
«Լույսի» շրջանավարտները՝ իշխանության տարբեր օղակներում
Նոր իշխանության թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, և թե՛ ՏԻՄ կառավարման մարմիններում կան «Լույս» հիմնադրամի նախկին կրթաթոշակառուներ: Հիշեցնենք, որ «Լույս»-ի հիմնադիրները նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն են:
Չնայած Սերժ Սարգսյանն այն համոզմունքին է, որ «գիտելիքահեն հասարակությունը յուրաքանչյուր պետության զարգացման հիմնական շարժիչ ուժն է», սակայն հեղափոխությունից անմիջապես հետո «Լույսը» հրաժարվեց 2018-2019 թվականների շրջանավարտների ուսման վարձերը վճարելուց: «Լույսը» հայտարարեց, որ կաջակցի միայն 2018-ին ուսումը շարունակողներին: Լույսի այդ հայտարարությանը նախորդել էր իր 61 շրջանավարտների բաց նամակն ողղված Սերժ Սարգսյանին, որով վերջիններս կոչ էին անում Սարգսյանին հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից:
«Լույսի» շրջանավարտները՝ խորհրդարանում
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը սովորել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոս քոլեջում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում:
Գործադիրում
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը սովորել է Քեմբրիջի համալսարանում:
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը սովորել է Քեմբրիջի համալսարանում:
Սփյուռքի նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում:
Վարչապետի խորհրդական, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը սովորել է Սթենֆորդի համալսարանում:
ՏԻՄ-ում
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սովորել է Մաքգիլի համալսարանում:
Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ևս «Լույսի» շրջանավարտ է, վերջինս սովորել է Հարվարդի համալսարանում:
Վերոնշյալ անձանցից շատերը Սերժ Սարգսյանին ուղղված նամակի հեղինակներն էին:
Դեռ նախորդ տարի մեր հետաքննություններից մեկում ներկայացրել էինք հիմնադրամի հատկացումները, ըստ որոնց վերջին 5 տարիներին հիմնադրամն իր բյուջեից 3,4 մլրդ դրամի հատկացումներ է արել տարբեր կազմակերպությունների և ծրագրերի, որոնց մասին ոչ հաշվետվություններում, ոչ էլ մեր հարցումների պատասխաններում տեղեկություններ չկան:
Այժմ հիմնադրամի գործադիր տնօրենը պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն է, իսկ ՀՀԿ արտաքին հարաբերությունների հարցով փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշանակվել է հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:
Մեկնաբանել