
Ռեստավրատորների շենքը ռեստավրացիայի խիստ կարիք ունի
ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կամերալ մշակման և վերականգնման լաբորատորիայում աշխատում են հազարամյակների պատմություն ունեցող նյութերի հետ: Բեկոր առ բեկոր դրանք միացվում են՝ դառնալով պատմություն: Փորձառու վերականգնող (ռեստավրատոր) Տիգրան Իսահակյանն ասում է՝ հարգանք, սեր ու ջերմություն է զգում, երբ գործ է ունենում այս նյութերի հետ: Այստեղ յուրաքանչյուր բեկոր անգամ իր անձնագիրն ունի:
Տիգրան Իսահակյանը լաբորատորիայում աշխատում է 1975-ից: Հենց այդ ժամանակ էլ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) Աբովյան պուրակի հարակից տարածքից (այդտեղ այժմ գործում է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը) տեղափոխվել է Չարենցի 15 հասցե: Իսկ հնագետների և ազգագրագետների գալուց առաջ այստեղ աշխատել են քիմիկոսները:
Մինչև 2000-ականները լաբորատորիան գործում էր ինստիտուտի գլխավոր մասնաշենքում, սակայն քանի որ վերականգնման աշխատանքները մեծ տարածք են պահանջում, որոշվել է լաբորատորիան տեղափոխել գլխավոր մասնաշենքի հետնամասում գտնվող այս շենք:
Սակայն այստեղ աշխատանքն ու պայմանները հակադրվում են իրար: Մի կողմից՝ իրենց գործին նվիրված մասնագետներն են, մյուս կողմից՝ շենքային վատ պայմանները: Շենքը փորձաքննվել է ինստիտուտի պատվերով, և պարզվել է, որ վթարային է:
Լաբորատորիայի շենքի պատերն արդեն առանձնանում են իրարից: Անմխիթար է նաև դրա շրջակայքը. շենքի թիկունքում Այգեստան թաղամասի տներն են, որոնց բնակիչներն աղբ են թափում այստեղ, չնայած տարածքը դրա համար նախատեսված չէ: Աղբն այնքան շատ է, որ գիտնականներն իրենց ուժերով չեն կարող մաքրել: Միևնույն ժամանակ բնակիչներն ամեն անգամ շատացնում են աղբը:
Տիգրան Իսահակյանն ասում է, որ բազմիցս են խոսել բնակիչների հետ, սակայն անօգուտ: Նշում է, թե ամաչում են, երբ դրսից հյուրեր են ունենում, որոնք ցանկանում են տեսնել լաբորատորիան: Ըստ վերականգնողի՝ իրենց արած աշխատանքն ու պայմաններն անհամադրելի են:
Լաբորատորիայում աշխատում են նաև երիտասարդներ: Դավիթ Բարոյանը նրանցից մեկն է: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը: 5 տարուց ավելի է՝ աշխատում է ՀԱԻ-ի լաբորատորիայում:
«Միայն ֆիլմերի մեջ էի էսպիսի աշխատանք տեսել: Եկա ու մնացի, շատ դուրս եկավ գործը: Հիմա զբաղվում եմ վերականգնելով, հետաքրքիր է»,- նշում է Դավիթը: Ասում է, որ ժամանակի ընթացքում աշխատանքը հոգեհարազատ է դարձել: Առաջին հերթին, ըստ Դավիթի, իրեն գրավում է այն, որ գործ ունի պատմության հետ, վերականգնում է՝ ստանալով մի հրաշք, որը պատմություն է: Բացի դրանից՝ երիտասարդ մասնագետի համար ինքնին վերականգնման գործըթնացն է հաճելի և հանգստանցող:
Նա նույնպես առանձնացնում է շենքային վատ պայմանները: Ասում է, թե լավ է, որ այս տարի քիչ ձյուն է եկել, որովհետև դրա հալոցքից տանիքը կաթում է: Կաթոցների համար տաշտեր են դրել լաբորատորիայի անկյունում: Հին են նաև շենքի պատուհանները, մի քանի տարի առաջ աշխատակիցներից մեկը պատուհանը բացելիս վնասել էր ձեռքը:
Տիգրան Իսահակյանն ասում է՝ աշխատանքից չեն հոգնում, անգամ արձակուրդն են անցկացնում այստեղ: «Շատ հաշտ ու համերաշխ կոլեկտիվ ունենք, և մենք էլ մեր չափով ազգանվեր աշխատանք ենք անում»,- ասում է վերականգնողը:
Ըստ ինստիտուտի կազմած նախահաշվի՝ լաբորատորիայի շենքի վերականգնման համար մոտ 1 միլիոն դոլար է անհրաժեշտ: Տնօրեն Պավել Ավետիսյանը մեկ անգամ չէ, որ այդ հարցով դիմել է իշխանություններին: Մի դեպքում ընթացակարգն է երկար եղել, ու արդյունքի չեն հասել, մի ուրիշ դեպքում առաջարկ է եղել գիտական այլ ինստիտուտների շենքերից տրամադրել, որոնք, սակայն, ըստ Ավետիսյանի, ավելի վատ վիճակում են եղել, քան իրենց ունեցածը: Առ այսօր շենքի հարցն առկախված է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել