
Արտահանումը հունվարին 15.8 %-ով նվազել է. տարվա առաջին տնտեսական ցուցանիշները
Այս տարվա հունվարին, 2018 թվականի նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1 %-ով։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած (շտապ հավաքագրված) տվյաները, ՏԱՑ-ի աճն ապահովել են առևտրաշրջանառության, ծառայությունների և շինարարության ոլորտները։ Իսկ արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել։
Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 123.6 մլրդ դրամ, որը 2018 թվականի հունվարի համեմատ կրճատվել է 0.4 %-ով։
Առևտրաշրջանառությունը կազմել է 187.8 մլրդ դրամ, աճը՝ 19.3 %,
Ծառայությունների ծավալը՝ 130.5 մլրդ դրամ, աճը՝ 15.6 %,
Շինարարությունը՝ 10.8 մլրդ դրամ, աճը՝ 22.1 %:
Իսկ գյուղատնտեսության ցուցանիշները չեն հրապարակվել։ Վիճկոմիտեի պարզաբանման մեջ նշված է, որ այսուհետ այս ոլորտի ցուցանիշները հրապարակվելու են միայն եռամսյակային պարբերականությամբ։
Արդյունաբերության ոլորտում գրանցված 0.4 % անկումը, ենթադրաբար, պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների կրճատմամբ։ Այն ավելի հստակ կերևա, երբ ՎԿ-ն հունվարի ցուցանիշներն առավել մանրամասն հրապարակի այս ամվա վերջում։
Արտաքին առևտրի ոլորտում ևս անկում է գրանցվել։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա հունվարին կազմել է մոտ 463 մլն դոլար, որը, 2018 թվականի հունվարի համեմատ, նվազել է 7.6 %-ով։
Մասնավորապես, ներմուծումը կազմել է շուրջ 317 մլն դոլար, անկումը՝ 3.3 %:
Իսկ արտահանումը կազմել է շուրջ 145 մլն դոլար, անկումը՝ 15.8 %:
Մեկնաբանել