HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Լյուբկո Դերեշ. «Մենք ստեղծում ենք աշխարհ, որը մի օր մեզ կուլ է տալու, բայց սա տխրության անելանելի առիթ չէ»

Ուկրաինացի արձակագիր Լյուբկո Դերեշը, որը Հայաստանում առավել հայտնի է իր «Խաղաղարարը» վիպակների ժողովածուով, նախորդ տարվա նոյեմբերին Երեւանում էր։ «ԱՐԻ» գրական հիմնադրամի «Գրենք Հայաստանում» 2018 թվականի ստեղծագրության միջազգային ճամբարում ուկրաինացի ժամանակակից գրողն ընդգրկվել էր դասախոսական կազմում։ Ճամբարի տասնօրյա բուռն աշխատանքային օրերի ընթացքում Դերեշի հետ հանդիպումը կարճ տեւեց․ լուսանկարեցի, ու պայմանավորվեցինք զրուցել ավելի «խաղաղ» պայմաններում։

Դերեշի «Խաղաղարարը» վիպակների ժողովածուի հայերեն տարբերակի լույսընծայումից հետո՝ դեռ 2015-ին, զրուցել էինք հեղինակի հետ՝ հիմնականում անդրադառնալով գրքի բովանդակությանը եւ Ուկրիանայի ժամանակակից գրականությանը։ Այս անգամ զրույցի թեման ավելի ծավալուն է։

Մինչ հիմնական զրույցին անդրադառնալը, հարկ եմ համարում նշել, որ արձակագիր, էսսեիստ, սցենարիստ Դերեշը մշակում է նորարարական մոտեցումներ ստեղծարարության ասպարեզում, նաեւ դասախոսում է։ Քիմիկոսի, կենսաբանի եւ տնտեսագետի որակավորում ունեցող գրողը 16 տարեկանում ներկայացավ իր «Պաշտամունք» առաջին վեպով, որը թարգմանվեց մի շարք եվրոպական լեզուներով։ 2017 թվականից Դերեշը Ուկրաինայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հանդուրժողականության պատվիրակն» է՝ միտված օգնելու հաղթահարել Դոնբասի պատերազմի արդյունքում առաջ եկած անհանդուրժողականության ալիքը։

-Լյուբկո՛, ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Այստեղ Ձեզ տեսնելը նախեւառաջ «Խաղաղարար» գրքի հեղինակին տեսնելն է։ Որպես ժամանակակից գրող կարեւորու՞մ եք միջազգային այն ծրագրերը, որոնք այլ ժամանակակիցների հետ փորձի փոխանակման, արտահայտման հնարավորություն են տալիս։

-Իհարկե կարեւորում եմ։ Մարդուն՝ որպես գրող, ձեւավորում է երկու բան․ գրքերը, որոնք նա կարդացել է եւ այլ գրողներ, որոնց հետ նա առնչվել է։

Այստեղ՝ Հայաստանում, ինչպես գիտեք, ես «Write in Armenia» («Գրենք Հայաստանում») գրական միջազգային ճամբարի մասնակիցն էի, որի կազմակերպող կողմերից մեկը Հայաստանի սահմաններից դուրս հայտնի «ԱՐԻ» գրական հիմնադրամն է։ Հենց իրենց նախաձեռնությունն է մի տեղ հավաքել Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի սկսնակ գրողներին համատեղ երկխոսության եւ կրթվելու նպատակով։ Բախտ վիճակվեց այդ իրադարձությանը մասնակցել որպես երիտասարդ գրողների համակարգող, դասախոս։

Ճամբարի ընկերական, ստեղծագործական մթնոլորտն ինձ վրա անջնջելի տպավորություն գործեց․ ես հնարավորություն ունեցա շփվել իմ գործընկերների հետ, ինչպիսին Արամ Պաչյանն է եւ Արմեն Օհանյանը (Արմեն Հայաստանցին), ինձ համար նորովի բացահայտեցի այնպիսի ընկերների ու մենթորների, ինչպիսին անկրկնելի Ասլի Փերքերն է (Թուրքիայից), Ալիսա Գանիեւան (Ռուսաստանից), հայտնի գրող Դաթո Տուրաշվիլին (Վրաստանից)։

-Վերջերս կարդացի այն մասին, որ բուսակեր եք։ Նշում եք, որ հրաժարվելով մսից՝ զերծ եք մնացել նաեւ ագրեսիվ, դաժան մտքերից «Գլուխս աշխատանքային գործիքս էիմ պարտականությունն է այդ գործիքը կարգին պահել»։

-Մարդու արտաքին եւ ներքին աշխարհներն անքակտելիորեն կապված են իրար։ Ես փորձում եմ բուսակեր լինել ոչ միայն ուղիղ իմաստով․ գրքերը, մարդիկ, կերպարները, որոնց հետ առնչվում ենք, ինչ-որ իմաստով ուղեղի համար նույնպես «սնունդ» են․ ամեն մեկին չի, որ կարող ենք «եփել» առանց հետեւանքների։

Իմ համային եւ փիլիսոփայական նախասիրությունները, ես, որպես կանոն, ներսումս եմ պահում, քանի որ «համային» փոփոխությունները շատ անձնային, շատ դադաղ գործի արդյունք են։ Այնուհանդերձ, չեմ կարող չնշել, որ կախված այն բանից, թե մենք ինչ ենք օգտագործում որպես «սնունդ» (լայն իմաստով), ազդում է մեր աշխատունակության, էմոցիոնալ վիճակի, մտքերի եւ նույնիսկ աշխարհայացքի վրա։

Իմ գլուխը սկսում է ավելի լավ «եփել» թեթեւացրած, բուսակերական ռեժիմով։

-Երեք տարի առաջ, երբ զրուցում էինք, հղում կատարեցիք Բրոդսկուն՝ մեջբերելով, որ մարդկությանը փրկել հնարավոր չէ, բայց առանձին մեկին փրկել միշտ կարելի է։ Ծանոթ լինելով Ձեր մի քանի ստեղծագործություններին՝ ինձ համար ակնհայտ է, որ կենտրոնում գործող մարդն է, որն իր սխալների հետեւանքով հայտնվում է խորը մոլորության մեջ․․․ Եվ նրան դեռ հնարավո՞ր է փրկել։

-Հեղինակն իր հերոսին «փրկում» է՝ թույլ տալով վերջինիս անցնել իրեն տրված ճանապարհով։ Հերոսի եւ նրա ներքին կյանքի նկատմամբ ունեցած ճշգրտությունն ու ոչ էմոցիոնալ վերաբերմունքը հեղինակի ապրումակցման փորձն է իր հերոսին, ինչ-որ իմաստով նաեւ արդարացումը։ Այդ ճշգրտության շնորհիվ ընթերցողը հերոսի մեջ իրեն է տեսնում՝ որպես մեկի, որպես գոյություն, որը դեռ նոր պիտի կազմավորվի, որը դեռ չգիտի իրեն, եւ ուրեմն սխալներ է թույլ տալիս։

Ինչպես ինձ է թվում՝ հենց սա է սեր կոչվում՝ ուրիշի թուլության թողտվությունը Կեցության դեմ հանդիման։ Դրա համար փրկողը սերն է, որ հեղինակը տածում է դեպի հերոսը, մարդը՝ դեպի մարդը։

-Այնուամենայնիվ, Ձեր հերոսները նաիվ հարցադրումներ են առաջ քաշումդրանց պատասխանները հաճախ փիլիսոփայական կարող են հնչել։ Հնարավո՞ր է արդյոք ֆիզիկական վիճակն այնպիսի դրության մեջ հայտնվի, որ ֆիզիկան փոխվի, որ մեր շուրջը ստեղծված աշխարհը հանկարծ մեզ ավելի պարզ թվա, քան ինքներս մեզ կթվայինք։

-Ե´վ մեր, ե´ւ աշխարհի իրական համընդհանուր հիմնավորումը մեկն է՝ Գաղտնիքը, հենց գաղտնիքը, որպես այդպիսին։ Բացառելով այդ գաղտնիքը (ինչպես օրինակ՝ մարդուն զուտ նյութական հասկացությամբ ամբողջացնելը)՝ մենք մեզ զրկում ենք Տիեզերքի մի զգալի հատվածից, որը ոգեշնչման աղբյուրը պիտի լիներ, որը մարդուն այդ Գաղտնիքի հետ կապողը պիտի լիներ՝ հատուկի հետ առնչությունը, պոետական մղումը։

Իրական ճանաչելիությունը, կարծում եմ, չի արժեզրկում Գաղտնիքը, այլ հակառակը՝ փոխազդեցության համար այն ավելի ամբողջական, հասանելի եւ շոշափելի է դարձնում։

-13 տարեկանում գրում էիք կախարդական հաշվիչի մասին, որն ուներ 12-ամյա տղան ու այդ հաշվիչի միջոցով իր ստեղծած խուլիգանին այլ տարածություններ էր ուղարկում։ Կառավարման մեխանիզմները, մեծ տերությունների որոշումներն ու անընդհատ փոփոխությունները ինչպե՞ս են ազդում գրական տեքստի վրա։

-Ընդհանուր առմամբ, գերտերությունը, սիրո եւ մահվանը զուգահեռ, ստեղծագործական ոգեշնչման սյուներից մեկն է՝ հաճախ որպես ուժ, որին պիտի վերիմաստավորել, վերաձեւակերպել, վերապրել բառով։

Գրողի համար ոգեշնչումը միշտ ի ուրախություն է, բայց երբեմն, ցավոք, այդ ուրախությունը արցունքների միջից է, ինչպես Ալիսա Գանիեւայի դեպքում է։ Նա գրեթե ստիպված է մենակ պայքարել իր հասարակական եւ քաղաքական սեփական հայացքների համար, այդ նույն ժամանակ ստեղծել գեղարվեստական տեքստեր, որոնք, կարծում եմ, շատ շուտով միջազգային մակարդակով մեծ ազդեցություն կունենան։

-Հավատալու հնարավորություն ինչպե՞ս է տրվում։ Դուք ինչի՞ն եք հավատում։

-Հավատը արտաքին, ֆիզիկական կամ ինտելեկտուալ հնարավորությունների արդյունքում չի․ մարդու ներքին ջանքն է, որով, օրինակ, տարբերվում ենք կենդանիներից։ Այդպիսով հավատը ոչ թե հնարավորության, այլ ցանկության հարց է։ Այլ հարց է՝ ինչին հավատալ, չէ՞ որ հավատի միջոցը շատ արժեքավոր է․ մենք տեսնում ենք՝ հավատքի ոչ նշանակալի խեղաթյուրումները, այնպիսին, ինչպիսին կրոնականն է, եւ տեսում ենք՝ ինչպես է դրանից բռնություն, ահաբեկչություն, պատերազմ ծնվում։

Հավատքի այլ՝ ոչ կրոնական տեսակները, մարդուն ամբողջապես ստիպում են տեսադաշտից կորցնելու գլխավորը՝ կեցության հավիտենական գաղտնիքը (որին բախվում ենք ամեն վայրկյան), եւ տարվելու բազմաթիվ այլ երկրորդական բաներով, որի հետեւանքը դատարկությունն ու հիասթափությունն են։

Ինչ վերաբերում է ինձ, ես հավատում եմ Արարչի անհատական բնությանը  եւ նրա արարմանը, եւ նաեւ հնարավոր խորը երկխոսությանը այս երկուսի միջեւ։

Արվեստի՝ մասնավորապես գրականության լեզուն այն պատուհաններից մեկն է, որով այդ երկխոսությունը հնարավոր է։

-«Իրավիճակը չէ, որ փոխում է մարդուն, այլ մարդն է փոխվում մեկ այլ մարդու»։ Եվ հաջորդիվ Ձեր հերոսի՝ Ռոբերտ Օպպի հարցադրումն է«Նա գիտեր, որ ինքը համաշխարհային խաչմերուկի վրա է, որտեղ փոխվում են մարդկային ճակատագրերը։ Ինչու՞ է այդպես, եթե Արարիչը գեղեցկությունը կատարյալ է ստեղծել, ինչու՞ է այն ցավ պատճառում»։ Այս մեջբերումը «Խաղարար»-ից է։

-Եվ մեզ, եւ ուրիշներին ցավ պատճառողը մենք ենք, որովհետեւ չգիտենք աշխարհի գործիքներից ինչպես օգտվել։ Իմ համոզմամբ գաղտնիքը պարզ է․ քանի դեռ մենք ինչ-որ մեկի բարօրությանն ենք միտված, ցավից պաշտպանված ենք։ Հենց որ փորձում ենք աշխարհից հենց մեզ համար օգուտ քաղել, անմիջապես ռիսկի առաջ ենք կանգնում։ Եվ չնայած «ի բարօրություն» հասկացությունը, հնարավոր է, շատ ավելի լայն ու վիճելի կիրառելիություն ունի, իմ կարծիքով այն նշանակում է ամբողջական, անքակտելի վերաբերմունք դեպի աշխարհը եւ դեպի մարդկային բնությունը՝ ներառյալ նաեւ անհատականության մետաֆիզիկական կողմը։

-Բայց Ձեր հերոսը՝ Օպպին ստեղծեց ռումբը, այն փորձարկվեց, եւ «պատերազմն ավարտված է» արտահայտությունը նախանշեց մի նոր պատերազմի սկիզբայս իրադրության մեջ «ստեղծողը», որ Օպպին էր, եւ կործանանար հրաշք գյուտ-գործիքը, որն այլեւս իրենը չէր, որն ավիրելու նոր հնարավորություն էր տալիս, ինչպե՞ս կարող է Օպպիին նոր մարգարեությունների, նոր ճանապարհների մասին մտածելու առիթ տալ։

-Ցավոք, այս հարցի պատասխանը կամ կրոնական, կամ դրամատուրգիական հարթության վրա է։ Եթե դիտարկենք երկրորդ տարբերակը, ուրեմն հարկավոր է հասկանալ՝ մարդու հիմնական ցավը անկատարությունն է, այն փաստը, որ մարդն ինքն իրեն չի պատկանում։

Էդիպը հայտնաբերում է իրեն իր իսկ գործողությունների սարսափի արանքում,  «Մակբեթ»-ի դեպքում հերոսը, ճակատագրական ուշացման հետեւանքով, հասկանում է՝ ինչ է մարգարեությունը («Մինչև Բիրնամի այն մեծ անտառը վեր չբարձրանա Դուսինեյն լեռը՝  նրա դեմ կռվի»), «Մարտական ակումբ»-ում գլխավոր հերոսը՝ պատմողը, հասկանում է, որ Թայլեր Դուրդենը հենց ինքն է․․․

Մենք ստեղծում ենք աշխարհ եւ ճակատագիր, որը մի օր մեզ կուլ է տալու։ Բայց սա անելանելի տխրության առիթ չէ․ լավ դրամատուրգիան միշտ կատարսիս է ենթադրում: Ընթերցողն այլ շնորհընկալ լույսի տակ է ընդունում հերոսին, այն զգացողությամբ, որ հերոսը ներված է, որ այդպես է անցել ճանապարհը մինչեւ վերջ եւ կայացել որպես կերպար։

Ցավոք, հենց ինքը՝ կերպարը, միշտ չէ, որ հենց այսպես է հասկանում։ «Ներումը» ավելի հաճախ ծնվում է կամ հեղինակի սրտում, կամ դիտողի (համարյա այն նույն իրավունքով, ինչ հեղինակն ունի)։ Եվ որպեսզի ավելի հաճախ հանդիպենք այդ «բարի ներկայությանը», պիտի ամեն գնով եւ ամեն իրավիճակում մնալ հեղինակ կամ գոնե թե դիտող՝ չվերածվելով կերպարի։

Եվ նորից հավատալու հնարավորությունը որտեղի՞ց է, երբ «մնացել է միայն հոգու ամոթը, իսկ չինովնիկների գրասենյակներում դա ոչ մի որոշումով հնարավոր չէ կարճել»։

-Գրական տեքստի մեջ դեպի ու՞ր է ուղղվում հերոսը։

-Հերոսը, գիտի, թե ոչ, մեկ է գնում է ինքն իրեն հանդիման։ Ինքը պիտի իրեն տեսնի այնպիսին, ինչպիսին դեռ չգիտեր, չէր ճանաչում։ Այդպես է կյանքը մեզ առաջ մղում եւ այդպես է աշխատում նաեւ գրական ստեղծագործության մեխանիզմը։ Հավատալու հնարավորություն․ սա է հեղինակ մնալու ունակությունը, չէ՞ որ հենց հեղինակն է հաստատում ստեղծագործության մտային պատկերը․․․ Իսկ դրա համար անհրաժեշտ է հանդիպել նրանց, ովքեր հավատալու կրակն են կրում իրենց ներսոմ։

«Խարիզման» հունարեն նշանակում է հավատի կրակը կրելու ունակություն․․․ Եթե այն մարեց մեզ մոտ, պետք է մշտապես փնտրել նրանց մեջ, ովքեր վառ կերպով շարունակում են կրել այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter