկշռում: 2000 թվականին թաղապետարանը մանկապարտեզի տարածքը վաճառել է «Տաուրիս» ՍՊԸ-ին, որն էլ այսօր տնօրինում է տարածքը: 2009 թ.-ին նշված ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան և Ալեք Մանուկյան 7 հասցեի փոխարեն ստացել Ալեք Մանուկյան 7, 122 տարածք հասցե: Այս ընկերության 100 տոկոս բաժնետերը Գրիգոր Սուքիասյանն է: Նա հայտնի է «Գլորիայի Գրիշա» անվանումով («Գլորիա» անունով խաղատուն է ունեցել): 2011 թ. Գրիգոր Սուքիասյանը Երևանի ժամանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից է եղել: Սուքիասյանը նախկին մանկապարտեզի տարածքը վարձակալությամբ տրամադրել է «ՋԻ ԷՆ ՍՊՐՈՒՏ» ՍՊԸ-ին, որն էլ նույն տարածքում շահագործում է «Միմինո» ռեստորանը:

Թիվ 46 մանկապարտեզ. մասնավոր նախակրթարան

Սայաթ-Նովա պողոտայի թիվ 21/21ա հասցեում գործել է թիվ 46 մանկապարտեզը: Կենտրոնի թաղապետի 1997 թ.-ի որոշմամբ այն միավորվել է թիվ 163 մանկապարտեզին (ներկայում՝ թիվ 16): Մանկապարտեզի շենքի նկատմամբ 2002 թ.-ին գրանցվել է Կենտրոն թաղային համայնքի սեփականությունը: Նույն տարում թաղապետարանը մանկապարտեզի տարածքը վաճառել է «Էռտման» ՍՊԸ-ին, որն էլ վաճառել է Լիլիա Լազարյանին: Վերջինս էլ գույքը 2017 թ.-ին վաճառել է ատամնաբույժ Տիգրան Հակոբյանին և Ժաննա Հակոբյանին: Մանկապարտեզի տեղում այսօր գործում է «Բալու» մանկական ակումբը: Այս կենտրոնում երեխաների զարգացման ծրագրերի վարձը տատանվում է 30-ից 70 հազար դրամի սահմանում: Նախկին մանկապարտեզի տարածքի մի մասն էլ հատկացվել է քաղաքապետարանի սոցիալական աջակցության կենտրոնին և ծառայել է որպես տարածքային բաժնի գրասենյակ:

Թիվ 64 մանկապարտեզ. հանրային գերակա շահ

Լեոյի 33 հասցեում է գտնվում բացառիկ գերակա շահ ճանաչված թիվ 64 մանկապարտեզի կիսախարխուլ շենքը: Երևանի «Փակ շուկա»-ի հետնամասում գտնվող նախկին մանկապարտեզի տարածքը պարսապապատ է, դարպասներն էլ՝ կողպված: Մանկապարտեզը Կենտրոն թաղային համայնքի ավագանու 1998 թ.-ի որոշմամբ միավորվել է թիվ 62 մանկապարտեզին (ներկայիս՝ թիվ 11): Մանկապարտեզի շենքն ու դրան հարող՝ տասնամյակներ առաջ խիտ-խիտ կառուցված տները, կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի 168-Ն որոշմամբ՝ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: Մանկապարտեզի նախկին շենքը դարձել է Հայաստանի սեփականությունը:

Թիվ 36 մանկապարտեզ. «Իբիս» հյուրանոց

Պուշկինի 15 հասցեում տեղակայված թիվ 36 մանկապարտեզը լուծարվել է 2003 թվականին Կենտրոն թաղային համայնքի ավագանու որոշմամբ: Նույն որոշմամբ ևս 2 մանկապարտեզ է լուծարվել: Այդ ժամանակ Կենտրոնի թաղապետը Գագիկ Բեգլարյանն էր: Մանկապարտեզի տարածքը 2007 թ.-ին, կառավարության որոշմամբ, հանրային գերակա շահ է ճանաչվել: Այժմ մանկապարտեզի նախկին տարածքը գտնելն անհնար է, քանի որ տեղում վեր է խոյացել «Իբիս» հյուրանոցի բարձրահարկ շենքը: Թիվ 36 մանկապարտեզի քանդումն անխուսափելի էր, քանի որ մանկապարտեզի տարածքը գտնվում էր «Հյուսիսային պողոտայի» կառուցապատման ծրագրում:

Թիվ 24 մանկապարտեզ. մասնավոր տարածք

Մոսկովյան 8 հասցեի շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 24 մանկապարտեզը 1997 թ.-ի դրությամբ թերբեռնված է եղել: Այս հիմքով էլ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը որոշել է, որ այդ մանկապարտեզը և Մաշտոցի պողոտա 45 ա հասցեում գործող թիվ 40 մանկապարտեզը պետք է միավորել: Միավորումից հետո, Կենտրոնի թաղապետարանը մանկապարտեզի գույքը բաժանել է երկու մասի և օտարել:  2008 թ.-ին առուվաճառքի պայմանագրի հիման վրա միավորված թիվ 40 մանկապարտեզի տարածքի սեփականատեր է դառնում Կիմա Պողոսյանը: Նշված տարածքը վարձակալել է «Լ’օրանժ» սրճարանը:  

Թիվ 99, թիվ 92, թիվ 66, թիվ 61 մանկապարտեզներ. թիվ 12 մանկապարտեզ

Մոսկովյան 31 շենքի 2-րդ հարկում հաջորդաբար բացվել և լուծարվել են թիվ 99, 92, 66 և 61 մանկապարտեզները: Այս տարածք է տեղափոխվել նաև Թումանյան 38 հասցեում գործած թիվ 61 մանկապարտեզը, որի տարածքը Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունն է դարձել: Տեղափոխությունից հետո մանկապարտեզի համարը դարձել է 66: Տարիների ընթացքում մանկապարտեզի թիվը փոփոխվել է, իսկ այսօր տարածքում գործում է թիվ 12 մանկապարտեզը:

Թիվ 162 մանկապարտեզ. մասնավոր տարածք

Սարյան 20 հասցեում էր գործում թիվ 162 մանկապարտեզը: Այն լուծարվել է 2000 թվականին: Մանկապարտեզի տարածքը մասնավորեցվել և հետագայում վարձակալության է հանձնվել: Մի քանի տարի է՝ տարածքի դռները կողպված են:

Թիվ 53 մանկապարտեզ. մասնավոր մանկապարտեզ

Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցին հարող մուտքի դիմաց է տեղակայված «Էլտառոզ» օտար լեզուների թեքումով մասնավոր մանկապարտեզը: Մանկապարտեզի մեկ ամսվա վարձը սկսվում է 90 հազար դրամից: Մասնավոր մանկապարտեզի տեղում նախկինում գործել է «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» պետական ՓԲԸ-ն: Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի 1212-Ա որոշմամբ մանկապարտեզը մասնավորեցվել է կոլեկտիվին: «Pages.am» կայքի տվյալներով՝ «Էլտառոզ» կենտրոնը հիմնադրել է Մարդոյանների ընտանիքը 1993թ.-ին, որպես «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ` Դեմիրճյան 8 հասցեում: Մինչդեռ Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին, իսկ կառավարության համապատասխան որոշումը կայացվել է 2002 թվականին: Հիմնադիրներից է Վաչագան Մարդոյանը: Վերջինս նաև «Էլտառոզ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այն հիմնադրել է 2002 թվականին: Ընկերությունները Երևան քաղաքում նախադպրոցական կրթություն իրականացնող 3 կենտրոն ունեն: Վաչագան Մարդոյանին պատկանող նախակրթարանները 2015 թվականին տուգանվել էին 15 միլիոն դրամով: 

Երևանի կոնյակի գործարանի մանկապարտեզը. բնակարաններ

Կենտրոն վարչական շրջանի մեջ մտնող Կիլիկիա թաղամասում խորհրդային տարիներին գործել է «Երևանի կոնյակի գործարան»-ին պատկանող մանկապարտեզը: Այն հայտնի էր նաև «Տիկին Նորայի» մանկապարտեզ անունով: Կիլիկիայի բնակիչները «Հետք»-ին պատմեցին մանկապարտեզի մասին որոշ հուշեր, ապա մատնացույց արեցին դրա գտնվելու վայրը: Կիլիկիա 3 շենք հասցեում գտնվող մանկապարտեզը տեղակայված է եղել 5 հարկանի շենքի առաջին և 2-րդ հարկերում՝ բնակարանների տարածքներում: Տարածքի մի մասը մասնավորեցվել է 1995 թվականին: Շահումյանի շրջխորհրդի գործկոմի թիվ 14/66 որոշման հիման վրա այն գրանցվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի անվամբ: 2001 թ.-ին Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող գույքը վաճառել է քաղաքացի ժորա Հովսեփյանին: Մյուս մասի սեփականատեր է դարձել քաղաքացի Տոնիկ Տոնոյանը:

ԵԿՄ. Երևանի սեփականություն

Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 20/4 հասցեում այսօր տեղակայված է Երկրապահ կամավորականների միություն ՀԿ-ի տարածքային ստորաբաժանումը: ԵԿՄ-ի այդ ստորաբաժանման տեղում խորհրդային տարիներին և դրանից հետո մանկապարտեզ է գործել, որը լուծարվել է, իսկ գույքը՝ գրանցվել Կենտրոնի թաղապետարանի անունով, հետագայում այն անցել է Երևան քաղաքին: Սեփականության իրավունքով Երևան համայնքին պատկանող գույքը 2012 թ.-ին անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրվել է ԵԿՄ-ին: Երևանի ավագանու որոշմամբ 5 տարի ժամկետով է գույքը փոխանցվել ԵԿՄ-ին: Երբ «Հետք»-ը հետաքրքրվեց այդ անշարժ գույքով, քաղաքապետարանը նախաձեռնեց գույքը ԵԿՄ-ից ետ վերցնելու գործընթացը: «Երևանի քաղաքապետարանի կողմից համապատասխան ծանուցում է ուղարկվել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ պայմանագրից հրաժարվելու մասին, որը սահմանված կարգով կազմակերպության կողմից ստացվել է, և ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կազմակերպության անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու ուղղությամբ»,- ասված է քաղաքապետարանից մեզ ուղղված պատասխան նամակում:

Այս պատկերը Երևանի միայն Կենտրոն վարչական շրջանում էր: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախորդ տարիներին փակվել են մանկապարտեզներ, իսկ տարածքները՝ մասնավորեցվել նույն տրամաբանությամբ: Փակված մանկապարտեզների թեման «Հետք»-ի ուշադրության կենտրոնում է, և հաջորդիվ կներկայացնենք մեկ այլ վարչական շրջանի մանկապարտեզների պատմությունը՝ պարզելու համար, թե դրանք ում սեփականությունն են դարձել, և տեղում ինչ է գործում այսօր:

Մեկնաբանություններ (1)

Anahit Sadoyan
Շնորհակալություն Ձեր հետևողականության համար։ Խնդրում եմ ճշտել Այգեստանում գտնվող Գյուղնախին պատկանող մանկապարտեզի ճակատագիրը նույնպես։ Հօյակապ քառե շենք էր ծառերի մեջ թաղված։ Իմ երեխանեևն այնտեղ են մեծացել։ Հիմա ցավով եմ տեսնում այն մասնավորեցված ու երեխաներից խլված։ Կանխավ շնոռհակալ եմ։ Հարգանքներով՝ Անահիտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter