HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ուրիշ Կոնդ»․ Պետրոս Մալայանի գեղարվեստական յուրահատուկ ժառանգությունը

Մայրաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում տեղակայված հին թաղամասներից մեկը (Կենտրոն վարչական շրջանում միակն իր տեսակի մեջ)` պատմական Կոնդը, որ քաղաքաշինական միջամտությունից «փրկվածի» կամ «կործանվողի» դերում շարունակում է մնալ որպես խնդրահարույց հանգույց, երբեմն հայտնվում է ուշադրության կենտրոնում՝ որպես վերակառուցվելիք տարածք եւ համառորեն շարունակում է «գոյատեւել» որպես հին մայրաքաղաքի թերեւս միակ ամբողջական մաս, որը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում։

«Ինչպես վերապատմել Կոնդը» թեման տարիների ընթացքում դարձել է նկարիչների, լուսանկարիչների, տեղական եւ միջազգային թղթակիցների հետաքրքրության նյութ։ Կոնդի՝ սերնդեսերունդ փոխանցված, ձեւափոխված, ձեւախեղված տները եւ շինությունները շարունակում են հին թաղամասին «ապրելու» կերպ հաղորդել, սակայն տարիների ընթացքում Կոնդն ավելի ու ավելի է կորցնում պատմական արժեքը՝ տեղը զիջելով գոյատեւման կենսական պահանջին։

Չափազանց նեղ փողոցներով, գունազրկված դռներով ու խարխուլ պատերով իրար կպած ցածրիկ տները վկայում են ուրիշ մի ժամանակաշրջանի մասին, ուրիշ մի մայրաքաղաքի մասին, որից այսօր շատ բան ջնջվել եւ անհետացել է։

Ինձ համար Կոնդը շարունակում է երեւալ երկու տեսանկյունիցառաջինն իմ զբոսանքներն են, որոնք հարստացնում են Կոնդի մասին պատմությունների շարքս, համոզվում եմ, որ այն սերնդեսերունդ փոխանցված փոքրիկ կղզյակ է, որը հրաշքով կամ քաղաքաշինական խնդիր ձեւակերպված մնալու հետեւանքով դեռ «շնչում է», երկրորդը նկարիչ Պետրոս Մալայանի Կոնդին նվիրված ահռելի շարքն է, որից Կոնդի ուրիշ լինելու մասին ինֆորմացիա եմ ստանում։

Պետրոս Մալայանը ծնվել է Բաքվում, Արեւմտյան Հայաստանի Կարսի նահանգից գաղթած ընտանիքում։ 1945-ին ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1945-47 թվականներին սովորել Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում եւ ուսման 3-րդ տարում տեղափոխվել Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ։

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի պրոֆեսոր Պետրոս Մալայանը նախորդ դարի այն նկարիչներից է, ում ստեղծագործության բուռն ընթացքը համընկել է Երեւանի վերակառուցման եւ զարգացման թամանյանական նախագծի իրագործմանը։ 55 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչը թողել է հարուստ ժառանգություն՝ ավելի քան 300 ջրաներկեր եւ դիմապատկերներ, բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ։ Այդ ժառանգության մեջ Կոնդ թաղամասը հատուկ տեղ է զբաղեցնում։

Մալայանի որդին՝ գեղագիր Ռուբեն Մալայանը, անդրադառնալով հսկայական այդ ժառանգության կոնկրետ Կոնդը ներկայացնող աշխատանքներին, նշում է

«Հայրիկը այն նկարիչների սերնդին է պատկանում, ովքեր Հայրենական պատերազմից հետո ականատեսը եղան Երեւանի վերակառուցմանը: Հին Կոնդը այն Երեւանն էր, որին իրենք շատ լավ ծանոթ էին, դա էր նկարիչի միջավայրը, որտեղ ինքը կարող էր տեսնել ոչ ճարտարապետական, քարաշեն փոքրիկ տները, ոչ սիմետրիկ կտուրները․․․ Հայրիկը շատ էր լինում Կոնդում, ֆիքսում էր կոմպոզիցիաներ, ճեպանկարներ էր անում, մտապահում էր Կոնդի պատկերը, հետո արվեստանոցում աշխատում էր այդ կոմպոզիցիաների վրա։ Ինքդ ես տեսնում՝ ինչքան տարբեր մթնոլորտ է արտահայտում տարբեր տարիների Կոնդըմեծ մասամբ այն ներկայանում է երեւանյան կոլորիտի, ոչ ճնշող գույների մեջ՝ հագեցած, նուրբ, հաճախ այլ լուսավորությունով»։

Պետրոս Մալայանի՝ Կոնդին նվիրված մեծ շարքն այսօր հնարավորություն է տալիս պատկերացում կազմել թաղամասի մթնոլորտի, տրամադրության, պատկերային յուրահատկության մասին։ Եթե կողք կողքի շարենք մի քանի տասնամյակների ընթացքում ստեղծած Մալայանի ջրաներկերը, կտեսնենք Կոնդի ամբողջական պանորաման։

«Ես որոնում եմ ներքին ճշմարտությունը, որը վախենում է անցողիկ նորաձեւություններիցարվեստը գալիս է սրտից, կապված է հոգու հետես էմոցիոնալ մարդ եմ, ուզում եմ, որ արվեստը ճշմարիտ լինի։ Իհարկե, միջավայրն ազդում է ինձ վրա, բայց ես քամելեոն չեմ, չեմ կարող փոխել իմ գույներըչկա նորաձեւություն արվեստում»,- 1995թ. Թել Ավիվում լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նշել է Պետրոս Մալայանը։

Գունային, պատկերային, կենսագործունեության բացառիկ պատկերը մեզ երեւում է տարբեր տարիների, լույսի տարբեր անկյունների, գունային այլ ինֆորմացիայի տեսանկյունիցդա այն Կոնդն է, որը երեւացել է Մալայանին, եւ այն Կոնդը, որն ինչ-որ առումով վավերագրվել է Մալայանի ջրաներկի միջոցով։

Պետրոս Մալայանի մի շարք գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Եվրոպայի եւ Ռուսաստանի տարբեր թանգարաններում։ Մալայանի մահվանից հետո առաջին եւ դեռեւս միակ հետահայաց ցուցահանդեսը տեղի է ունեցել 2002 թվականին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։

ՀԳԿոնդը պատկերող աշխատանքների լուսանկարները տրամադրել է Ռուբեն Մալայանը։ Պետրոս Մալայանի աշխատանքները՝ այստեղ։

Մեկնաբանություններ (1)

Վեներա Շատվերյան
Իմ համար նոր նկարիչ նոր անուն։ Շնորհավորում եմ Ռուբեն Մալայանին , շնորհակալ եմ ծանոթացնելու համար։ Ինձ հետաքրքրեցին նկարները, հիշեցի կոնդը Թերլեմեզյանում սովորելու ընթացքում , ճեպանկարում էինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter