HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Կառավարությունը կարո՞ղ է չստել

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի կուլմինացիային գերմանացի խոշոր մի  տնտեսվարող կամավոր առաջարկեց կառավարությանը՝ ավելացնել իր և այլ խոշոր գործարարների` պետությանը մուծելիք հարկերի չափը:

Հասկանալի է, որ տպավորիչ եկամուտները միայն բավարար չէին գերմանացի գործարարին՝ նման առաջարկի համար: Այդպիսով նա իր վերաբերմունքն էր արտահայտում պետության հանդեպ, քանի որ պետությունն էր նրան հնարավորություն տվել հարստանալ այնպիսի ճանապարհով, որը թույլ է տալիս պահպանել մարդկային դիմագիծը եւ չկորցնել հարգանքը պետության հանդեպ:

Մեր երկրում որեւէ մեծահարուստ իրեն լրացուցիչ հարկերով ծանրաբեռնելու խնդրանքով կամ ունեցածը պետությանը նվիրաբերելու առաջարկով, որքան հայտնի է, հանդես չի եկել: Բացառություն է Արցախի բանակին օրերս միլիոնավոր դոլարներ նվիրաբերած Սաշիկ Սարգսյանը:

Այն գործարարները, որոնք կարողացել են օրինականության դաշտում աշխատելով` որոշակի կապիտալ կուտակել, դա արել են ամենեւին ո՜չ պետության ստեղծած հավասար մեկնարկային պայմանների կամ հարկային գրագետ օրենսդրության շնորհիվ:  Հակառակը, իրենց էներգիայի եւ ժամանակի զգալի մասը վատնել են պետական ատյանների, չինովնիկների կամայականությունների դեմ կռիվ տալու եւ իրենց իրավունքները պետությունից պաշտպանելու վրա: Նոր գաղափարներ, նոր աշխատատեղեր ստեղծելու ունակ մարդկանց պետությունը ոչ թե խրախուսում է, այլ խոչընդոտում նրանց զարգացմանը` հնարավոր բոլոր միջոցներով: Ընդ որում, մինչ օրս: Հետեւաբար, օրինապահ եւ ոչ մի գործարար իր հաջողության համար ամենեւին պարտական չէ պետությանը:

«Եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք»: Այս միտքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնում է պարբերաբար, արտասահմանում գործարարների հետ հանդիպումների ժամանակ: Որքանո՞վ են արժանահավատ ու վստահելի այս խոսքերը:

Հայաստանում աշխատող գործարարների պատմությունները, հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում, դժվար թե որևէ խելամիտ գործարարի համոզեն, թե Հայաստանում բիզնես անելով կհարստանա և կհարստացնի պետությունը:
Հայաստանում երկարամյա և հաջող գործունեություն ծավալած, ոչ օլիգարխ երկու գործարար միայն այս շաբաթվա ընթացքում իրենց դժգոհությունը հայտնեցին կառավարությանը և արձանագրեցին, որ իրենց բիզնեսը Հայաստանում այլևս չեն պատկերացնում:

«Մոտ մեկ ամիս է՝ պետական տարբեր մարմիններ, մեկ անանուն նամակի հիմքով ստուգումներ են իրականացնում Ենոքավանի «Ապագա տուր» ընկերությունում եւ Yell Extreme park-ում։ Մի ստուգմանը մեկն է հաջորդում ՍԱՊԾ, «Հայանտառ», հարկային մարմիններ եւ այլն»,- հայտնում է «Ապագա տուր» ընկերության սեփականատեր Արտակ Չիբուխչյանը։

Ինչպես Հայաստանում ընդունված է արդեն տասնյակ տարիներ՝ հարկային մարմինները, ստուգող ու վերստուգող գերատեսչություններն այսօր էլ շարունակում են մահակի դերը:

«Իմ, իմ ընտանիքի, հարևանների ու համայնքի թշնամին Հայաստանի Հանրապետությունն է, որը տզրուկի նման ծծում է ու ոչ մի բան չի տալիս»,- իր զայրույթն ու բողոքն այսպես է եզրափակում Հայաստանի տուրիզմի լավագույն և օրինակելի կենտրոններից մեկի՝ «Ապագա տուր»-ի սեփականատերերը:   

Խնդիրն այն չէ, որ «Ապագա տուր»-ում հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել: Խնդիրն այն փիլիսոփայությունն է, որով ՊԵԿ-ը փորձում է «բռնացնել» գործարարին: Դետեկտիվ ժանրի կանոններով, քողարկված օպերացիա իրականացնելով՝ ՊԵԿ տեսուչները փորձել են «Ապագա տուր»-ում անպայման «գործ սարքել»:

ՀՀ բյուջեի հաշվին 32340 դրամի սնվել են, կոնսպիրացիայի համար անգամ օղի են պատվիրել, որը ծածուկ թափել են, ստացել ՀԴՄ կտրոնը, սակայն սա բավարար չէր: Բոլոր միջոցները փորձելուց և «հաջողության» չհասնելուց հետո, վերջապես, բախտները բերել է. դաշտում ձի են քշել, և 4000 դրամի ՀԴՄ կտրոնն իբրև թե չտրամադրելու խախտում հայտնաբերել։

«Ապագա տուր»-ի սեփականատերը, սակայն, նշում է, որ ՊԵԿ տեսուչները երկրորդ հսկիչ գնումը կատարել են «բացարձակ խախտումներով և միանգամից ակտ գրել, որը բողոքարկվել է Դատախազության միջոցով»:

«Կյանքս եմ ներդրել։ Հորս եմ հողին հանձնել։ Ընտանիքս է վատթար վիճակում։ Ինձ 18 տարվա մեջ հասցրել են նրան, որ ես հորս քառասունքի հաջորդ օրը՝ մարտի 17-ին, պետք է մեկնեմ արտասահմանում բուժման։ Ես չեմ մեկնում, ինձ տանում են։ Կբուժվեմ՝ էնտեղ կմնամ, չեմ բուժվի՝ էնտեղից ինձ կբերեն։ Վաղն ինձ անգամ վարչապետն էլ կանչի զրույցի, չեմ գնալու։ Արդեն ուշ է»,- ասել է «Ապագա տուր»-ի սեփականատերը։

Ով եղել է Ենոքավանում, կվկայի, որ դա հանրապետության ամենակայացած, միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոններից մեկն է, որը, փաստորեն, կառավարության ոչ գրագետ ու սրտացավ քաղաքականության պատճառով փակման վտանգի տակ է:

Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու, Հայաստանում արարող գործարարների, տեղական արտադրողների համար նպաստավոր միջավայր ստեղծելու խոստումներն ընդամենը հռետորաբանության մակարդակում են: Ահա հերթական օրինակը:  

Ֆինանսների նախարարությունը դեռևս 2018 նոյեմբերին օրենքի նախագիծ էր մշակել, ըստ որի՝ պատրաստվում էր թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ՝ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Որևէ քննարկում արտադրողների հետ՝ բիզնեսը վտանգող ռիսկերի մասին, չի եղել: Դա հաստատում է նաև «Հայ կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ շահառու կողմերի հետ որևէ քննարկում չի եղել: Ակցիզի հարկի թանկացումը ենթադրում է, որ 30%-ով թանկանալու է նաև ապրանքը: Եթե նախկինում «Հայ կոլա» ընկերությունը 1, 5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:

Ընկերության տնօրենը պնդում է, որ այդ պարագայում ապրանքը շուկայում կդառնա անմրցունակ: Գործարարը հաշվարկել է, որ ապրանքի թանկացումով պայմանավորված՝  40 %-ով կպակասի սպառումը: «Մեր  գործարանը 22 տարի է այս շուկայի առաջատարներից մեկն է, որը ավտոմատ փակվում է: Մեր 100 աշխատակիցները գնում են տուն»:

Շաբաթվա ընթացքում կառավարությունն իրեն անհասկանալի դրսևորեց նաև վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության /ՊՎԾ/ աշխատանքի առումով: 

«Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ ՊՎԾ-ն փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Քանի որ Հայաստանում պետական չինովնիկը կարող էր խանգարել գործարարին կամ բիզնես խլել, հասարակությունն անմիջապես կուլ տվեց խայծը:

Իր հարցազրույցում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը նշում է. «Կազմակերպության ներկայացուցիչները, սեփականատերերի ծանոթները ամեն ձև փորձեցին մեզ ետ պահել՝ սկզբից մատ թափ տալով, եկել են մեր աշխատակիցներին տարբեր առաջարկներ են արել, թե հետ մնացեք այս թեմայից: Բայց մենք ոչ թե այդ ընկերության՝ «Ֆրեզենիուս»-ի աշխատանքն ենք ստուգում, այլ տեսնում ենք պետական հիմնարկ, տվյալ դեպքում «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեսնում ենք, որ տարիներ շարունակ միանձնյա մատակարարում կա կոնկրետ տվյալ կազմակերպության հետ: Տեսնում ենք, որ խտրական բնութագրեր են գրվել կոնկրետ ֆիրմայի համար: … «Գնումների մասին» օրենք գոյություն ունի, այդ օրենքի տառը պահենք, դրանից հետո ով ուզում է, թող շահի: Արդյունքում, մասնակցել են, առաջին անգամ, 7-8 կազմակերպություն, ու այլ կազմակերպություններ տենդեր են շահել: Մեկ կամ երկու տողով «Ֆրեզեն»-ը ևս շահել է»: ՊՎԾ-ն՝ որպես իրավասու մարմին, դիմել է ՏՄՊՊՀ-ին, ֆիննախին՝ պարզելու՝ ինչպե՞ս են իրենք բիզնես խլել:

Գործը դեռևս ընթացքի մեջ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմում է ԱԱԾ-ին՝ «մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում ՊՎԾ աշխատակիցների կողմից հնարավոր միջամտություն նկատելու կապակցությամբ»: «Հայաստանում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, որոնցից երկուսն աշխարհում որակի առումով լավագույն բրենդերն են, և նրանք հիմնականում զբաղվել են ապրանքների մատակարարմամբ: Նրանց սարքերով է կատարվել դիալիզը։ ՀՀ–ում դիալիզ ունեցող 8000 պացիենտ ունենք: Մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունն այդ պրոցեդուրան անցնելիս: Պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից և ոչ մի ձևով որակը չի զիջում նրանց»,- ասել է նա։ 

Դեռևս 2018 թ. հուլիսի 27-ի ֆեյսբուքի ուղիղ եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատմում էր «Սբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ-ի՝ արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանի ապօրինությունների մասին՝ նշելով. «Շատ հետաքրքիր գնումներ են անում միշտ նույն մարդկանցից, տարատեսակ պատճառներով մերժել են իսկական հաղթողներին՝ իբրև թե որակին չի համապատասխանում»:

Այսինքն, նույն հիմնավորումներով ժամանակին նաև Արա Մինասյանն էր «պացիենտների անվտանգության» հիմնավորմամբ մերժում այլ մատակարարների՝ նախընտրելով պետգնում անել բացառապես մեկ կազմակերպությունից:   
Զարմանալի էր նաև ԱԱԾ կայծակնային արձագանքը նախարարի դիմումին ՝ ձերբակալել ՊՎԾ երկու աշխատակիցների:  

Արսեն Թորոսյանի նման միջամտությունը՝ ԱԱԾ-ի միջոցով գործի կեսից կանգնեցնելու ՊՎԾ ստուգումները, փաստը, որ «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենն իր ընկերն է, որոշակի անվստահություն են առաջացնում ԱՆ-ի և ԱԱԾ-ի գործողությունների հանդեպ:  

Ճիշտ կլինի, որ ՊՎԾ-ն ներկայացնի գների տարբերությունը՝ որքան է պետությունը տնտեսել այս մրցույթից հետո, հատկապես որ, ըստ Սանասարյանի, մասնակցել են 8-9 ընկերություններ, առաջին անգամ այլ մասնակիցներ ևս հաղթել են, որոնցից մեկն էլ ՊՎԾ ձերբակալված աշխատակիցների հետ կապվող «Զորաշեն» ընկերությունն է: Ինչու՞ է ԱԱԾ-ն կենտրոնացել հենց ՊՎԾ աշխատակիցների վրա, իբրև թե վերջիններս ճնշում են գործադրել «Ֆրեզեն»-ի վրա՝ հօգուտ «Զորաշեն» ընկերության, երբ մրցույթին «Զորաշեն»-ից ու «Ֆրեզեն»-ից բացի՝ հաղթող են ճանաչվել այլ ընկերություններ ևս: Հետաքրքիր է, ՊՎԾ-ն մյուս մասնակիցների վրա ևս ճնշում գործադրե՞լ է: Այս մասին ԱԱԾ-ն լռում է:

«Կառավարությունը կարո՞ղ է չստել»,- հարցնում է սատանան Աստծուն՝ Ֆազիլ Իսկանդերի «Երազ Աստծո և սատանայի մասին» ստեղծագործության մեջ:
«Կարող է, սակայն կառավարությունը նման քաջություն չունի: Բայց և կառավարության ամեն ստին հասարակությունը պատասխանում է հազարապատիկ ստով»:

Եթե պետությունն իր քաղաքացուն չստի, քաղաքացիներին պետք չի լինի զգուշացնել՝ տալ կամ վերցնել ՀԴՄ կտրոնը: Ազնիվ հասարակության հիմքում ազնիվ իշխանությունն է: Եվ հակառակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter