
Կառավարությունը մերժել է ԼՀԿ-ի՝ դեսպանների նշանակման հարցում խորհրդարանական վերահսկողության առաջարկը
Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել դիվանագետների նշանակման հարցում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Արտաքին գործերի նախարարությունը մերժել է ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը մի քանի պատճառներով: Նախարարության ներկայացրած եզրակացության մեջ հղում է արվում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքին, ըստ որի` դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում hանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչը բխում է Սահմանադրության պահանջներից, և չի նախատեսում ընթացակարգային կամ քննարկման այլ փուլ, քան վարչապետի կողմից նախագահին առաջարկություն ներկայացնելը։
«Ուստի՝ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացում խորհրդարանի ներգրավվածության օրենսդրական պահանջի գաղափարը կարող է քննարկվել միայն սահմանադրական փոփոխությունների և իշխանության ճյուղերի լիազորությունների տրամաբանության փոխակերպման համատեքստում»,- ասված է եզրակացության մեջ:
ԱԳՆ-ից հիշեցնում են նաև, որ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացին խորհրդարանի մասնակցությունը կարող է որպես հակակշռող և զսպող գործոն կիրառվել նախագահական կառավարման ձև ունեցող այն հանրապետություններում, որտեղ միանձնյա նշանակողը (նախագահը կամ նախագահի կողմից նշանակված վարչապետը) և նշանակումը հաստատողը՝ խորհրդարանը ձևավորվում են միմյանցից անկախ ընտրակարգերով և մեկը մյուսի իշխանության աղբյուր չեն հանդիսանում։
«Գործադիր իշխանության կադրային քաղաքականության իրականացման խորհրդարանական հակակշռման և զսպման մեխանիզմի առկայությունն արդարացված չէ այն պարագայում, երբ գործադիր իշխանության ձևավորման և դրա ղեկավարի ընտրության իրավունքն ինքնին պատկանում է բացառապես խորհրդարանին»,- նշվում է ԱԳՆ եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր փոփոխություն ԱԺ կանոնակարգ-օրենքում, ըստ որի` օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում վերջիններիս հետ:
Առաջարկվում էր նաև գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանձնաժողովում կազմակերպել համատեղ հանդիպումներ:
Մեր հարցին ի պատասխան` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ասել էր, որ դեմ չէ ԼՀԿ-ի ներկայացրած նախագծին, միակ մտահոգությունն այն է, որ նախագիծը համապատասխանի Սահմանադրությանը:
Մեկնաբանել