HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիայում գտել են մեդիայի լիարժեք անկախություն ապահովող տնտեսական մոդելը

Ֆրանսիական Mediapart հետաքննական առցանց պարբերականի խմբագրության դռան վրա գրված է. «Միայն մեր ընթերցողները կարող են մեզ գնել»: Սրանք զուտ գեղեցիկ խոսքեր չեն: 2008 թվականին ստեղծված Mediapart-ը 98% բաժանորդագրությամբ գործող լրատվամիջոց է, բյուջեի միայն 2%-ն է գոյանում նվիրատվությունից:

2005-ին լքելով «Լը Մոնդը»` թերթի նախկին խմբագիր Էդվի Պլենելը իր գործընկեր (դարձյալ «Լը Մոնդից») Ֆրանսուա Բոնեի հետ որոշում է միանգամայն նոր` ամողջությամբ մասնակցային, վճարովի, թվային լրատվամիջոց ստեղծել` նվիրված հետաքննական լրագրությանը: Նրանց նպատակն էր դիմակայել մամուլի անկախության ճգնաժամին, քանի որ Ֆրանսիայում ԶԼՄ-ները հեշտորեն նվաճվում էին օլիգարխների, արդյունաբերական եւ ֆինանսական հսկաների կողմից, որոնք մամուլն օգտագործում էին որպես ազդեցության լծակ` տնտեսության այլ ոլորտներում իրենց գործունեությունը ծավալելու համար:

«Մենք առաջինն էինք, որ ասացինք` անկախ եւ որակյալ լրատվությունը գին ունի»,- ասում է կայքի համահիմնադիր Ֆրանսուա Բոնեն:

Վիճակագրությունը վկայում է, որ հիմնադիրները հաջողել են: Այսօր պարբերականը 155,000 բաժանորդ ունի: Յուրաքանչյուր բաժանորդ ամսական վճարում է 11 եվրո: Սեփական խնայողությունները ներդրած հիմնադիրները թերթի գործունեության 8-րդ տարում սկսել են շահույթ ստանալ: 2017-ին Mediapart-ն ունեցել է 13,7 մլն եվրո եկամուտ, որից 2,2 մլն եվրո` զուտ շահույթը:

Պարբերականն աշխատում է 100% մասնակցային սկզբունքով` կայքի բովանդակությունը ստեղծում են լրագրողներն ու ընթերցողները: Mediapart-ում երկու բաժին կա` լրագրողների ստորագրությամբ, եւ «Ակումբ» (Le Club) բաժինը, որի բովանդակությունը ստեղծում են բաժանորդները: Բաժանորդագրվելով` մարդիկ ավտոմատ կերպով իրենց բլոգն են ունենում կայքում եւ ազատ են գրելու այդտեղ: Իհարկե, խմբագրությունը որոշ մոդերացիա է կատարում, կայքում գործում է «Ահազանգ» կոճակը, որով ընթերցողները խմբագրությանը տեղեկացնում են լրագրողների հոդվածների ներքո տեղ գտած մեկնաբանություններում եւ Ակումբի անդամների գրառումներում տեղ գտած զրպարտության, վիրավորանքի, ատելության խոսքի, հակասեմիտիզմի դրսեւորումների կամ այլ` օրենքով արգելված արտահայտությունների մասին: Եթե խմբագրությունը 24 ժամ հետո ընթերցողի բլոգից չհեռացնի հակաօրինական գրառումը, ապա ինքը պատասխանատվություն կկրի:

Իրենց տնտեսական մոդելի հաջողությունը Mediapart-ի հիմնադիրները պայմանավորում են միմիայն լսարանի վստահությամբ, որը խոր ճգնաժամ է ապրում ժամանակակից Ֆրանսիայում: Ինչպես արդեն գրել ենք, վերջին հարցումների համաձայն` ավանդական մեդիային Ֆրանսիայում վստահում է հասարակության 20%-ը: Ըստ մեր զրուցակից լրագրողների` վստահության այս աննախադեպ ցածր մակարդակը խոր արմատներ ունի: Խոշոր բիզնեսի եւ արդյունաբերական ընկերությունների կողմից մեդիա-ձեռնարկությունների կամ մեդիա-խմբերի գնման` նախորդ տասնամյակում սկսված գործընթացը հանգեցրել է ֆրանսիական մեդիայի չափազանց կենտրոնացվածության: «10 միլիարդատերեր վերահսկում են մեդիայի 98%-ը, եւ անվստահությունը մեդիայի նկատմամբ արդարացված է»,- ասում է Mediapart-ի համահիմնադիր Ֆրանսուա Բոնեն:

Բացի մասնավոր ֆինանսական խմբերի վերահսկողությունից, Ֆրանսիայում հասարակական-քաղաքական պարբերականները պետական աջակցություն են ստանում, եւ դա ինքնագրաքննության է մղում նրանց: Ֆրանսիացի լրագրողներին հասարակությունն ընկալում է որպես քաղաքական էլիտայի մաս, քանի որ վերջիններս միեւնույն կրթական հաստատություններից են դուրս գալիս: Ինչպես նկատեց մեր զրուցակիցներից մեկը, մեդիան Ֆրանսիայում վաղուց իր ընթերցողին մոտ չէ, այն խոսում է ինքն իր հետ: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ «Դեղին բաճկոնների» շարժման անդամները հիմնականում անհանդուրժողական վերաբերմունք ունեն լրագրողների նկատմամբ` որոշ բացառություններով:

Mediapart-ի խմբագրություն մեր այցի ժամանակ դեղին բաճկոնավորները խմբագրության դիմաց ակցիա էին իրականացնում`իրենց աջակցությունը հայտնելով պարբերականին, որին նախորդ օրն այցելել էր ոստիկանությունը` խուզարկության նպատակով: Իսկ խուզարկության առիթը նախագահ Էմանուել Մակրոնի անվտանգության նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալայի վերաբերյալ հետաքննությունն էր, որով բացահայտվել էր, թե ինչպես է Բենալան, լինելով Ելիսեյան պալատում ծառայության մեջ, միջնորդել ֆրանսիական ընկերություններին` 2.2 մլն եվրոյի «անվտանգության պայմանագիր» կնքելու երկու ռուս օլիգարխների` Պուտինի մտերիմ, մաֆիոզ կապերի մեջ կասկածվող, ուզբեկական ծագմամբ Իսկանդեր Մահմուդովի եւ ադրբեջանական ծագմամբ Ֆարհադ Ահմեդովի հետ: Համաձայն պայմանագրերի` պետք է ապահովվեր օլիգարխների ընտանիքների անվտանգությունը Ֆրանսիայում: Գործարքից իր հասանելիքը Բենալան ստացել էր Մարոկկոյում: Բենալայի դեմ գործ է հարուցվել կոռուպցիայի մեղադրանքով: Mediapart-ն իբրեւ ապացույց իր հետաքննությանը կցել էր Բենալայի հեռախոսային խոսակցությունն այս թեմայով, որը բռնագրավելու եւ աղբյուրը բացահայտելու նպատակով էլ ոստիկանությունը ցանկանում էր խուզարկություն կատարել, բայց չէր հաջողել` ընթացակարգը խախտելու պատճառով:

Աղբյուրի գաղտնիության պաշտպանությունը ցավոտ թեմա է ֆրանսիական մեդիայի համար: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության (RSF) ղեկավար Քրիստոֆ Դելուարը Mediapart-ում խուզարկությունը համարել է հետաքննող լրագրողների նկատմամբ անընդունելի ճնշում եւ կոչ արել դադարեցնել մամուլի ազատության դեմ ոտնձգությունները: RSF-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրի խոսքով` ֆրանսիացի լրագրողները արդեն 10 տարի է պայքարում են աղբյուրի գաղտնիության պաշտպանության համար: Թեեւ 2008-ին Ֆրանսիայում օրենք է ընդունվել, որը պաշտպանում է աղբյուրի գաղտնիությունը, սակայն չկան մեխանիզմներ կամ սանկցիայի հնարավորություն այն պետական մարմինների նկատմամբ, որոնք կխախտեն այդ օրենքը: Լրագրողների նկատմամբ «հետապնդումները» հիմնականում իրականացվում են ահաբեկչության մասին օրենքի շրջանակում, որը թույլ է տալիս լայնորեն հետեւել, գաղտնալսել քաղաքացիներին, այդ թվում` լրագրողներին:

Mediapart-ի տնտեսական մոդելը դեռեւս եզակի է Ֆրանսիայի մեդիահամակարգում, բայց այն ներդնելու փորձ են անում իսպանացի հետաքննող լրագրողները: Չնայած համբավին ու ձեռք բերած հեղինակությանը` կայքի հիմնադիրներն իրենց հաջողությունը փխրուն են համարում` այն պետք է անդադար հաստատվի եւ ամրապնդվի այլ հասարակական-քաղաքական լրատվամիջոցների հետ անհավասար պայքարում, որոնք միլիարդատեր սեփականատերերի միջոցներից բացի ներգրավում են հանրայինը` հանձին պետական աջակցության:

Խմբագրության առաջիկա մարտահրավերը գտնված տնտեսական անկախությունը պաշտպանելն է` այնպիսի իրավական մոդել ընտրել (օրինակ` հիմնադրամ), որպեսզի ընկերությունը փոխանցման եւ վաճառքի ենթակա չլինի:    

Գլխավոր լուսանկարում` Mediapart-ի խմբագրությունը, հեղինակ` Կարեն Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter