HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ուտել-խմելիս ինչո՞ւ էին զենքով». պաշտպանները խոսում են Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի մասին

Աբովյանում տեղի ունեցած միջադեպի գործով կալանքը խափանման միջոց է ընտրվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 5-ը, պայմանականորեն «Ծառուկյանների», 2-ը՝ «Մանուկյանների» կողմնակիցներն են:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան Աբովյան քաղաքի վուլկանիզացման կետերից մեկում, որն, ըստ շրջանառվող լուրերի ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին է պատկանում,  ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հարազատներից մեկի մեքենայի անվադողը փչելու շուրջ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում։ Այնտեղ սկսված փոխհրաձգության հետևանքով երկու անձ մահացել է, մի քանիսը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:

Մեզ հետ զրույցում վուլկանիզացման կետի աշխատակից Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալն ականատես է եղել ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած միջադեպին: Նշենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, քննություն իրականացնող մարմինը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է նրան վերագրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Ըստ Հովհաննիսյանի պատմածի՝ հունվարի  28-ի ուշ երեկոյան մի քանի անձինք եկել են ավտոտեխսպասարկման կետ՝  մեքենայի անիվը փչելու, և ի սկզբանե ագրեսիվ տրամադրվածություն են ունեցել, անընդհատ ազդանշան արձակել: Աշխատակիցներից մեկը դուրս է եկել ու հայտնել, որ վուլկանիզացման կետը արդեն փակ է, սարքավորումները նորից միացնելու համար շուրջ 40 րոպե է պետք, որից հետո վիճաբանություն է սկսվել, քաշքշուկ: Ինչպես պատմել է Արթուր Հովհաննիսյանը, այն բանից հետո, երբ մեքենայում գտնվող անձինք սկսել են հարվածներ հասցնել աշխատակցին, իրենց՝ մյուս աշխատակիցները գնացել են միջադեպը հանդարտեցնելու:

Նշենք, որ աշխատակիցն ում հետ վիճաբանություն է սկսվել Վարդան Գրիգորյանն է՝  վուլկանիզացման կետի տնօրեն, «Բարեց Վահրամ» անունով հայտնի Վահրամ Գրիգորյանի եղբայրը:

Հովհաննիսյանը պատմել է նաև, որ միջադեպն էլ ավելի է թեժացել, երբ մեքենայով եկած անձանց կողմից հայհոյանք է հնչել: Վահրամ Գրիգորյանն, ըստ Հովհաննիսյանի պատմածի՝ զգուշացրել է, որ Վարդան Գրիգորյանն իր հարազատ եղբայրն է, բայց դա իրավիճակը չի փոխել:

«Այսինքն՝ որքանով ցուցմունքներից դատում ենք, վեճը չի հարթվել, ուղղակի մեքենայում գտնվողների մի մասը, առավել ագրեսիվ պահվածք դրսևորողներին քաշելով, նստեցրել է մեքենա, իսկ վուլկանիզացման կետի աշխատակիցներն էլ Վարդան Գրիգորյանին տարել են վուլկանիզացման կետ, որպեսզի վեճն այդ պահին հանդարտվի: Ենթադրում եմ, որ վուլկանիզացման կետում գտնվող անձինք մտածել են, որ այն կողմից կարող են նորից գալ ու  վիճաբանության շարունակություն լինի, դրա համար արագ փակել են այն ու հեռացել»,- կարծիք հայտնեց Արմինե Ֆանյանը:

Պաշտպանի խոսքով՝ վուլկանիզացման կետը փակել ու գնալուց հետո Գրիգորյան եղբայրներից մեկի հեռախոսը, որը միացված է վուլկանիզացման կետի անվտանգության համակարգին, ազդանշան է արձակել, և երբ նրանք վերադարձել են այնտես, տեսել են, որ վուլկանիզացման կետի դուռը կոտրված է: Նշենք, որ դեպքի վայրից առգրավվել են տեսախցիկներ: Ըստ Արմինե Ֆանյանի՝ դրանք ֆիքսել են, որ նույն մեքենայով մարդիկ  վուլկանիզացման կետի դուռը ջարդել, գնացել են:

Արթուր Հովհաննիսյանը ներկա է եղել նաև «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին: Հարցին՝ միջադեպի մասնակիցներն ինչպես, ում զանգով են հայտնվել նշված վայրում, Արմինե Ֆանյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություներ չունի, տեղեկություններ հայտնեց միայն իր պաշտպանյալի վերաբերյալ:

«Ինքն ասում է, որ  երբ տղաների հետ խոսեցինք, որ տեսնենք՝ ով որտեղ է, ասացին, որ գնում ենք «Պարտեզ»՝  խոսելու: Իմ պաշտպանյալը մտածել է, որ գնում են «Պարտեզ»՝ հաշտվելու, մանավանդ, որ «Պարտեզը» ռեստորանային համալիր է: Այսինքն՝ նա կարծել է, որ գնում են, այսպես ասած՝ ուտել խմելու, այլ ոչ թե զենք ու զրահով հարաբերություններ պարզելու»,- ասաց Արմինե Ֆանյանն ու նշեց, որ միայն դեպքի վայր հասնելուց հետո, այնտեղ ծավալվող խոսակցությունների բնույթից է պարզ դարձել, որ հաշտության մասին խոսք չկա, առկա է ագրեսիվ տրամադրվածություն:

Թե կոնկրետ ով է Հովհաննիսյանին հայտնել, որ գնում են «Պարտեզ» ռեստորանային համալիր, Հովհաննիսյանն, ըստ Ֆանյանի խոսքի, չի հիշում:

Ըստ պաշտպանի՝ երբ Արթուր Հովհաննիսյանը մոտ 4 անձանց հետ՝ մեկ մեքենայով հասել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, այնտեղ շուրջ 30 անձ է եղել:

Նշենք, որ  մեզ հետ զրույցում ավելի վաղ  ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդու՝ Շանթ Մանուկյանի պաշտպան Արմեն Ֆերոյանն ասել է, որ Մանուկյանը գտնվելիս է եղել ռեստորանային համալիրում, և դուրս է եկել աղմուկ- աղաղակի ձայներ լսելով: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Մելիք Մանուկյանի հարազատներն այդ օրը գտնվելիս են եղել ռեստորանային համալիրում, որտեղ ինչ-որ հավաքույթ էր կազմակերպված, և, այսպես ասած, մյուս կողմն է, որ որոշել է գնալ ռեստորանային համալիրի տարածք՝  վուլկանիզացման կետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցեր պարզելու:

Այս առնչությամբ Արմինե Ֆանյանը նշեց, որ որքանով իր պաշտպանյալն է ներկայացրել, նման սցենար լինել չէր կարող:

«Եթե մարդիկ չէին պայմանավորվել, ինչո՞ւ էին ասում՝ գնում ենք, խոսենք. ո՞վ է ասել, որ առանց պայմանավորվելու պիտի գնային ու էնտեղ Մանուկյանների հարազատները  հավաքույթի մասնակցելիս պիտի լինեին: Դրանում տրամաբանություն չկա: Անկախ նրանից՝ հանդիպել են, որ պարզապես խոսեն, թե միմյանց վնաս պատճառեն, նախապես պայմանավորվածություն է եղել հանդիպելու: Այդքան մարդ չէր կարող ռեստորանային համալիրի տարածքում հայտնվել պատահականության սկզբունքով»,- ասաց Ֆանյանն ու կրկնեց, որ, ամեն դեպքում, իր պաշտպանյալի ընկալմամբ՝ իրենք չէին գնում միմյանց  վնասելու:

Ըստ Արմինե Ֆանյանի՝ հիմնավորված է, որ մյուս կողմից կրակոցներ են հնչել. դրա ապացույցն է այն, որ օրինակ, վուլկանիզացման կետի տնօրեն Վահրամ Գրիգորյանը մարմնական վնասվածք է ստացել:

«Եթե մարդիկ չէին գնում հարաբերություններ պարզելու, ապա ուտել-խմելիս իրենք ինչո՞ւ էին զենքով»,- հարց բարձրացրեց Արմինե Ֆանյանը:

Մեր դիտարկմանը՝ եթե վուլկանիզացման կետի աշխատակիցներն ու մյուս անձինք գնում էին հաշտվելու կամ ուղղակի խոսելու, այդ դեպքում իրենք ինչո՞ւ էին զենքով գնում, Ֆանյանը պատասխանեց, որ ամեն դեպքում, իր պաշտպանյալի՝ Արթուր Հովհաննիսյանի ձեռքին զենք չի եղել՝ թեև նրան ևս մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

 «Մյուսների մոտ զենք եղել է, թե ոչ, եթե եղել է, ապա ինչ հանգամանքներում, չեմ կարող ասել»,- ասաց Ֆանյանն ու նշեց, որ միջադեպի ժամանակ առաջինը հրազենային վիրավորում ստացել է Վահրամ Գրիգորյանը:

Նշենք, որ այս գործով անցնող, այսպես ասած, առանցքային նշանակություն ունեցող մեղադրյալներ Վահրամ և Վարդան Գրիգորյանների պաշտպան Դավիթ Մնացականյանը բուն դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի հայտնում: Վերջինս մեզ հետ զրույցում միայն նշեց, որ  Գրիգորյան եղբայրների կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքներ է ներկայացրել:

Մեր հարցին՝  Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ու՞մ միջոցով է տեղեկացել  վուլկանիզացման կետում տեղի ունեցած միջադեպի մասին, Վահրամ Գրիգորյանը կամ Վարդան Գրիգորյանը նրան այդ մասին հայտնե՞լ են, Մնացականյանը պատասխանեց, թե ինքն այդ մասով տեղեկություններ չունի:

Մեզ հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը նշեց, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի միջադեպի հետ ու քանի որ գործի նախաքննությունը շարունակվում է, իրենք որևէ մեկնաբանություն կամ հայտարարություն անելու ցանկություն չունեն:

Մեր հարցին՝  Նվեր Ծառուկյանը «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մեքենայով գտնվելիս չի՞ եղել դեպքի վայրում, Խաչատրյանը պնդեց, որ նման բան չի եղել:

«Նվեր Ծառուկյանը չի եղել դեպքի ականատես, մասնակից կամ հրահրող, ինչպես ասեկոսեներ են տարածվել»,- ասաց փաստաբանն ու նշեց, որ Ծառուկյանն առաջին իսկ օրից ներկայացել է քննություն իրականացնող մարմնի կանչով, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել, նա ունեցել է, և այժմ էլ ունի վկայի կարգավիճակ, որ դեպքի հետ ոչ ուղղակի և ոչ անուղղակի առնչություն չունի:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչի՞ հիման վրա է Ծառուկյանը վկայի կարգավիճակ ստացել, Խաչատրյանը պատախանեց, թե ինքը չի կարող ասել:

«Հնարավոր է՝ հենց ասեկոսեների հիման վրա: Վարույթն իրականացնող մարմինը փորձել է ճշտել բոլոր տվյալները, որ կա իր մոտ»,- ասաց Էմին Խաչատրյանը:

Կալանքի տակ գտնվող մեկ այլ մեղադրյալի՝ Արթուր Վարդանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արթուր Վարդանյանը դեպքի հանգամանքների վերաբերյալ դեռևս ցուցմունք չի տվել: Վարդանյանն, ըստ շրջանառվող լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի որդու անվտանգությունն է ապահովում: Նա մեղադրվում է խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեջ, մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել::

Արթուր Վարդանյանն, ըստ մեղադրանքի, վուլկանիզացման կետում տեղի ունեցած միջադեպին ականատես չի եղել, իսկ թե ինչպես է հայտնվել «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում, ըստ պաշտպանի, մեղադրանքում առկա չէ, ասվում է միայն, որ հավաքվել ու գնացել են:

Բեգլարյանի խոսքով՝ իր պաշտպանյալի մեղադրանքի որոշումից հնարավոր չէ հստակեցնել, թե մեղադրյալներից ով ինչ գործողություններ է կատարել, ով ում վրա է կրակել, քանի կրակոց է արձակվել, ում կրակոցի հետևանքով ով ինչ վնասվածք է ստացել:

«Այս փուլում մենք ցանկանում ենք հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում, որ հասկանանք՝ ինչից պետք է պաշտպանվել: Եթե անձին խմբի կազմում կատարված հանցագործության մեջ են մեղադրում, ապա պետք է խմբի անդամներից յուրաքանչյուրի գործողությունները հստակեցված լինեն»,- ասում է պաշտպանը:

Նշենք նաև, որ առաջին ատյանի դատարանը մերժել է այս գործում ներգրավված 17 մեղադրյալներից մի քանիսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություները, որոնք, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվեն վերաքննիչ դատարան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter