HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հետախուզում հայտարարելուց 5 ամիս անց Վահագն Հարությունյանը չի հայտնաբերվել. պաշտպանի պնդմամբ՝ որոշումն ապօրինի է

Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետախուզման դեմ ներկայացված բողոքը քննում է այն դատավորն, ում վերաբերյալ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել: Պաշտպան Պողոսյանը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նույն դատավորի՝ Արտուշ Գաբրիելյանի վարույթում Վահագն Հարությունյանի վերաբերյալ քննված գործում կեղծ փաստաթուղթ հայտնվելու վերաբերյալ, և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը գտնում է, որ ինքը կարող է Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեմ բողոքն անաչառ քննել, բայց որպեսզի անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ չլինեն իր անաչառության վերաբերյալ, նախորդ դատական նիստի ընթացքում կողմերին առաջարկել էր օրենքով սահմանված կարգով իր բացակայությամբ  քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը:

Քննարկման արդյունքում կողմերը որոշել են դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնել: Դատախազ Պետրոս Պետրոսյանն ու Մարտի 1-ի քննչական խմբի ներկայիս ղեկավար Հրաչ Մուշեղյանը կարծում են, որ ինքնաբացարկի հիմքեր չկան, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ հետախուզման դեմ բողոքն արդեն շուրջ 4 ամիս է, դատարանում է, բայց չի քննվել, ուստի դրա քննությունը հերթական անգամ չձգձգելու նկատառումից ելնելով՝ ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում դատավորին:

«Այս բողոքով քննարկման առարկա է դարձել Վահագն Հարությունյանի ազատ տեղաշարժման հարցը։ Արդեն 4-րդ ամիսն է՝ այս բողոքով քննություն չի իրականանում, և մենք որևէ երաշխիք չունենք, որ հաջորդ դատավորը կամ դատախազը չեն ձգձգելու գործը։ Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ Արտուշ Գաբրիելյանը կարող է քննել այս գործը»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու մեջ: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր: 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Դատախազությունը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, նույն օրը հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է:

Այժմ Հարությունյանը մեղադրվում է  ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: 

Միհրան Պողոսյանի խոսքով՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին Վահագն Հարությունյանը՝ որպես վկա կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Նույն օրը՝ ժամը 17:20-ին, Վահագն Հարությունյանի փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, որով հայտնել է, որ Հարությունյանը հուլիսի 17-ից առողջական վիճակի հետազոտությունների և բուժման նպատակով գտնվում է Մոսկվա քաղաքում և չի կարող ներկայանալ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է նշել իր կոնկրետ հասցեն: Ըստ Միհրան Պողոսյանի՝ դիմումին կից ներկայացվել են նաև Մոսկվայի բժշկական կենտրոնում բուժում ստացող  Հարությունյանի հիվանդության պատմության պատճենը:

Հոկտեմբերի 30-ին քննիչը Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու, ապա նրա նկատմամբ հետախուզում իրականացնելու որոշումներ է կայացրել: Դատարան է ներկայացվել նաև միջնորդություն՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ, և նոյեմբերի 2-ին միջնորդությունը բավարարվել է:

Ըստ Պողոսյանի՝ թեև հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ վերացրել է Հարությունյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանների որոշումները՝ նրա նկատմամբ ապօրինի հետախուզումը հայտարարման պահից առ այսօր չի դադարեցվել:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումն ակնհայտ անհիմն է և չպատճառաբանված, հետապնդում է նրա տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու նպատակ:

Միհրան Պողոսյանը նշեց, որ հետախուզում հայտարարելու որոշման մեջ քննիչը նշել է, թե «նախաքննության ընթացքում Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը չի պարզվել։ Վահագն Հարությունյանը, համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային համակարգի տվյալների, 2018 թվականի հուլիսի 17-ին մեկնել է ՀՀ տարածքից։ Մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին, նա ծանուցագրով կանչվել է հարցաքննության, սակայն որդու հայտարարության համաձայն՝ նա մեկնել է ՌԴ։ Այսինքն՝ մեղադրյալ Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը պարզ չէ և նա թաքնվում է քննությանից»:

Փաստաբանը նշեց, որ իրականում Վահագն Հարությունյանի գտնվելու տեղը նախաքննական մարմնին քաջ հայտնի էր, այս մասին նրան հայտնել էր թե՛ փաստաբանը, թե՛ անձամբ ինքը՝ Վահագն Հարությունյանը:

«Վահագն Հարությունյանը հեռախոսազանգւի միջոցով, անձամբ վարույթն իրականացնող մարմնին՝ հարցաքննության կանչած քննիչին հայտնել է, որ բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, բնակվում համապա­տաս­խան հասցեով՝ տրամադրելով իր գտնվելու վայրի կոնկրետ հասցեն և հեռախոսահամարը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը նշեց, որ հետախուզում հայտարարվում է այն պարագայում, երբ հիմնավորվել է, որ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է, և այդ փաստը հիմնավորելու կամ մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու համար վարույթն իրականացնող մարմինը իրականացրել է ողջամիտ և գործուն միջոցներ։

«Հակառակ պարագայում վարույթն իրականացնող մարմինը օժտվում է անսահմանափակ լիազորությամբ՝ ցանկացած մեղադրյալի վերաբերյալ, ով այդ պահին չի գտնվում իր աշխատասենյակում հայտարարել հետախուզում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Ըստ պաշտպանի՝ քննիչը Հարությունյանի գտնվելու վայրը պարզելու համար որևէ միջոց չի ձեռնարկել նախքան նրա նկատմամբ հետախուզում իրականացնելու որոշումը կայացնելը:

Միհրան Պողոսյանը նշեց, որ նախքան հետախուզում հայտարարելը  վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր որևէ կերպ հերքել Հարութ­յունյանի՝ բուժման մեջ առհասարակ չգտնվելու կամ գոնե առողջական վիճակը ար­հեստա­կանորեն ծանրացնելու հանգամանքը, որից հետո միայն հանգեր հետևության, որ նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից:

Տվյալ պարագայում, ըստ փաստաբանի, Հարությունյանի փաստարկները որևէ կերպ չեն քննարկվել, հերքվել, ինչը, որպես չփա­րատված կասկած, չի կարող մեկնաբանվել և օգտագործվել ի վնաս նրա:

Պաշտպանն ընդգծեց նաև, որ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը քննած դատավորը 2018 թվականի նոյեմբերի 2-ի իր որոշման մեջ նշել է, որ առկա չեն հիմքեր հետևություն անելու, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից»:

Այս և այլ փաստարկներ ներկայացնելով՝ պաշտպանը դատարանին խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզման որոշումը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն, անդրադառնալով բողոքում պաշտպան Պողոսյանի նշած հիմքերին, ասաց, որ ունենալով այն տեղեկությունները, որոնց մասին խոսեց պաշտպանը, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու:

Պետրոսյանը նշեց, որ մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու և հետախուզում կատարելու ընթացակարգերը տարբեր են,  բայց պաշտպանը բողոքում դրանք չտարանջատեց:

Դատախազը, անդրադառնալով պաշտպան Պողոսյանի հայտնած դիրքորոշմանը, թե վարույթն իրականացնող մարմինը քայլեր չի ձեռնարկել ստուգելու համար Վահագն Հարությունյանի՝ հիվանդանոցում գտնվելու, առհասարակ հիվանդ լինելու և այլ հանգամանքներ, հիշեցրեց, որ Հարությունյանը գտնվելիս չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետևության, որ Հարությունյանն իսկապես թաքնվել է:

«Շուրջ 5 ամիս քննություն է իրականացվում: Հետախուզվող  մեղադրյալը երկու անգամ լրատվամիջոցներով կարծիք է հայտնել իր վերաբերյալ կայացվող որոշումների և կատարվող քրեադատավարական ընթացակարգերի վերաբերյալ: Վերջինս երբևէ ուղիղ հարցերին չի պատասխանել, թե երբ է պատրաստվում վերադառնալ»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Ըստ գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի՝ շուրջ 5 ամիս տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ Վահագն Հարությունյանը  թաքնվում է, իսկ նրա գտնվելու վայրը պարզ չէ:

«Շուրջ 5 ամիս է,  նրան հայտնաբերելն ուղղակի անհնար է դարձել»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Անդրադառնալով պաշտպանի նշած հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը Հարությունյանի կալանավորման միջնորդության որոշման մեջ նշել է, թե «առկա չեն հիմքեր հետևության հանգելու, որ Վահագն Հարությունյանը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից»՝ Պետրոսյանը նշեց, որ այդ  դատական ակտի ստուգման ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանը ուղիղ արձանագրել է,  թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու հիմքերը: Դատական նիստն այսօր ավարտվեց, և կշարունակվի մարտի 11-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter